4.12.2024
Welt. Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից հիասթափված Վրաստանը շրջվում է դեպի Ռուսաստան
prev Նախորդ նորություն

Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է առաջնահերթություն. Սերժ Սարգսյան

Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, և Երևանը հանձնառու է խորացնելու և էլ ավելի ամրապնդելու համագործակցությունը ԵՄ հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին՝ ելույթ ունենալով Ռիգայում Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, իր ելույթում Սարգսյանը շեշտել է, որ Արևելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն, նրա խոսքով, Երևանը չի համարում, որ այն իրեն սպառել է կամ այլևս անելիք չունի: «Պարզապես հարկ է առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը, նորովի շարունակել Պրահայից սկսված այս համատեղ ճամփորդությունը: Այո՛, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից: Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում ո՞րն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին և Եվրոպական միությանը, և ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու համագործակցությունը», - նշել է նա:

Սարգսյանը ողջունել է, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված «Դեպի նոր Եվրոպական հարևանության քաղաքականություն» հայեցակարգային փաստաթղթի հիմքում ընկած է գործընկեր պետությունների իրական կարիքները հաշվի առնելու և նրանց անհատականացված մոտեցում ցուցաբերելու սկզբունքը, ինչն, ըստ նախագահի, կնպաստի ԵՄ հետ համագործակցության հնարավոր ուղղությունների և նոր հեռանկարների բացահայտմանը:

«Մենք համարում ենք, որ գործընկերների անդամակցությունը որևէ կառույցի չի սահմանափակում նրա համագործակցությունն այլ կառույցների հետ: Այդ պատճառով է, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը», - հայտարարել է նա:

Հայաստանի ղեկավարը խոսել է այն մասին, որ Երևանի հավասարակշռված արտքաին քաղաքական վեկտորը և ընտությունը թույլ տվեց չստեղծել նոր լարվածության օջախ եվրոպական տարածաշրջանում:

«Եվրոպայում ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայաստանն իր հավասարակշռված քաղաքականությամբ ոչ միայն չստեղծեց լրացուցիչ լարվածության օջախ եվրոպական տարածաշրջանում, այլ ընդհակառակը, կարողացավ իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության, հավասարակշռության և բազմավեկտոր համագործակցության սկզբունքների հիման վրա: Հենց այս պատկերացումներն են դրվելու առաջիկայում ԵՄ հետ նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական փաստաթղթի հիմքում, որի կապակցությամբ ակնկալում ենք Ձեր բոլորի աջակցությունը», - ասել է նա:

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին՝ Հայաստանի նախագահը ասել է, որ իրավիճակի լիարժեք կարգավորումն առանցքային նշանակություն ունի թե՛ Ուկրաինայի հետագայի համար, թե՛ միջազգային առկա լարվածության լիցքաթափման համար:

«Ես հույս ունեմ, որ այստեղ ևս կհաղթանակի հեռուն նայելու և ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու և միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը: Ցավոք, նման նշաններ ես տեսնում եմ նաև ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ, որի մի շարք կետերի շուրջ մենք չկարողացանք հասնել կոնսենսուսի: Կարծում եմ` դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ առաջին անգամ ԵԺԿ գործընկերները լիարժեք չեն ներգրավվել նախագծի մշակման փուլում», - հավելեց նա:

Խոսելով եվրոպական տարածաշրջանում համագործակցության և անվտանգության ապահովման մասին՝ նախագահն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, որը, նրա գնահատմամբ, շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: «Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների և հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը: Հակահայկական արշավը զուգորդվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, իսկ ռեժիմի ընդդիմախոսները վաղուց որակվում են որպես Հայաստանի գործակալներ», - փաստել է նա:

Սարգսյանը վստահ է, որ Բաքուն սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը, որի քայլերը նա Հայաստանի ղեկավարը անվանեց անպատասխանատու:

«Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից։ Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի: Ուստի կոչ եմ անում տուրք չտալ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնություններին և դրանով իսկ չկիսել պատասխանատվությունը տարածաշրջանում լարվածության ավելացման հարցում», - եզրափակեց նա: