22.04.2025
Գործադիրը մարզերի ծրագրերի համաֆինանսավորման համար հատկացրել է ավելի քան 3 միլիարդ դրամ
prev Նախորդ նորություն

Կառավարությունն ազատել է վեց ընկերության մաքսատուրքերից՝ 3,1 մլրդ դրամի չափով

Կառավարությունը մաքսատուրքի արտոնություններ է տրամադրել վեց ընկերության, որոնք գերակա ոլորտներում իրականացնում են ներդրումային ծրագրեր: Մաքսատուրքից ազատման ընդհանուր գումարը կկազմի շուրջ 3,1 միլիարդ դրամ՝ 35 միլիարդ դրամից ավել ընդհանուր ներդրումների ծավալով:


Ամենամեծ շահառուն «Երևանի ավտոբուս» ընկերությունն է, որը նախատեսում է ներկրել 171 նոր Zhongtong ավտոբուս՝ մայրաքաղաքի երթուղային ցանցն ընդլայնելու համար: Տրանսպորտային միջոցները կհամապատասխանեն Euro 5 բնապահպանական ստանդարտին և հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար: 6,3 մլրդ դրամ արժողությամբ ծրագիրը կստանա 945 մլն դրամի արտոնություն և աշխատատեղերի թիվը 1433-ից կհասցնի 1878-ի մինչև 2026 թվականը:


«Հայվեյզ» ավիաընկերությունը, որն արդեն 5,4 մլրդ դրամ է ներդրել բեռնափոխադրումների զարգացման մեջ, կստանա 1,5 մլրդ դրամի մաքսատուրքից ազատում՝ 12,5 մլրդ դրամ արժողությամբ օդանավերի ներկրման համար: Ընկերությունը նախատեսում է աշխատակիցների թիվը 45-ից հասցնել 65-ի՝ 800 հազար դրամ միջին աշխատավարձով:


«Ամպեր» տրանսֆորմատորների գործարանը 12 մլրդ դրամ կներդնի Կոտայքի մարզում ուժային տրանսֆորմատորների արտադրության մեջ՝ ստանալով 589,6 մլն դրամի արտոնություն: Ձեռնարկությունը մինչև 2027 թվականը կստեղծի 20 նոր աշխատատեղ:


«Յունիքո» ընկերությունը Արմավիրի մարզում կկառուցի 3 ՄՎտ հզորությամբ արևային կայան՝ տարեկան 5,623 մլն կՎտժ արտադրողականությամբ: 460 մլն դրամ արժողությամբ ծրագիրը կստանա 5,2 մլն դրամի արտոնություն: Քարակերտի քարաձուլման գործարանը 4,2 մլրդ դրամ կներդնի ամրանների արտադրության մեջ՝ ստեղծելով 24 աշխատատեղ, իսկ «ԷԿՈ ՊԱԿ»-ը 33,4 մլն դրամ կներդնի փաթեթավորման նյութերի արտադրության մեջ՝ ստեղծելով երկու նոր աշխատատեղ:

Գործադիրը միջոցներ է հատկացրել սպորտի զարգացման և Արցախի ուսանողների աջակցության համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան