7.04.2025
Թուրքիան անցել է գործի. երբ ապագան մոտ ժամանակներում Իրանում սկսվի, այցելելու է նաև մեզ
prev Նախորդ նորություն

Հաջորդը ո՞ւմ մուտքը կարգելեն Հայաստան. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Նշել էինք, որ, մեր ունեցած տեղեկություններով, ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։ Այս տեղեկությունը ոչ միայն չէր հերքվել, այլև ընդամենը մի քանի օր անց իշխանություններն արգելել էին ռուսաստանցի հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան, որը ժամանել էր ծնողների գերեզմանին այցի: Այս հանգամանքը Ռուսաստանից շտապեցին գնահատել որպես «բացարձակապես ոչ բարեկամական քայլ պաշտոնական Երևանի կողմից»: Թե որքանով էր այս արգելքը կապված մեր նշած ցուցակի հետ, ժամանակը ցույց կտա, սակայն փաստ է, որ իշխանամերձ «արևմտյան»՝ այսպես կոչված՝ «սորոսական» շրջանակները էյֆորիայի մեջ էին Միհրանյանին Հայաստան չթողնելու փաստից:


Ավելին, «քաղհասարակության»՝ իշխանության շահերը սպասարկող մի քանի ներկայացուցիչներ և ՔՊ-ին կից որոշ մինի-կուսակցությունների ղեկավարներ այնքան են ոգևորվել, որ նույնիսկ սկսել են տարբեր անուններ շրջանառել, չի բացառվում՝ հենց վերը նշված ցուցակից: Ի մասնավորի, նրանցից մեկը երեկ հայտարարել էր, թե պետք է արգելվի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան: Կա տեսակետ, որ այսպիսով իշխանությունները համապատասխան տեղեկատվական ֆոն են ապահովում:


«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի որդին՝ Գոռ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի կողմից մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է ԱՊՀ երկրների Հակաահաբեկչական կենտրոնում ՀՀ լիազոր ներկայացուցիչ: Նշենք, որ ավելի վաղ՝ 2020 թ. հունիսից մինչև ս. թ. օգոստոս Գոռ Միրզոյանը ՌԴ-ում ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչն էր: Գոռ Միրզոյանը ԱԱԾ աշխատակից է, որը երբեք չի զբաղվել օպերատիվ աշխատանքով: Փոխարենը, ինչպես կես կատակ կես լուրջ խոսում են համակարգում, ունի ավելի կարևոր «արժանիքներ» և լուրջ ֆինանսական հնարավորություններ, ինչպես իր հայրը: Հիշեցնենք, որ նրա հայրը ՀՔԾ-ն ղեկավարել է 2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո այդ թեմայով հարցաքննվել է ։


«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին ու ազգականներին, քրքրել նրանց գործունեությունը՝ չնչին խախտումներ հայտնաբերելու դեպքում գործեր հարուցել։ Երեկ առաջին «ծիծեռնակը» որդին դարձավ՝ Հովսեփ Աղազարյանը, որն ավելի քան մեկ տարի է՝ Գեւորգ Պապոյանի ղեկավարած էկոնոմիկայի նախարարությունում էր աշխատում` գործերի կառավարման վարչությունում՝ որպես պետի խորհրդական: Հովիկ Աղազարյանին ՔՊ-ից վտարելու հաջորդ օրը Աղազարյանի որդուն նախարարը փոխանցել է՝ ճիշտ կլինի, որ հեռանա: Մեզ պատմեցին, որ չնայած մտերիմները Հովսեփ Աղազարյանին խորհուրդ են տվել դիմում չգրել, որ հետագայում դատարանում պայքարի իր խախտված իրավունքների համար, փոխհատուցում ստանա, սակայն նա նույն օրը դիմումը դրել է նախարարի սեղանին։


Ուշագրավ է, որ Պապոյանն այն ստորագրել է մոտ 10 օր անց: Ասում են՝ ՔՊ-ում շատերը դեմ են Աղազարյանի նկատմամբ ծավալված այս արշավին, բայց վախենում են խոսել այդ մասին: Ինքը` Գեւորգ Պապոյանը, հույս է ունեցել, որ գուցե ճնշումներն արդյունք տան, եւ Աղազարյանը վայր դնի մանդատը, ու ինքը ստիպված չլինի որդուն ազատել, որը նախարարությունում հայտնի է որպես բարեխիղճ պաշտոնյա։ Բայց Աղազարյանը մանդատը չի դրել, Փաշինյանն էլ իջեցրած հրահանգից չի հրաժարվել:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որին Փաշինյանը երեկ մեկշաբաթյա արձակուրդ է ուղարկել, հնարավոր է՝ չվերադառնա արձակուրդից: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը կատաղած է Մովսիսյանի վրա։ Բանն այն է, որ իր խորհրդական Արմեն Մարկոսյանին թմրանյութի կասկածանքով բերման ենթարկելուց րոպեներ անց մարզպետը հրապարակավ կասկածի տակ է դրել ոստիկանության գործողությունները՝ հայտարարելով, որ Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը լարված հարաբերություններ ունի իր խորհրդականի հետ։ Ապա ՔՊ վերնախավին վստահեցրել է, որ իր խորհրդականն անմեղ է` գլխին սարքում են:


ՆԳ նախարարը ժամեր անց ազատեց Աշտարակի ոստիկանապետին։ Սակայն երեկ մարզպետի խորհրդականին մեղադրանք առաջադրվեց` թմրամիջոց պահելու, տեղափոխելու, իրացնելու՝ ՔՕ 396-րդ հոդվածի 1-ին եւ 393-րդ հոդվածի 1-ին մասերով, որից հետո մարզպետին արձակուրդ ուղարկեցին՝ իբր քննությանը չմիջամտելու նպատակով։ Իսկ մարզի ՔՊ-ականները վերեւներին փոխանցել են, որ մարզպետն ամբողջ օրը խորհրդականի հետ է լինում, եւ պետք է Փաշինյանը նրան էլ անակնկալ ուղարկեր թմրանյութի թեստ հանձնելու, եւ բողոքել են նրանից, որ իր ազգուտակին պաշտոնների է նշանակել: Գրել էինք, որ կինն Աշտարակի մշակույթի տան տնօրենն է, եղբայրը՝ Մարտին Մովսիսյանը, «Հայփոստի» բաժանմունքի ղեկավարը, մարզպետարանում էլ կան նրա գերդաստանի անդամներ»:


«Հրապարակը» գրում է․ Նախօրեին ՔՊ վարչությունը Հակոբ Ասլանյանին հեռացրեց ՔՊ-ից, իսկ Սարիկ Մինասյանին` ընդունեց։ Ասլանյանին նիստում կանգնեցրել են «գնդակահարության պատի տակ», դավաճան հռչակել՝ դավաճան Աղազարյանին պաշտպանելու համար: Պատգամավորը փորձել է մեղայականով հանդես գալ վարչապետի առաջ, թե մեծ մարդ եմ, գուցե ինձ այնքան էլ ճիշտ չեն հասկացել, ինքը ոչ թե պաշտպանել է Աղազարյանին, այլ ընդամենը առաջարկել է տալ արտահայտվելու հնարավորություն, սակայն վարչությունը միաձայն որոշել է, որ դավաճանները տեղ չունեն ՔՊ-ում, ու հորդորել են նաեւ մանդատից հրաժարվել, քանի որ այն Փաշինյանի շնորհիվ է ստացել:


Ի դեպ, Հակոբ Ասլանյանը 2019 թ. ընտրություններում մոտ 3 հազար ձայն էր ստացել` ռեյտինգային ընտրակարգով։ Ասլանյանը պատասխանել է, որ մանդատից հրաժարվել-չհրաժարվելու մասին պետք է մտածի, նոր որոշում ընդունի, վստահեցրել է՝ մինչեւ տարեվերջ կհայտնի այդ մասին: Մեր տեղեկություններով, նա չի պատրաստվում վայր դնել մանդատը։


Ի դեպ, նիստին չի մասնակցել ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը, որի նկատմամբ, ասում են, Փաշինյանը սկսել է խորը անվստահություն տածել՝ կասկածելով, որ փորձել է Անդրանիկ Քոչարյանի հետ ՔՊ-ում ազդեցության գործոն դառնալ: Հիշեցնենք, որ Արփի Դավոյանի նախաձեռնությամբ ՔՊ-ում սկսեցին քննարկել «յուրային» կոռուպցիոներների վարքը, չնայած Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ էին ՔՊ-ում ինքնաքննադատության նիստերը նախաձեռնել: Մեր աղբյուրները վստահեցնում են նաեւ, որ նա նիստերի զեկուցողներին տակից հրահանգել է՝ ում դեմ եւ ինչ խոսել: Ապա թեման ծավալվել է, եւ սկսել են փակ նիստերի ֆորմատից դուրս քննարկել, անգամ արտահոսքեր կազմակերպել այս կամ այն կուսակցի դեմ, իսկ Փաշինյանի համոզմամբ` միայն իրեն է պատկանում այդ մենաշնորհը։ Ինքն է որոշում՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ, ում մեղադրյալի աթոռին նստեցնել, ում գնդակահարել, ում ներել: Կուսակցությունում վստահ են, որ Փաշինյանը որոշել է սանկցիաներ կիրառել եւ իրենց տեղը ցույց տալ «չափն անցած» կուսակիցներին, եւ հնարավոր է՝ մի sms էլ Արփի Դավոյանին ուղարկի։


Մյուս կողմից՝ Հովիկ Աղազարյանը բացել է ՔՊ-ի Պանդորայի արկղը. որքան էլ Փաշինյանը վախի մթնոլորտ փորձի ձեւավորել՝ ցուցադրաբար պատժելով անհնազանդ կուսակիցներին, ներսում սկսել են նրա պատժից չվախենալ: Կարծում են, որ Հովիկ Աղազարյանի պես իրենք էլ կարող են չենթարկվել Փաշինյանի հիստերիկ հրահանգներին եւ արժանանալ հանրության աջակցությանը։

Օրինակ, պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, որը չի մարսում իր մտերիմ Նարեկ Զեյնալյանին մանդատից զրկելու որոշումը, սկզբում մտածել է մանդատից ինքն էլ հրաժարվել, հետո փոշմանել է եւ հրաժարվել առողջապահության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը սա ընդունել է որպես անձնական վիրավորանք եւ մեծ հանդգնություն, ու ՔՊ-ում խոսակցություններ կան, որ հաջորդ sms-ը կարող է հենց Լուլուն ստանալ: Սակայն մտերիմները վստահեցնում են, որ Աղազարյանի եւ Ասլանյանի պես Լուլուն չի պայքարի: Ասում են` նա սկսել է «նեղ կռուգում» խոսել, որ ամենավատ երազում չէր տեսնի, որ իր երկրպագած իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այսպիսի բռնապետ կդառնա։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովրդավարության բաստիոն համարվող Հայաստանում, փաստորեն, ղեկավարներին դիմելուց առաջ պետք է մի լավ ծանրութեթեւ անել՝ արդյոք խնդրանքը կհայտնվի գործնական զրուցարաններում (chat-երում), թե ոչ։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ում հետ խմբակցության ներսում չեն շփվում եւ անգամ ոմանք չեն էլ բարեւում, ամեն մանր-մունր բան ուղարկում է ՔՊ-ի զրուցարաններ։ «Ժողովուրդ» օրաթերթի քաջատեղյակ աղբյուրները պատմում են, որ երբ Հայկ Կոնջորյանին խմբակցության անդամները ինչ-որ խնդրանքով դիմում են, օրինակ՝ ինչ խոսել հարցազրույցի ժամանակ, գնալ, թե չգնալ ինչ-որ պատվիրակության հետ գործուղման, կամ հրավերն ընդունել, թե ոչ, Կոնջորյանը, առանց այս ու այն կողմ ընկնելու, խնդրանքը եւ/կամ հարցը անմիջապես ուղարկում է ՔՊ-ի զրուցարան՝ հայտնելով, թե «այս» պատգամավորը ինձ «այսպիսի» հարցով է դիմել։ Այս ամենից էլ կարելի է եզրակացնել, որ Հայկ Կոնջորյանը, ով խմբակցության ղեկավարն է, չի տիրապետում գործընկերների հետ անգամ վարվեցողության տարրական կանոններին, չի կարողանում փոխհարաբերվել, կոնֆիդենցիալություն պահել չգիտի, ու դեռ խոսում է արտահոսքերի անթույլատրելիության մասին:


Նրա այս պահվածքը, իհարկե, ՔՊ-ականների շրջանում տարակուսանք է առաջացնում, թե ինչո՞ւ է նա «ամեն մանրուք գցում ՔՊ չաթ»: Պատճառը թերեւս այն է, որ ՔՊ խմբակցության ղեկավարը, մինչ իր այդ պաշտոնին լինելը, չնայած երիտասարդ տարիքին՝ 3 տարբեր կուսակցությունների անդամ է եղել, եւ գուցե այս պատճառով էլ թիմում վերջինիս անվստահելի են համարում։ Հայկ Կոնջորյանը եղել է «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «Ելք» դաշինքի անդամ։ Այս ամենից եւս մեկ անգամ կարող ենք ենթադրել, որ 3 կուսակցություն փոխած ՔՊ-ականին չեն կարող թիմի ներսում վստահել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպոլում ՀՀ կապի ներկայացուցիչ (կապի սպա) ունենալու համար, պարզվում է՝ պետբյուջեից տարեկան 150 հազար եվրո է հատկացվելու, իսկ առաջին տարում՝ նաեւ լրացուցիչ մոտ 46 հազար եվրոյին համարժեք դրամ (ավտոմեքենա, կահույք, տեխնիկա, դեպոզիտ եւ միջնորդավճար)։ Եվրոպական ոստիկանության՝ Եվրոպոլի գործադիր տնօրենը եւ ՀՀ ՆԳ նախարարը դեռեւս ապրիլին ստորագրել են «ՀՀ ՆԳՆ եւ ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագիրը, համաձայն որի՝ կապի սպայի միջոցով հնարավորություն է ստեղծվում անմիջական կապ հաստատել ինչպես Եվրոպոլի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ: ՆԳՆ-ն ակնկալում է, որ նշանակումը կապահովի տեղեկատվության արագ եւ անվտանգ փոխանակումը, ինչպես նաեւ՝ Եվրոպոլի եւ դրա հետ համագործակցող երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացումը: Համաձայնագրով՝ կապի ներկայացուցիչը կգործի Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019 թվականին հետհեղափոխական Հայաստանում ստեղծվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որը «ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք եւ համալիր խորհրդատվության եւ աջակցության միջոցով պետք է նպաստեր ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու եւ իրագործելու միջոցով՝ Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը եւ գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման եւ գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման եւ կատարելագործման գործընթացին»: Իսկ ինչ արեց այդ կառույցը. «ձախողվեց», ինչպես խոստովանել է հենց ինքը՝ հիմնադիր Նիկոլ Փաշինյանը:


«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի պատճառով պետությունը ոչ թե տասնյակ միլիոններ է կորցրել, այլ, ընդհանուր հաշվարկով, վնասը հասնում է 25 միլիարդ դրամի կամ մոտ 63 մլն դոլարի: 2019 թվականին, երբ ձեւավորվեց ԱՆԻՖ-ը, ոչ ոք չէր մտածի, որ այն կարող էր դառնալ ժամանակի կոռուպցիոն գործարքների որջը։ «Ժողովուրդ» օրաթերթը, ԱՆԻՖ-ի հաշվետվությունները ուսումնասիրելով, բացահայտեց, որ պետությանը ներդրումներ ապահովելու կոչված մարմնի համար 2019-2023 թվականներին ավելի քան 6 մլրդ ՀՀ դրամ է ծախսվել՝ պետբյուջեից ԱՆԻՖ-ի աշխատակիցների աշխատավարձեր, դրան հավասարեցված վճարումներ, հարկեր: Բացի դրանից, ՀՀ Կառավարության որոշմամբ ներդրվել է գրեթե 5 մլրդ ՀՀ դրամ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ հիմնված ազգային ավիափոխադրող «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի («Ֆլայ Արնա») բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։ Այսինքն՝ 2 նախագծերի համար ընդհանուր բյուջեից ծախսվել է ավելի քան 11 մլրդ ՀՀ դրամ։


2022 թվականի հաշվետվության համաձայն՝ աշխատավարձերի ֆոնդը 1.3 մլրդ դրամ է եղել, որտեղ հիմնականում աշխատել են ուժային կառույցների աշխատակիցների բարեկամները՝ աստղաբաշխական աշխատավարձերով:


Շարունակենք շարքը.


«Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» դուստր ՓԲԸ-ի ներքո գործող Hard Rock Cafe Yerevan-ի, «Այգ-1»-ի, «Գլոբալ քոնեքթ»-ի, «Էկո ֆրեշ մաշրումս»-ի, «Սերմից ֆերմա»-ի ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացվել է 10 մլրդ դրամ՝ գրեթե 25 հազար ԱՄՆ դոլար։


Եթե վերջնականացնենք այս խոշոր հաշվարկը, գումարենք ԱՆԻՖ-ի լուծարման համար հատկացված 1,7 միլիարդ դրամը, «Ֆլայ Արնա» ավիաընկերության եւ ԱՆԻՖ-ի վարչական ծախսերի համար հատկացված 11 մլրդ դրամը, «Ձեռնարկատեր + պետություն» ՓԲԸ-ի կողմից ղեկավարվող ծրագրերի համար հատկացված 10 մլրդ դրամը եւ պետական գնումների կայքում առկա ծախսերի ֆինանսական հաշվետվությունների մնացորդները (2023-ի հաշվետվությունը չկա), ապա կստացվի, որ մի կլորիկ գումար՝ մոտ 25 մլրդ դրամ՝ գրեթե 63 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսվել պետության կողմից, բայց գրեթե բոլոր ծրագրերը ձախողվել են:


Հիշեցնենք, որ ընկերության լուծարման գործըթնացը մեկնարկել էր այս տարվա գարնանը, եւ նույնիսկ լուծարման համար ՀՀ Կառավարությունը պետբյուջեից 1,7 միլիարդ դրամ ուղղեց՝ վարկերի մարման, աշխատակիցների վերջնահաշվարկի ու այլնի համար:


Խոսելով իր իշխանության ամենամեծ թալանի մասին եւ պատասխանելով հարցին, թե ովքեր են պատասխանատու (ԱՆԻՖ-ի) լուծարման համար, Նիկոլ Փաշինյանը այս տարվա օգոստոսի 31-ին տված իր ասուլիսի ժամանակ այսպիսի պատասխան հնչեցրեց.
«Պետք է ստանանք պատասխաններ ԱՆԻՖ-ի լուծարման վերաբերյալ։ Այդ գործընթացն այնքան էլ աննկատ չի եղել, այդտեղ կան ձախողումներ, այդ ձախողումների առիթով կան ուսումնասիրություններ, շարունակվում են ուսումնասիրությունները։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում, ես հուսով եմ, որ մենք կստանանք պատասխաններ։ Եթե ձախողված պրոյեկտներից խոսենք, կարող ենք էլի պրոյեկտներից խոսել, յուրաքանչյուր երկրում պարտադիր կան ձախողված պրոյեկտներ»:


Այսինքն՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է խոստովանում, որ այս նախագիծը ձախողվել է, սակայն քողարկված է մնում՝ կոնկրետ ով, ինչպես տապալեց ծրագրերը եւ մսխեց պետության եւ հերոս հարկատուների կողմից հավաքագրված պետբյուջեի գումարները: Հիշեցնենք, որ Երեւանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր, միաժամանակ 2018-2021 թթ. նա ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ.՝ Երեւանի փոխքաղաքապետը։


Տեղեկացնենք, որ այս մասով քրեական վարույթ է հարուցվել տարբեր դիմումների հիմքերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ 3-րդ մասի 3-րդ կետով՝ (վստահված գույքը հափշտակելը` առանձնապես խոշոր չափերով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ՀՀ կամ այլ պետության առեւտրային կամ այլ կազմակերպության աշխատողի կողմից լիազորությունները ի վնաս այդ կազմակերպությանն օգտագործելը, ինչի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)։ Քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են մի շարք ապացուցողական գործողություններ, սակայն այս ամենի համար որեւէ մեկը մինչ օրս չի մեղադրվել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ. գնդակը արդեն ՀՀ Ազգային ժողովի դաշտում է: Արտախորհրդարանական եվրոպամետ ուժերը նախորդ շաբաթ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը» մուտք են արել խորհրդարան: Նախագիծը ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովում է, 1 ամիս քննարկումներից հետո՝ այն 2025 թվականին կմտնի ԱԺ օրակարգ: Թե ինչ որոշում ունի քաղաքական մեծամասնությունը ԵՄ անդամակցության վերաբերյալ, հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհստակեցրեց: Նա ասաց, որ աշխատանքային քննարկումներ են ընթանում, խմբակցության մակարդակով վերջնական որոշում դեռ չունեն: «Հայաստանի Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ ասաց՝ չգտի, թե իշխող ուժը ինչ որոշում կկայացնի նախագծի մասով. «Իշխանություններից բարձր մակարդակով ազդակ է եկել, որ պատրաստ են քննարկել նախագիծը, Ալեն Սիմոնյանն էլ էր ասել՝ թող ներկայացնեն նախագիծը, կքննարկենք, բայց թե ինչ որոշում կկայացնեն, չենք կարող ասել»։


Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը սեպտեմբերի 16-ից մեկնարկել էր ԵՄ հանրաքվեի հարցով ստորագրահավաքը։ Նախաձեռնող խումբը պետք է հավաքեր 50 հազար ստորագրություն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցը մտներ ԱԺ օրակարգ։ Սեպտեմբերի 16-ից մինչեւ նոյեմբերի 14-ը նախաձեռնությունը 60 հազար ստորագրություն էր հավաքել, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում վավերացրել էր ԵՄ-ին միանալու 52 351 ստորագրությունը։ Եթե Ազգային ժողովը նախագիծը մերժի, նախաձեռնության անդամները պետք է 300 հազար ստորագրություն հավաքեն, որից հետո հարցը կդրվի հանրաքվեի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կապանցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին անհանգստացնում է ՔՊ իշխանության ներսի կոռուպցիան. նա կուսակցության ակտիվի նիստում Սյունիքի մարզում կատարվողի մասին հանդես է եկել զեկույցով: «Մեզ պատերազմում կրած պարտությունը ներել է մեր ժողովուրդը, մեր շատ սխալների վրա աչք է փակել, ոչ պրոֆեսիոնալ քայլերի համար չի դատապարտել, բայց կուռուպցիայի համար ժողովուրդը մեզ չի ների»: Մոտավորապես այսպիսի խոսքերով է սկսել իր զեկույցը ՔՊ ակտիվի դռնփակ նիստում ԱԺ կապանցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:


Նրան շատ է մտահոգում, որ թեեւ 2022 թվականի օգոստոսին պարզ դարձավ, որ ՀՀ Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում արդեն ձեռք է բերել 21,875 տոկոս բաժնեմաս, բայց ՀՀ հպարտ քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխել դա: Պատգամավորն ասել է, որ փոխարենը հարստանում են ՔՊ-ական կամ նրանց հարող պաշտոնյաները: Նարեկ Ղահրամանյանը հնարավորինս փաստարկված հայտարարել է, որ երբ Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր բաժնետոմսերի կառավարումը հանձնեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ), Սյունիքում բոլորը տեսան, թե ինչպես նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որ շարքային աշխատակից էր, սկսեց հարստանալ իրենց աչքի առջեւ:


Նույն Բաբայանը, երբ նոր էր նշանակվել փոխմարզպետի պաշտոնում, վարում էր TOYOTA VITZ մակնիշի փոքրիկ մեքենա, այժմ նա աշխատանքի է գնում Toyota Land Cruiser 300 մակնիշի ավտոմեքենայով, որն արժե մոտ 150 հազար ԱՄՆ դոլար։ Մեքենայի համարանիշները ոչ պակաս թանկարժեք են՝ 01JO001. այն արժե գրեթե 3 մլն դրամից ավելի։ Իսկ նրա կինը Toyota Camry մակնիշի ավտոմեքենա է վարում, որի արժեքը մոտավոր 40 հազար ԱՄՆ դոլար արժե:


ՔՊ-ներսում քննարկվել է նաեւ, որ բացի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից ստացված շատ բարձր, սակայն բոլորից գաղտնի պահվող աշխատավարձից, Բաբայանը եկամուտներ է ստանում նաեւ «Նար-Ար» անվանումով ընկերությունից։ Սյունիքի մարզում կատարվող մեծ ծավալի աշխատանքները, որոնք կապված են եղել կոմբինատի ֆինանսավորման հետ, փաստացի իրականացրել է Բաբայանը իր եւ մտերիմների ընկերությունների միջոցով. օրինակ՝ նա բացել է «Նար-Ար» (Նարեկ, Արման ընկերների) անվանումով ճանապարհաշինարարական ընկերություն՝ հայտարարված մրցույթներին մասնակցելու եւ շահելու նպատակով:


Հավելենք, որ թեեւ ԱՆԻՖ-ի անփառունակ լուծարումից հետո ԶՊՄԿ-ի Կառավարության մասնաբաժնի կառավարումը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին է անցել, բայց փաստացի իրավիճակի տերը նույն Նարեկ Բաբայանն է, որը նաեւ ՔՊ կուսակցության մարզային ինտրիգների կառավարմամբ է զբաղված:


«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Բաբայանից կատարվածի մասով ստանալ հետեւյալ հարցերի պատասխանները՝


1. ճի՞շտ են այս տեղեկությունները, որ Դուք թաքցրել եք Ձեր աշխատավարձի իրական թիվը:


2. Խնդրում եմ ասել՝ ինչ կապ կա Ձեր եւ «Նար-Ար» ընկերության միջեւ:


3. Ճի՞շտ է, որ Սյունիքի մարզում կատարված աշխատանքները այս ընկերության միջոցով Ձեր միջնորդությամբ են իրականացվել։


Նարեկ Բաբայանը, մեր հարցերին ի պատասխան, ասաց հետեւյալը.


«1) Մեքենան, որը հիմա վարում եմ, ծառայողական է, իմ սեփականը չէ: Կինս սեփական մեքենա չունի, վարում է իմ մեքենան, որ Toyota Camry չէ, Raf4 է, որի շուկայական գինը 28-30.000 $ է։


2) Ես այդ կազմակերպության հետ ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո կապ չունեմ: Դուք կարող եք ինքներդ ճշտել` երբ է ստեղծվել այդ կազմակերպությունը, եւ որ թվից է աշխատում, ու ինչու է անունը այդպես:


3) Միջնորդության մասով կարող եք դիմել ՀՀ դատախազություն: Ես վստահեցնում եմ, որ ես միջնորդություններ առհասարակ չեմ անում», – նշեց Բաբայանը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոչ ոք չգիտի, թե ով է կանգնած Սիրիայի նոր իշխանությունների հետևում, բայց ես գիտեմ՝ Թուրքիան է, նա է կանգնած այս ամենի հետևում: Նրանք դա ուզում էին հազարավոր տարիներ, ստացան դա: Մարդիկ, որոնք մտան Սիրիա, վերահսկվում են Թուրքիայի կողմից», - ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: Նա Թուրքիայի սիրիական քաղաքականությունը «թշնամական կլանում» է որակել:


Սա, իհարկե, նորություն չէ, սակայն ուշագրավ է, որ այդ մասին բարձրաձայնում է ԱՄՆ նորընտիր նախագահը: Ակնհայտ է, որ Թուրքիան ձգտում է ստեղծել (վերականգնել) «նոր Օսմանյան կայսրություն» և փորձում է Մերձավոր Արևելքից դուրս մղել ՌԴ-ին և Իրանին։ Մյուս կողմից՝ Արևմուտքի և Իսրայելի շահերից է բխում Մեծ Մերձավոր Արևելքից իրանական և ռուսական ռազմաքաղաքական ազդեցության դուրսմղումը կամ նվազեցումը։


Այս թեմային նախօրեին անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ Անկարան փորձում է Սիրիան դարձնել սեփական պանթուրքական և նեոօսմանական ծրագրերի կյանքի կոչման պլացդարմ, ինչպես նաև, հենվելով Սիրիայի նոր թուրքամետ իշխանությունների վրա, չեզոքացնել Քրդական բանվորական կուսակցությունը, որի ստորաբաժանումները տեղակայված են Սիրիայի հյուսիսում. «Թուրքիան Բաշար ալ Ասադի տապալումից ստանում է աշխարհաքաղաքական դիվիդենտներ։ Նախ՝ Թուրքիայի տարածքում ապաստան գտած 4 միլիոն սիրիացի փախստականներին աստիճանաբար վերադարձնելու է Սիրիա՝ ուժեղացնելով սուննիական ազդեցությունն այդ երկրում։ Երկրորդ՝ Սիրիայում իշխանության են եկել Թուրքիային դաշնակից խմբավորումներ, ինչով Թուրքիան ապահովագրեց իր հարավային սահմանները։ Եվ ամենակարևորը՝ Անկարան չեզոքացնելու է քրդական գործոնը Սիրիայում՝ կանխելով Քրդստան պետության ստեղծումը, որը կարող էր ընդգրկել նաև Թուրքիայի արևելյան՝ քրդաբնակ շրջանները»:


Ինչ վերաբերում է ՀՀ-ին և հայկական շահերին, ապա, ըստ հեղինակների, Հալեպում և մյուս հայաբնակ քաղաքներում թուրքական և իսլամիստական ազդեցության ուժեղացումը հանգեցնելու է Սիրիայի հայ համայնքի արտագաղթին։ «Սիրիայում հայկական ներկայությունը կարևոր էր հայկական շահերի տեսանկյունից, սակայն Թուրքիան իսլամիստների ձեռքերով ամեն ինչ անելու է՝ սիրիահայերին դուրս մղելու համար։ Մերձավոր Արևելքում հայ համայնքները Հայաստանարաբական աշխարհ շփումներում կապող օղակ էին, սակայն Լիբանանում պատերազմը, Սիրիայում քաղաքացիական պատերազմն ու Ասադի տապալումը վտանգելու են հայկական համայնքների գոյությունն այդ տարածաշրջանում»,-գրում է ալիքը՝ հավելելով, որ Թուրքիայի պանթուրքական և նեոօսմանական ծրագրերն ազգային անվտանգության սպառնալիք են նաև Հայաստանի համար, քանի որ Անկարան և Բաքուն ցանկանում են ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը Մեծ Թուրանի լոգիստիկան է։


Ըստ վերլուծաբանների, Հայաստանը պետք է ամրապնդի կապերն այն երկրների հետ, որոնց համար նույնպես պանթուրքիզմն ու նեոօսմանականությունը սպառնալիք են, և միասնական ճակատ ձևավորվի Մեծ Թուրանի դեմ։

Երբ «երեսը լվալու» փոխարեն՝ լղոզում են կեղտը. Արմեն Աշոտյան
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ