4.12.2024
Լուսանկարը` hy.armradio.am
prev Նախորդ նորություն

Խորհրդարան են այցելել Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչներ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչ Դանյա Չայկելի եւ Միջազգային քրեական դատարանի կոալիցիայի փաստաբանության գծով տնօրեն Վիրջինի Ամատոյի հետ: Հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:


Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո Հայաստանում կատարված աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանվել է համապատասխան գործողությունների, միջոցառումների ծրագիր եւ ժամանակացույց: Հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ արդեն շրջանառության մեջ է դրվել «Միջազգային քրեական դատարանի հետ ՀՀ համագործակցության մասին» օրենքի նախագիծը: Քննարկվում են Քրեական, Քրեական դատավարության, Քրեակատարողական օրենսգրքերում նախատեսվող փոփոխությունները:


Հանդիպման ընթացքում քննարկվել են քննիչների, դատախազների, դատավորների, քաղհասարակության կարողությունների զարգացմանն ուղղված հարցեր: Ընդգծվել է վերապատրաստման ծրագրերի կարեւորությունն ու անհրաժեշտությունը:


Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչները խոսել են քաղհասարակության հետ օրերս անցկացրած վերապատրաստման ծրագրի եւ արդյունքների մասին:


Անդրադարձ է կատարվել Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելուն առնչվող մի շարք հարցերի: