Շատ նորմալ եմ վերաբերում։ Եթե քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր եղել են, ապա որևէ կերպ չեմ կարող գնահատական տալ՝ գործընկեր նախաքննական մարմնի կողմից հարուցված քրեական վարույթին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Հովիկ Աղազարյանի հետ միջադեպի ժամանակ իր կողմից արված հայտարարություններին, գրում է Փաստինֆո-ն:
«Ինձ հարցաքննության չեն կանչել։ Գոյություն ունի նախաձեռնված քրեական վարույթ՝ նախաքննական մարմնում և այս առումով որևէ այլ մեկնաբանություն տալը՝ ոչ իրավական հիմք կա, ոչ կոռեկտ է։ Ինչ ասել եմ՝ փաստերով հիմնավորվող բաներ են, սակայն գոյություն ունի նախաքննական մարմնի վարույթում գտնվող առկա գործ»,- ասաց Քյարամյանը՝ հրաժարվելով անուններ տալուց։
Հարցին՝ պաշտոնյաներն են զանգել, ինչու հաղորդում չի ներկայացրել նախկինում, Քյարամյանը պատասխանեց․ «Բացարձակ կոռեկտ չէ։ Ոչ բոլոր միջամտություններն են, որոնք հանցավոր կարող են համարվել, ես դա չեմ համարել հանցագործություն»։ Հարցին՝ ինչու բարձրաձայնեց այդ դեպքում, Քյարամյանը պատասխանեց՝ ոչ միայն հանցագործություններն են բացահայտվում, այլև՝ երևույթները։
Նրա խոսքով՝ Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառնալու իմաստ չի տեսնում։
«Ափսոսանք եմ հայտնում Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար, հատկապես որ դա նաև ինձ է վերաբերել»,- ասաց նա։
Հարցին, թե այդ թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցություն ունեցե՞լ է, ՔԿ նախագահը պատասխանեց. «Ո՛չ»։
Նա նաև ասաց, թե պատրաստ է ներողություն խնդրել հանրությունից, եթե իր ցանկացած գործողության մեջ հանրությունը խնդիր տեսնի։
«Դա ինձ համար բացարձակ խնդիր չէ, իհարկե հանրությունից պատրաստ եմ ներողություն խնդրել։ Դա բավականին հաճելի իրավիճակ է»։