24.11.2024
ՌԴ–ում կարող են չեղարկել քննությունը հայ միգրանտների համար
prev Նախորդ նորություն

Մինսկում ՀՀ դեսպան. Լապշինի գործով ես արեցի այն, ինչ կարող էի

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը քննադատում է Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին, սակայն չի կարծում, որ Երևանը պետք է դիվանագիտական դեմարշ կատարի Մինսկի դեմ եւ հետ կանչի դեսպանին Բելառուսից:

«Ես գտնում եմ, որ այդ քայլը չպետք է արվեր: Լապշինին պետք է հանձնեին այն երկրին, որի քաղաքացին է ինքը: Երկրորդ՝ նրա գործողություններում ես քրեական տարր չեմ տեսնում, Արցախ այցելելու նրա արարքի մեջ քրեածին ոչինչ չկա: Այստեղ, իհարկե, ժողովրդավարության գաղափարների եւ մարդու իրավունքների որոշակի ոտնահարման մասնիկ եմ տեսնում», - ասել է armtimes.com-ի հետ զրույցում Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ սա արդեն 2-րդ խոշոր հարցն է, թե ինչպես են վերաբերում մարդուն եւ նրա արժեքներին: «Հիշում եք այն դեպքը, երբ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում մեր սպային գիշերը կացնահարեց: Այդ մարդասպանը գնահատական ստացավ որպես հերոս, նրան բնակարան եւ պարգեւներ տվեցին: Դրանով ընդամենը ցույց են տալիս այդ երկրի ժողովրդավարության աստիճանը, գնահատման կամ արժեքների չափանիշները», - ասել է նա:

Միեւնույն ժամանակ նա վստահ է, որ այս քայլից հետո Հայաստանը չպետք է խզի իր դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ: «Նման բան չի կարելի անել: Նախեւառաջ՝ Լապշինը մեր քաղաքացին չէ: Սա մեկ: Երկրորդը, Դուք հիշում եք Ռուսաստանի արտգործնախարարի եւ Իսրայելի վարչապետի պաշտպանական խոսքերն ու դիմումները, որպեսզի ռուս բլոգերին Բաքվին չարտահանձնեն: Հաճախ մեզ մեղադրում են, թե ինչու մենք քայլեր չենք անում, բայց ասեմ, որ քայլեր ձեռնարկել ենք: Ես եղել եմ Բելառուսի արտգործնախարարությունում, դիմել եմ այդ խնդրով՝ չնայած, կրկնում եմ, Լապշինը մեր քաղաքացին չէ: Այդուհանդերձ՝ մենք այդ քայլն արել ենք: Պարզապես, անտեսել են», - պատմել է դեսպանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Բելառուսի հարաբերություններին, ապա դիվանագետի խոսքով, Հայաստանը, իհարկե, հաշվի կառնի այդ հարաբերությունների մեջ համապատասխան վերաբերմունքը, սակայն երբեք «չի կարելի խզել մեր հարաբերությունները»: «Մենք պետք է կարողանանք պահել եւ պահպանել այդ հարաբերությունները: Մենք մի շարք կազմակերպություններում՝ ԱՊՀ-ից մինչեւ ՀԱՊԿ, միասին ենք եւ պիտի լինենք միասին: Նման դեպքերում ուղղակի պիտի կարողանանք դիվանագիտական ճանապարհով կամ փոխադարձ բացատրություններով կամ փոխըմբռնման ճանապարհով մեխանիզմներ մշակել», - ասել է նա:

Պատասխանելով ՀՀ-ում որոշ շրջանակների պնդումներին, թե այս միջադեպից հետո Հայաստանի դեսպանի գործունեությունը պետք է դադարեցվի եւ այն հետ կանչվի, Արմեն Խաչատրյանը նշել է, որ դրա կարիքը չկա: «Լապշինը մեր քաղաքացին չէ: Ես չեմ կարծում, որ ես ավելի զորեղ եմ, քան Լապշինի հարցը բարձրացրած Ռուսաստանի արտգործնախարարը կամ Իսրայելի վարչապետը: Իմ մասով ես արել եմ: Այսինքն՝ այն, ինչ որ պահանջվում էր, արել եմ: Այցելել եմ Բելառուսի ԱԳՆ: Եթե պետք էր մեր կարծիքը հնչեցնեի, ես դա արել եմ: Մնացածն իրենց քաղաքականությունն է», - կրկնել է նա: