7.12.2024
Ինչ ասել եմ՝ փաստերով հիմնավորվող են. Քյարամյանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանում շարունակում են օգտագործել քաղցկեղածին ազբեստը․ ի՞նչ կապ ունի Արամ Սարգսյանը

Քաղցկեղածին ազբեստն արգելվել է ամբողջ աշխարհում, և արդեն 69 երկիր դրա կիրառման վրա արգելք է դրել։ Փոխարենը այն շարունակում են կիրառել Հայաստանի տարբեր գերատեսչություններ: Այս մասին գրում է Հետք-ը:


66 երկրում արգելված քաղցկեղածին ազբեստը Հայաստանում ամենուր է: 

Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ազբեստի բոլոր տեսակները, այդ թվում` ամենատարածված քրիզոթիլը, որակել է քաղցկեղածին: Իսկ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունն ազբեստը մտցրել է քաղցկեղածին նյութերի ցանկի առավել վտանգավոր խմբի մեջ։


Ազբեստը մանրաթելային կառուցվածքով հրակայուն և թթվադիմացկուն հանքատեսակ է: Կիրառվում է ամենատարբեր բնագավառներում, առավել հաճախ՝ շինարարության և մեքենաշինության մեջ:


Ազբեստն առաջացնում է թոքի, շնչուղիների, ստամոքսի և ձվարանների քաղցկեղ, ինչպես նաև՝ մեզոթելիոմա, ազբեստոս (թոքերի ֆիբրոզ) և այլ հիվանդություններ: Պարզ ասած՝ ազբեստը ջերմության կամ արևի հետ շփվելիս քայքայվում է՝ ասեղիկներ է արձակում, որոնք ամրանում են շնչուղիներում, «բույն» դնում այնտեղ և քաղցկեղի առաջացման պատճառ դառնում։


Հայաստանում ազբոթիթեղների արտադրություն իրականացնում է «Կավաշեն» ՍՊԸ-ն Արարատ քաղաքում։ Ընկերության բաժենմասում 23 % մասնակցություն ունի «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Մնացյալ բաժնեմասը ընկերության տնօրեն Տարոն Պետրոսյանի հարազատների անուններով է ձևակերպված։


Արամ Սարգսյանը եվրոպական կողմնորոշմամբ հասարակական գործիչ է և իր հարցազրույցներում քարոզում է եվրոպական չափանիշներ, խոսում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության օգտին։ Այդ նույն ԵՄ-ում արգելված է ազբեստի կիրառությունը։


«Կավաշեն» ՍՊԸ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք մասնակցել է պետական գնումների և տարբեր պետական մարմինների ազբոթիթեղ վաճառել։


Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը «Կավաշեն» ՍՊԸ-ի հետ ազբոթիթեղի գնման 3 պայմանագիր է կնքել։ 2018թ․ հունիսի 1-ի պայմանագրով 4000 ազբոթիթեղ է գնել «Կավաշեն» ՍՊԸ-ից՝ վճարելով 11,4 մլն դրամ։


2019թ․ դեկտեմբերին ՊՆ-ն ընկերությունից ձեռք է բերել 1000 հատ ազբոթիթեղ՝ վճարելով 2 մլն 880 հազար դրամ։


2021թ․ փետրվարին նույն քանակով՝ 1000 հատ ազբոթիթեղ է ձեռք բերել՝ 2 մլն 890 հազար դրամ ընդհանուր արժեքով։


ՊՆ-ին խնդրեցինք պարզաբանել, թե որտեղ է օգտագործվել այդ ազբոթիթեղը։ ՊՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Տիգրան Ղարիբյանը հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ խորհրդային տարիներից ժառանգած զինավաններում առկա որոշ շենք-շինությունների տանիքները ծածկված են ազբոթիթեղներով։ «Վերոնշյալ զինավանների շենք-շինությունների տանիքները մինչև պլանով նախատեսված ժամանակահատվածում կապիտալ վերանորոգմամբ մետաղական թիթեղներով փոխարինումը, ՀՀ ՊՆ-ն ձեռք է բերել ազբոթիթեղ վերջին անգամ 2021թ․-ին»։


2022թ․-ից մինչ օրս ՊՆ-ն ազբոթիթեղ ձեռք չի բերել։


Ազբոհերձաքարի գնման 2 պայմանագիր «Կավաշեն» ՍՊԸ-ն կնքել է նաև Ազգային անվտանգության ծառայության հետ։ Առաջինը՝ 2018-ի հունիսի 4-ին։ Ընկերությունը ԱԱԾ-ին 300 ազբոթիթեղ է մատակարարել։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 885 հազար դրամ։


2022թ․-ի փետրվարին ԱԱԾ-ն 300 ազբոհերձաքարի համար վճարել է 945 հազար դրամ։


«ՀՀ ԱԱԾ-ն տարբեր տարիների ընթացքում փոքր խմբաքանակներով ձեռք է բերել ազբոթիթեղ՝ ծառայությանը պատկանող շինությունների (պահեստներ, օժանդակ շինություններ և այլն) գոյություն ունեցող ազբոթիթեղային տանիքները վերանորոգելու (վնասված մասերը փոխարինելու) համար։ ՀՀ ԱԱԾ-ն վարչական և բնակելի (զորանոցներ, սպայական տներ և այլն) շենքերի շինարարության և վերանորոգման ընթացքում ազբեստ պարունակող շինանյութ չի օգտագործում»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ԱԱԾ մամուլի կենտրոնը։


2020թ․ հոկտեմբերին 392 հատ ազբոթիթեղի ձեռքբերման պայմանագիր է կնքել նաև «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն։ Պայմանագրի արժեքը կազմել է 590 000 դրամ։


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն 100 % պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություն է, հեռահաղորդակցական բնույթի ծառայություններ է մատուցում ՀՀ ամբողջ տարածքում։


Պետական ՓԲԸ-ին են վերապահվել ՀՀ սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցը ստեղծելու, պահպանելու և շահագործելու գործառույթները:


Արամ Սարգսյանի հետ այս թեմայով զրուցել չհաջողվեց․ վերջինս չպատասխանեց հեռախոսազանգին, չարձագանքեց նաև մեր տեքստային հաղորդագրությանը։


Ազբեստյա խողովակների փոխարինման գործընթացը շարունակվում է


Հայաստանում ազբեստյա խողովակներ են կիրառվում ջրամատակարարման ոլորտում։ Խմելաջրի ազբեստե ջրագծերը Հայաստանում խորհրդային տարիներից մնացած ժառանգություն են․ կառուցվել են հիմնականում 1950-1970թթ․։


Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը սկսել է ազբեստե խողովակների փոխարինման գործընթաց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մեզ տրամադրել է այն համայնքների և բնակավայրերի ցանկը, որտեղ 2020-ից ի վեր ազբեստյա խողովակները փոխարինվել են։


Համաձայն տեղեկատվության՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մի շարք բնակավայրերում փոխարինվել է ընդհանուր 129 կմ խողովակ։


Ամասիա-3,5 կմ
Արևիկ-23,5 կմ
Արգավանդ-14,4 կմ
Գետաշեն-18 կմ
Բամբակաշատ-25 կմ
Նոր Արմավիր-17 կմ
Ջանֆիդա-10,1 կմ
Փշատավան-17,5 կմ:
Գեղարքունիքի մարզում 2021 թվականին՝ սուբվենցին ծրագրերի շրջանակներում Սարուխանի համայնքապետարանի (ներկայում՝ բնակավայր) կողմից, ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքների ժամանակ, 50 մ ազբեստյա խողովակները փոխարինվել են պողպատյա կիսախողովակներով:


Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում իրականացվել է բնակավայրը խմելու ջրով սնուցող ջրատարի ազբեստյա խողովակների փոխարինում պոլիէթիլենային խողովակներով: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին փոխարինվել է 2568 մ, իսկ 2024 թվականին նախատեսվում է փոխարինել 6000 մ ազբեստյա խողովակներ:


Վարդենիս համայնքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջոցներով 2023 թվականին 1900գծմ և 2024 թվականին 5000գծմ ազբեստից խողովակները փոխարինվել են այլ խողովակներով:


Վայոց ձոր մարզում ազբեստյա խողովակաշարով խմելու ջրի մատակարարում չի իրականացվում։ Ոռոգման ցանցում գույքագրվել է ազբեստյա խողովակաշարով 11,5 կմ ընդհանուր երկարությամբ ջրագիծ, որը կառուցվել է 1965-1970-ական թվականներին և գործում է մինչև հիմա: Արենի համայնքում 2022-2024թթ. ընթացքում կառուցվել է 1.2 կմ ազբեստից ոռոգման ջրագիծ, որը փոխարինվել է մետաղական տարբեր տրամաչափերի խողովակաշարերով:


Չնայած 2018թ․ Սյունիքի մարզպետարանը մեզ հայտնել էր, որ Սյունիքի մարզում խմելու և ոռոգման ջրամատակարարումն իրականացվում է մետաղական և պլաստմասսայե խողովակներով՝ պարզվում է, որ դա այնքան էլ իրականությունը չէր արտացոլում։ Այս անգամ ՏԿԵՆ-ն նշել է, որ 2022-2023թթ․ ընթացքում Մեղրի համայնքում 3,2 կմ ոռոգման ազբեստյա խողովակներ փոխարինվել են պոլիէթիլենային խողովակներով: Բնակիչների կողմից ոռոգման ջրի ազբեստյա խողովակները՝ մոտ 7,6 կմ, փոխարինվել են մետաղական կամ պոլիէթիլենային խողովակներով:


Սիսիան համայնքում 4 կմ փոխվել է ՋՕ-ի միջոցներով։


Տաթև համայնքի միջոցներով փոխվել է 150գծմ ազբեստյա խողովակ։


Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում 2022 թվականից հետո համայնքի միջոցներով փոխարինվել է 500 մետր խմելու ջրի ազբեստյա խողովակաշար։


Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում ներկայում առկա է 500 մետր խմելու ջրի ազբեստյա խողովակաշար, որը նախատեսում են փոխարինել հնարավորինս սեղմ ժամկետներում։


Թալին համայնքում առկա է 6 կմ ազբեստյա խողովակաշար, որի 4 կմ-ը փոխարինվելու է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։


Լոռու մարզի միայն Տաշիր համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում է համայնքային միջոցներով իրականացվել 200 մ ազբոցեմենտե խողովակաշարի փոխարինում։


«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարինա Շահինյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Վարդենիսում 2024թ․ ՊԿԱԾ-ի շրջանակներում իրականացվում են ջրագծերի վերակառուցման աշխատանքներ, որի արդյունքում շահագործումից կհանվեն մոտ 4000 գծմ ազբեստե խողովակներ, իսկ 2023թ․ին՝ սեփական ուժերով ծրագրի շրջանակներում 2000 գծմ ազբեստե խողովակները փոխարինվել են պոլիէթիլենային խողովակով։


Սպանդարյանում 1,85 կմ երկարությամբ ազբեստե ջրի խողովակաշար ամբողջությամբ փոխարինվել է պոլիէթիլենայինով։


Թեպետ ՀՀ կառավարությունը սկսել է խողովակների փոխարինման գործընթացը, սակայն Հայաստանում դեռևս ազբեստի կիրառությունն ամբողջությամբ արգելված չէ։


Ռոտերդամի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով ՀՀ կառավարությունը 2005 թվականի մարտի 17-ին ընդունել է N293-Ն որոշումը, որով հաստատվել է Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա` ՀՀ-ում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը, ինչը ներառում է 33 քիմիական նյութ: Ցանկը 2016 թվականին վերանայվել և լրամշակվել է՝ Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորվող 11 նոր քիմիական նյութերով և թունաքիմիկատներով լրացնելու նպատակով:


Կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ին ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 293-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N930-Ն որոշման մեջ ներառված են նաև ազբեստի տեսակները՝ ակտինոլիտ, անտոֆիլիտ, ամոզիտ, կրոցիդոլիտ և տրեմոլիտ»։