3.12.2024
Հայաստանը եռապատկում է Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը
prev Նախորդ նորություն

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Արմեն Նուրբեկյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները: Նշվել է, որ ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմման արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների եւ եկամուտների ստացման հնարավորությունները: Հնարավորություն կստեղծվի հանրության խնայողությունները լիարժեք կերպով ուղղելու տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը:


Ֆոնդերը կկարողանան որակյալ ներդրումային հնարավորությունների դեպքում ավելացնել բաժնային արժեթղթերում ներդրումների կշիռը, մասնակցել տարբեր նախագծերի ֆինանսավորմանը (միջազգային կազմակերպությունների եւ այլ հեղինակավոր գործընկերների հետ), որը լրացուցիչ դիվերսիֆիկացիա կապահովի, ինչպես նաեւ դրական ազդեցություն կունենա ֆոնդերի եկամտաբերությունների եւ ռիսկերի ցուցանիշների վրա: Մասնավորապես, Կենտրոնական բանկի հաշվարկների համաձայն՝ բաժնային արժեթղթերում ներդրումները մեծացնելու արդյունքում (25 տոկոսից 35 տոկոս) հնարավոր կլինի մեծացնել սպասվող միջին եկամտաբերությունը (օրինակ` 30 տարվա համար միջինում տարեկան հավելյալ 0.7 տոկոս): Այս ամենի արդյունքում հավանականությունը, որ ֆոնդերի ապահոված եկամտաբերությունը կլինի ավելի ցածր, քան գնաճն է, երկարաժամկետում էապես նվազում է: Իրական հատվածում, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերում ուղղակի ներդրումների արդյունքում (10 տոկոսի չափով) հնարավոր կլինի ապահովել բարձր եկամտաբերություն՝ ավելի ցածր տատանողականությամբ (օրինակ՝ 30 տարվա համար միջինում տարեկան հավելյալ 0.43 տոկոս եկամտաբերությամբ եւ 0.2 տոկոսով պակաս տատանողականությամբ):


Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին այլ տեսակի ներդրումային ֆոնդեր կառավարելու հնարավորություն տալու դեպքում ֆոնդերի կառավարիչները կկարողանան կիրառել իրենց կարողությունները՝ ստեղծելով եւ կառավարելով տարբեր տեսակի ֆոնդեր, որոնց շնորհիվ կֆինանսավորվեն տնտեսության տարբեր ոլորտներ եւ ներդրումային նախագծեր՝ էական ներդրում ունենալով տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային գործիքների ստեղծման եւ զարգացման գործում:


Նախագծի ընդունման արդյունքում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները տեղեկատվություն կարող են ստանալ միայն էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ մասնակիցների ռեեստրը վարողը հնարավորություն կունենա նվազեցնելու գործառնական ծախսերը:


Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին առաջարկել է տարեկան գոնե մեկ անգամ հանդես գալ զեկույցով, որպեսզի քաղաքացիները տեղեկանան, թե ինչ է կատարվում կուտակային ֆոնդերում: Զեկուցողը դրական է արձագանքել առաջարկին՝ նշելով, որ նախատեսվող միջոցառմանը կներգրավվեն նաեւ ֆոնդերի ներկայացուցիչները:


Արմեն Նուրբեկյանը որոշ տվյալներ է ներկայացրել ընդհանուր կուտակային ֆոնդերի եկամտաբերության վերաբերյալ: «2023 թվականին միջին եկամտաբերությունը եղել է 15,3 տոկոս, 2024 թվականի տարեսկզբից՝ 9,4 տոկոս, իսկ ստեղծման պահից՝ մոտավորապես 8 տոկոսի եկամտաբերություն կա»,- ասել է նա:


Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:


Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին: