8.11.2024
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ ձևավորել հարաբերությունների իրավական նոր հիմք. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Ինչու՞ Ռիգայի գագաթաժողովը հաջողակ էր Հայաստանի համար

Չնայած Ռիգայի` Արևելյան գործընկերության 4-րդ գագաթաժողովը չի կարելի ամբողջությամբ տապալված համարել, սակայն միակ երկիրը, որը գագաթաժողովի արդյունքներով ստացավ այն, ինչ ակնկալում էր՝ Հայաստանն է: Մյուս հինգ երկրների առաջնորդները և ներկայացուցիչները Լատվիայի մայրաքաղաքից հեռացան հիասթափված:

Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի եվրոպական հեռանկարը ոչ մի քայլով առաջ չի շարժվել, բացի այդ, նրանք չկարողացան հասնել անգամ առանց վիզաների ռեժիմի սահմանմանը: Ադրբեջանն իր դժգոհությունը ցուցադրեց բացեիբաց: Այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որպես իր դժգոհություն ցուցադրություն լքեց նիստերի դահլիճը: Պատճառը նրանում է, որ Բաքուն չկարողացավ հասնել եզրափակիչ հռչակագրում ղարաբաղյան հարցի շուրջ իրեն ձեռնտու շեշտադրումներին: Փաստաթղթում միայն նշվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների շարունակման անհրաժեշտության մասին:

Երևանը, որպես Եվրասիական տնտեսական միության նոր անդամ կարող էր հայտնվել եվրոպացի պաշտոնյաների քննադատության թիրախում, քանի որ հրաժարվել էր ստորագրել արդեն պատրաստ Ասոցացման համաձայնագիրը: Սակայն դա տեղի չունեցավ: Ինչպես մինչ այդ հայտնել էր VERELQ-ը, ՀՀ ԱԳ նախարար Էդվար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ մոտակա ժամանակներս Բրյուսելի հետ կսկսվեն բանակցությունները հարաբերությունների խորացման և զարգացման շուրջ իրավական փաստաթղթի մշակման վերաբերյալ:

Անկախության ողջ շրջանում Հայաստանն իրականացնում էր կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն և Երևանի համար դրված չէր Արևելք-Արևմուտք հակամարտության հարցը: Բացի այդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հարգանքով է մոտենում Հայաստանի դիրքորոշմանը, որը ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցություններին զուգահեռ փնտրում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ տնտեսական ավելի խորը համագործակցության տարբերակներ:

Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում Հայաստանը նույնպես շահող է դուրս եկել: Չմերժելով տարածքային ամբողջականության սկզբունքը` Երևանը միշտ շեշտել է, որ այն չի կարող գերակայել ազգերի ինքնորոշման սկզբունքի նկատմամբ:

Սակայն Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը կայանում է նրանում, որ այսօր Արևմուտքը և Ռուսաստանը փորձում են աստիճանաբար հարթել տարաձայնությունները: Այսպես, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ Ռուսաստանը նույնպես կարող էր անդամակցել Արևելյան գործընկերության ծրագրին: Այդպիսի հեռանկար այսօր դժվար է պատկերացնել, սակայն հետագայում ոչինչ չպետք է բացառել: Չպետք է մոռանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը՝ Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն միասնական տնտեսական տարածքի վերաբերյալ:

Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում այդպիսի օրինակներն իրականություն կդառնան: Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում շարունակելու է դրան նպաստել: Երևանում կարծում են, որ հակասությունները ժամանակավոր են, իսկ ժողովուրդների և պետությունների հիմնարար շահերը՝ մշտական:
Աբդոլահիան. C-300 համալիրները Իրան կառաքվեն մոտակա ժամանակներս
Հաջորդ նորություն next