7.12.2024
Ռազմավիրական ճանապարհը փակ է բեռնատարների համար
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ն կայացել է՝ որպես արդյունավետ ինտեգրացիոն միավորում. Գոհար Բարսեղյան

Այսօր վստահաբար կարելի է ասել, որ վերջին տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել է՝ որպես արդյունավետ ինտեգրացիոն միավորում։ Եվրասիական ինտեգրացիայի զարգացումը մշտապես ընդլայնվում և խորանում է: Այս գործընթացին նպաստում է նաև ներմիութենական օրենսդրության կատարելագործումը և անդամ պետությունների ազգային օրենսդրությունների հետագա ներդաշնակեցումը։


Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Գոհար Բարսեղյանը՝ նշելով, որ 10 տարիների ընթացքում ընդունվել են Միության  նորմատիվ և իրավական բոլոր հիմնարար փաստաթղթերը, եւ ներկայումս տարվում են աշխատանքներ ընդունված գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ։


«Եթե խոսենք «չորս ազատությունների սկզբունք»-ի մասին, ապա այսօր արդեն վստահաբար կարելի է փաստել, որ եվրասիական ինտեգրացիայի հիմքում դրված չորս ազատությունների սկզբունքը՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ապացուցել է իր արդյունավետությունը՝ առևտրային և վարչական խոչընդոտների վերացման շնորհիվ։


 Հանձնաժողովի հարթակում ակտիվ աշխատանքներ են տարվում միասնական տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման, ֆինանսական աջակցության նոր գործիքակազմի, վերազգային օրենսդրության և բազմակողմ համագործակցության ծրագրերի ներդրման ուղղությամբ»,- նշել է Բարսեղյանը։


Նախարարի խոսքով՝ ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված բոլոր ուղղություններով ինտեգրացիոն օրակարգը ընդլայնվում է՝ կրելով ինչպես աշխարհատնտեսական փոփոխությունների ազդեցությունը, այնպես էլ զարգանալով և նոր առաջարկներով հարստանալով։ 


Միության շրջանակներում հաջողությամբ զարգանում է ինտեգրացված տեղեկատվական համակարգը, մշակվել և կիրառվում են էլեկտրոնային տվյալների փոխանակման միասնական ստանդարտներ, գործում են թվային առևտրի համաձայնեցված կանոններ, ներդրվել է էլեկտրոնային նավիգացիոն կնիքների համակարգը՝ ԵԱՏՄ ապրանքների տեղափոխման համար, կիրառվում է ապրանքների թվային նշագրման համակարգը։


ԵԱՏՄ-ն միջազգային տնտեսական հարաբերությունների ճարտարապետության կարևոր բաղադրիչ է։ 2020 թվականին երկու երկիր՝ Կուբան և Ուզբեկստանը, ստացել են ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ։ Իրանի հետ ևս դիտորդի կարգավիճակ ստանալու աշխատանքները ավարտական փուլում են: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համատեղ իրականացվում է եվրասիական ինտեգրման և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության փոխկապակցում։ Բարեկամական երկխոսություն է ձևավորվում «ԲՐԻԿՍ»-ի հետ։ 


«Անցած տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ երկրների ղեկավարները ստորագրել են Միության հետագա զարգացման վերաբերյալ հռչակագիրը՝ «Եվրասիական տնտեսական ուղի»-ն, մինչև 2030 թվականը, այնուհետեւ նաև մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածների համար։ Դրանում առաջնահերթություններ են համատեղ տնտեսական տարածքի ձևավորումը, հիմնական ապրանքների, ռեսուրսների և ծառայությունների,  պարենային ապրանքների միասնական շուկայի ապահովումը և այլն։ Ներկայումս անդամ պետությունների հետ համատեղ մշակվում են հռչակագրի իրականացման կոնկրետ միջոցներ և մեխանիզմներ»,- նշել է ԵԱՏՀ նախարարը և ընդգծել, որ ԵԱՏՄ ստեղծումը եղել է ժամանակին արված անհրաժեշտ քայլ, որը բարդ իրավիճակներում օգնում է երկրներին հաղթահարել որոշակի ճգնաժամային երևույթներ։