23.11.2024
Բաքուն և Կիևը պայմանավորվել են սահմանափակել ապրանքների ներմուծումը Դոնբասից ու Արցախից
prev Նախորդ նորություն

Բելառուսն արտահանձնեց Ալեսանդր Լապշինին Ադրբեջան

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալության թղթակիցը, ով գտնվում է Բաքվի օդանավակայանում:

Հայտնի բլոգերն արդեն Բաքվում է, նրա տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում: Այնտեղ նրան ուղեկցել են դատախազության աշխատակիցները, ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Էլդար Սուլթանովը:

Ավելի վաղ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման շուրջ: Դատարանը փետրվարի 7-ին կայացած դռնփակ նիստում օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը:

2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ այս տարվա ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր http//puerrtto.livejournal.com կայքում ծաղրել է Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բացի այդ, բլոգերն իր այցելած 122 երկրի շարքում որպես անկախ պետություն կայքում նշել է նաեւ Արցախը: Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում):

Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվել է: Ադրբեջանական կողմը պահանջել է բլոգերին արտահանձնել Բաքու: Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարի 20-ին նրան Ադրբեջանին արտահանձնելու որոշում է կայացրել:

Լապշինի արտահանձման դեմ էին հանդես գալիս Ռուսաստանը, Իսրայելը եւ Հայաստանը, սակայն պաշտոնական եւ ոչ պաշտոնական խողովակներով ձեռնարկած քայլերն ազդեցություն չունեցան Մինսկի որոշման վրա: