24.11.2024
Քոչարյան. Եռանախագահներին մնում է միայն թույլ չտալ պատերազմի վերսկսումը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ՀՀԿ-ը նոր վարչապետացու է առաջ քաշում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակը անտարբեր չի թողել ոչ ոքի: Հնչում են ամենատարբեր գնահատականներ, սկսած նրանից, որ ընտրությունը կատարվել է չվարկաբեկված և կրթված լինելու սկզբունքով, վերջացրած նրանով, որ ընտրվել են բացառապես այնպիսի մարդիկ, ովքեր տեսանելի ապագայում ինքնուրույն գործելու հայտ չեն ներկայացնելու, հետևաբար աներկբա ենթարկվելու են Սերժ Սարգսյանին:

Տասնյակում հայտնված Մարգարիտ Եսայանն այսօր շտապեց հաստատել հատկապես վերջին տեսակետը. «Մենք մեր կուսակցության ղեկավարի որոշումները չենք քննարկում, ընդունում ենք ի գիտություն: Սա կուսակցության ղեկավարի որոշումն է, և յուրաքանչյուր կուսակցական այս որոշումն ընդունում է որպես արդեն կատարված փաստ, և մենք չենք քննարկում»: Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին և նրա հետ կապված Սերժ Սարգսյանի բոլոր հնարավոր հետագա պլաններին, ապա ՊՆ նախարարը, առավել քան որևէ այլ մեկը, տեղավորվում է Մարգարիտ Եսայանի նկարագրած իրականության մեջ:

Վիգեն Սարգսյանը չի էլ թաքցնում, որ իր կարիերայի ողջ ընթացքում զբաղված է եղել միայն Սերժ Սարգսյանի որոշումները որպես փաստ ընդունելու և նրա հանձնարարությունները կատարելու գործով: Նույնը վերաբերում է առաջին եռյակի մյուս անդամներին: ՀՀԿ վերջին համագումարից առաջ գրել էինք, որ Սերժ Սարգսյանը ընտրել է իշխանությունը կուսակցության միջոցով պահպանելու տարբերակը, ինչը միանգամից երեք հնարավորություն է ընձեռում`դառնալ ԱԺ նախագահ, վարչապետ, կամ մնալ ՀՀԿ նախագահ և այդպես ղեկավարել պետությունը:

Քանի որ Սարգսյանը համամասնական ցուցակում չկա, ԱԺ նախագահի տարբերակը դուրս է գալիս: Իսկ ինչ վերաբերում է 2018 թվականից հետո ՀՀԿ նախագահ մնալով պետության դե ֆակտո ղեկավարը լինելուն, ապա կուսակցությունում տեղի ունեցող փոփոխությունները և համամասնական ցուցակը դրա հնարավորությունը լավագույնս ապահովում են: Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում այս իմաստով իհարկե իդեալական կլիներ:

Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ վերջնականապես հրաժեշտ տվեց 2018-ից հետո վարչապետ դառնալու հավակնություններին: Շարմազանովը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, Կարապետյանի ՀՀԿ համամասնական ցուցակից դուրս մնալը կապված է վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակություն ունենալ-չունենալու խնդրի հետ: Կարեն Կարապետյանին, ընդ որում, հարկ չեն էլ համարել պատշաճ պարզաբանում ներկայացնել այս հարցով: Այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ: Կարող է` կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»: Կարող է նաև Կարեն Կարապետյանը քաղցած է, կամ նրա քունն է տանում. Սերժ Սարգսյանը կիմանա:

Անկախ ամեն ինչից, եթե նա չի կարող գրանցվել որպես պատգամավորի թեկնածու, 2018-ից հետո չի կարող նաև դառնալ վարչապետ, ինչի մասին բազմիցս ասվել է»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների մեջ են։ Արփինե Հովհաննիսյանն ավելի հավանական թեկնածու է։ Հենց դա է պատճառը, որ Հովհաննիսյանը ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականում է եւ ոչ թե չորրորդ, ինչպես սովորաբար նախատեսված է առաջին կին թեկնածուների համար։ Աշոտյանն ու Հովհաննիսյանը ընտրություններից հետո գործադիրում նշանակում չեն ստանալու։ Սերժ Սարգսյանը որոշել է, որ երկուսն էլ կարեւոր առաքելություն ունեն ԱԺ-ում։ Մեր տեղեկություններով՝ երկուսն էլ համարվում են Սերժ Սարգսյանի հավատարիմներ, ուստի մնալու են ԱԺ-ում իշխանության ձեւավորման, հաստատման փուլում եւ ամենակարեւորը 2018-ի ապրիլին իշխանության անցման շրջանում»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ժամը 13:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացվի «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը։ Ուշագրավ է, որ միջոցառումը փակ է լինելու մամուլի համար։ Մեր տեղեկություններով՝ որոշվել է ցուցակի ներկայացնելուց հետո մամուլի համար միայն հաղորդագրություն տարածել»:

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր ավարտվում է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ցուցակների ներկայացման ժամկետը, և մինչև օրվա վերջ ընտրություններին մասնակցել պատրաստվող բոլոր ուժերը կհրապարակեն դրանք։ Մի մասը վերջին օրերին արդեն հրապարակել է դրանք։ Այսպիսով, հասարակությանը ներկայացվելու են հարյուրավոր հին և նոր անուններ, որոնք ընտրություններից հետո դառնալու են երկրում կարևորագույն որոշումներ կայացնողները։

Բայց որքան էլ կուսակցությունները փորձել են իրենց ցուցակներում նոր անունները ընդգրկել, կարծես թե այնքան էլ չի ստացվել։ Ու պատճառը ոչ թե մարդկանց բացակայությունն է, այլ թերևս այն, որ ապրիլին կայանալիք ընտրություններից հետո Հայաստանում իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու, այսինքն՝ լայն իմաստով շարունակվելու է այն, ինչ վերջին տարիներին։ Ապրիլյան ընտրությունները, մեծ հաշվով, դառնալու են դարձ ի շրջանս յուր, որքան էլ բոլորը ներկայացնեն նոր Հայաստանի մասին գեղեցիկ կարգախոսներ»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ծանր կացության մեջ է հայտնվել: Երբ ՀՀԿ վերնախավը որոշեց, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Արարատի մարզում ռեյտինգային ցուցակով կառաջադրվի պատգամավորության թեկնածու, բոլորին թվաց, թե այս քայլն արվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ընդդիմության ձայներն իրենցով անելու համար: Եվ երևի իրենք էլ էին այդպես մտածում: Սակայն Արարատում տարօրինակ վիճակ է ստեղծվել: Ալիկ Սարգսյանի մի քանի օրվա նախընտրական «դվիժենիաներից» հետո բոլորին պարզ դարձավ, որ Ալիկը ձայները խլում է հենց մարզպետ Արամայիսից: Նրանց շրջապատը նույնն է: Բայց մարզպետի վրա էլ է պլան դրած: Նա ինչպե՞ս է իր մարդկանց ձայներով սատարելու, երբ Ալիկն այսքան ակտիվացել է: Իշխանական գզվռտոց է լինելու»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե հիշում եք, վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում Առաջին տպարանի շենքի անփույթ և առանց նախազգուշացման պայթեցման առիթով այնքան էր զայրացել, որ խորհրդակցություն էր հրավիրել և երջանկահիշատակ Արմեն Երիցյանին հանձնարարել էր պատասխանատվության ենթարկել նախարարության համապատասխան ծառայության ղեկավարին՝ աշխատանքում թերանալու համար։ Մեր տեղեկություններով, Երիցյանը խիստ նկատողություն էր տվել Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանին և փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանին՝ Ալիկ Սերգեյիչ Սարգսյանի սանիկին։

Մեր տեղեկություններով, Երիցյանի մահից 8 օր հետո, երբ նկատողությունից մեկ ամիս էր անցել ընդամենը, Նազարյանն ու Մուշեղ Ղազարյանը կարողացել են նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի միջոցով չեղարկել գրավոր նկատողությունները։ Այդ մասին տեղեկացած վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նախարարին օրերս հանձնարարել է ճշտել, թե ով է հանել նկատողությունը և ինչու, որից հետո՝ նախօրեին, ԱԻ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը վերականգնել է նկատողության հրամանները։ Ի դեպ, նա ակտիվորեն լծվել է երիցյանական կադրերին ազատելու գործին․ մեր տեղեկություններով՝ Արսեն Արշակյանն ազատվել է փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից, որտեղ նրան նշանակել էր Երիցյանը՝ 2015-ին»: