Ի՞նչ կլինի սահմանազատման գործընթացի հետ Բաքվի կողմից հերթական ագրեսիայի դեպքում
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի քննարկումն այսօր տեղի ունեցավ ընդդիմության բոյկոտի պայմաններում։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մինչ քննարկումների մեկնարկը լքեցին լիագումար նիստերի դահլիճը։
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատգամավորներին ներկայացրեց կանոնակարգի ստորագրմանը նախորդած և նպաստած բոլոր գործընթացները, ինչպես նաև հակիրճ ներկայացրեց կանոնակարգի բովանդակությունը։ Փոխվարչապետը պատասխանեց նաեւ պատգամավորներին հուզող հարցերին:
Փոխվարչապետը, մասնավորապես, մեկնաբանել է այն հարցը, թե ինչ քայլեր կձեռնարկվեն, եթե սահմանազատման և սահմանագծման գործընթացում ադրբեջանական կողմը գնա սահմանին իրավիճակի սրման ճանապարհով, ինչպես նաև՝ արդյոք կանոնակարգերը ուժի մեջ կմնան հավանական էսկալացիայի ավարտից հետո։
«Կանոնակարգի հիմնական խնդիրն է ապահովել վեճերի լուծումը ոչ թե ռազմական ճանապարհով, այլ այն հարթակում, որը կստեղծվի այս փաստաթղթի վավերացման դեպքում։ Նման պայմաններում շատ տարօրինակ կլինի, եթե կողմերից մեկը բռնի խնդրահարույց հարցերը ուժով լուծելու ճանապարհը։ Մեր նախորդ հանդիպումներն արդեն հիմք են տալիս պնդելու, որ խնդրահարույց հարցերը կարող են լուծվել երկու հանձնաժողովների ձևաչափով։ Սա աշխատանքային մեխանիզմ է։ Նման աշխատանքային մեխանիզմով ռազմական լուծման փորձերը ոչ միայն արդարացված չեն լինելու, այլեւ ոչ լեգիտիմ»,- ասաց փոխվարչապետը։