4.12.2024
Խորհրդարան են այցելել Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչներ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ԵՆԲ-ից վարկ կստանա Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածների կառուցման համար

Լուսանկարը` gov.am
Լուսանկարը` gov.am

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը՝ «Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ծրագրի շրջանակներում։


Ծրագիրը նախատեսում է նոր 60 կմ ճանապարհահատվածի կառուցում, ներառյալ Բարգուշատի թունելը, և բաժանված է երեք մասի՝ 27.12 կմ երկարությամբ հյուսիսային հատված, 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի հատված և 24.25 կմ երկարությամբ հարավային հատված։


ԵՆԲ-ի հետ համաձայնագրի շրջանակներում կկառուցվեն ասֆալտբետոնե ծածկույթով հյուսիսային և հարավային հատվածները։ Ծրագրի իրականացումը թույլ կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի երթևեկության ժամանակը, ավելացնել միջին արագությունը ներկայիս 50 կմ/ժ-ից մինչև 100 կմ/ժ, ինչպես նաև բարձրացնել երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։


Այս ծրագիրը Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման մասշտաբային ծրագրի մասն է, որը նպատակ ունի ապահովել հարմար հաղորդակցություն Հայաստանի հարավային սահմանից մինչև Վրաստանի սահման և այնուհետև դեպի Սևծովյան նավահանգիստներ։


Այս ռազմավարական կարևոր ուղղությունը թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխան բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ և նոր հնարավորություններ կստեղծի երթուղու երկայնքով բոլոր բնակավայրերի զարգացման համար։