Հայաստանը հանձնառու է ԵՄ գործընկերների հետ քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու մեր հարաբերությունների իրավական նոր հիմքը, որը մի կողմից կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ բանակցությունների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի այլ ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից բխող հանձնառությունների հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ մայիսի 22-ին Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:
Միաժամանակ, Հայաստանը, ըստ
Սերժ Սարգսյանի, կարևորում է յուրաքանչյուր երկրի նկատմամբ, ընդհանուր արժեքների առանցքի շուրջ իրականացվող բարեփոխումներում արձանագրած առաջընթացի հիման վրա, տարբերակված մոտեցման կիրառումը և «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի վերահաստատումը: Մենք առավել քան համոզված ենք, որ պետք է լինի բոլոր գործընկերների հավատարմությունն ընդհանուր արժեքներին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: "Հայաստանի Հանրապետությունը հենց այդ ճանապարհով է շարունակելու աշխատել", - եզրափակել է նա:
Գագաթնաժողովի ավարտից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարար
Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ընդունված հռչակագրում խոսվում է այն մասին, որ Եվրամիության հետ դեռ նոյեմբեր ամսին սկսած խորհրդատվությունները մոտեցան իրենց ավարտին և շուտով կսկսվեն բանակցություններ: Ըստ Նալբանդյանի՝ ընթանում էին խորհրդակցություններ, քանի որ Եվրոպական միության բանակցող թիմը չուներ մանդատ:
"Եվ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մոտակա ժամանակ Եվրոմիության խորհուրդը կվերահաստատի կամ կհաստատի այդ մանդատը բանակցող թիմի համար, և դրանից հետո մենք կսկսենք բանակցություններ՝ մշակելու համար նոր իրավական փաստաթուղթ՝ մեր հարաբերությունների հետագա ընդլայնման, խորացման և զարգացման", - հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Բացի դրանից, նշեց նախարարը, Հռչակագրում նշվեց ևս մեկ կարևոր ուղղություն՝ դա շարժունակության բնագավառն է: Մենք կարևորություն ենք տալիս այդ ուղղությանը, և արդեն Հռչակագրում նշվեց, որ մոտակա ժամանակ կսկսվի վիզային ռեժիմի վերաբերյալ երկխոսությունը:
"Ինչի մասին է խոսքը գնում՝ խոսքը գնում է նրա մասին, որ ռեադմիսիայի, այսինքն՝ հետընդունման և նաև վիզային ռեժիմի դյուրացման այդ համաձայնագրերը, որոնք կնքվել էին Եվրոմիության հետ և որոնք ուժի մեջ մտան հունվար ամսին 2014 թվականի, դրանք ճանապարհ բացեցին, որպեսզի նոր գործընթաց մեկնարկի, նոր գործընթաց, որը տանելու է դեպի վիզային ռեժիմի, արտոնագրային ռեժիմի ազատականացում: Խոսքը գնում է հենց նրա մասին, որ Հայաստանի քաղաքացիները ազատված կլինեն Եվրոմիություն վիզաների և արտոնագրերի պահանջից", - պարզաբանեց նա:
ԵՄ-Հայաստան բանակցությունների վերսկսման կարևորության մասին ավելի վաղ
խոսել էր նաև ԵՄ-ի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Խանը: «Սակայն դրա համար անհրաժեշտ է ստանալ Եվրոպական խորհրդարանի մանդատը: Մենք արդեն դիմել ենք այդ մանդատը ստանալու համար, սակայն դեռևս այն չենք ստացել», - նշել էր Խանը:
VERELQ-ի աղբյուրները Հայաստանի կառավարությունում նշում են ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր իրավական հիմքը ձևավորվելու է մինչ այդ համաձայնեցված Ասոցիացիայի համաձայնագրի տեքստի վրա, որը չէր ստրորագրվել 2013թ.-ի Վիլնյուսի գագաթաժողովի արդյունքում: Նոր համաձայնագիրն իր մեջ ներառելու է ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական բաղադրիչ:
«Դա կլինի ասոցիացիայի համաձայնագիրի լայթ տեսակը: Նրա մեջ ներառվելու են տվյալ համաձայնագրի քաղաքական, տնտեսական բաղադրիչները, բացի մաքսային կարգավորման հարցերից, ինչը կհակասեր ՀՀ-ի ԵԱՏՄ-ի անդամակցությանը: Այսինքն՝ նոր փաստաթղթում կլինի այն ամենը, ինչը նախատեսված էր ԵՄ-ի հետ Ասոցիացիայի համաձայնագրով, բացի մաքսային կարգավորումներից, ինչը Մաքսային միության հիմնասյունն է», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2013թ.-ի նոյեմբերին Վիլնյուսում պետք է ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցիացիայի և Խորն ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, սակայն սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում որոշում կայացրեց Երևանի՝ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ:
Մի շարք փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքով, Արևելյան գործընկերության ծրագիրի Վիլնյուսի գագաթնաժողովը տապալվեց, քանի որ այն անդամ-պետությունների առջև դնում էր հստակ աշխարհաքաղաքական ընտրության կատարման պահանջ՝ չտրամադրելով անվտանգության ոլորտում հստակ երաշխիքներ և տնտեսական փոխհատուցում, ինչը հատկապես կարևոր էր Հայաստանի համար, որն Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական իրավիճակում և շրջափակման է ենթարկվում Թուրքիայի կողմից:
Արդյունքում, 2013թ.-ի նոյեմբերին վիլնյուսյան գագաթաժողովի ընթացքում Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիր կնքեցին Վրաստանն ու Մոլդովան: Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-22-ը կմասնակցի Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթաժողովին: