22.11.2024
Իրականում ՔՊ-ն է մեր հիմնական մարտահրավերը, այլ ոչ թե Թուրքիան եւ Ադրբեջանը
prev Նախորդ նորություն

Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է․ Բագրատ արքեպիսկոպոսը կանգնած է դժվար ընտրության առաջ՝ գնա՞լ, թե՞ չգնալ մայր տաճարի վերաօծմանը, որին մասնակցելու է նաեւ ՔՊ-ի վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եթե գնա-կանգնի Փաշինյանի կողքը, իսկ մի քանի օր հետո նրանից ազատվելու կոչով փորձի համախմբել ժողովրդին, չի հասկացվի: Իսկ չգնալը կնշանակի չմասնակցել սեփական տան վերաբացմանը եւ խորացնել եկեղեցու հետ հակասությունները։ Սրբազանի շրջապատից վստահեցրին, որ այս պահին տրամադրված է չգնալ, սակայն որոշումը դեռ կարող է փոխվել։ Ի դեպ, վերաօծման արարողության ժամանակ տաճար կարող են մտնել միայն հրավիրատոմսերով: Եվ անգամ ԱԺ պատգամավորներից ոչ բոլորին են հրավիրել` միայն ղեկավար կազմին, խմբակցությունների եւ հանձնաժողովների ղեկավարներին:


«Հրապարակը» գրում է․ Մինչ ՄԱԿ ամբիոնից այլ երկրների ղեկավարները բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները, Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ու Արցախի հազարավոր խնդիրների մասին խոսելու փոխարեն, գովազդել է իր կուսակցությունն ու ասել, թե իր շնորհիվ մեր տարածաշրջանում այսօր լավատեսություն է նկատվում, եւ «ապագա կա»: «Իմ կուսակցությունն «Ապագա կա՛» կարգախոսը որդեգրեց այն պայմաններում, երբ թվում էր՝ մեր երկրում ու տարածաշրջանում լավատեսության համար ոչ մի հույս չկա: Հիմա այդպես է գլոբալ առումով: Եվ ես ուզում եմ Ապագայի գագաթնաժողովում հնչեցնել այդ համոզմունքը` ապագա կա, ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը ․․․ Պետք է սկսել լավ խոսքերից։ Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը եւ աշխատել դրա ապացուցման ուղղությամբ։ Եկեք դա անենք»,- հայտարարել է նա:


Փաշինյանի «զեմլյակ» Վահե Ղալումյանն արտառոց չի համարում, որ Փաշինյանը մեր խնդիրների փոխարեն կարգախոս է առաջ քաշել ողջ աշխարհի համար, նրա խոսքով՝ ՄԱԿ-ի հարթակն այն հարթակը չէր, որտեղ պետք է մեր խնդիրներին անդրադառնար, բայց Հայաստանն իրավական հիմք ունեցող իր պահանջներից չի հրաժարվել: ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանն էլ ասաց․ «Ֆորումի տրամաբանությունն էր այդպիսին՝ աշխարհի ապագայի մասով․ «Առհասարակ՝ երկրի ղեկավարները պետք է միշտ լավատես լինեն, իհարկե, խնդիրներ կան, բայց ժողովրդին լավատեսություն փոխանցելը շատ կարեւոր է, բոլորը չէ, որ գիտեն աշխարհաքաղաքական խնդիրների մասին, պարզ, հասարակ գյուղացի են, պետք է լավատեսություն փոխանցել»: Բայց կարող էր, չէ՞, գոնե Բաքվում պահվող պատանդների հարցը բարձրացնել։ «Ֆորմատներ կան, երբ դրանցից շեղվում ես, խոսքդ չի լսվում»,- ասաց Բագրատյանը։


«Հրապարակը» գրում է․ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի օրերը կարծես հաշված են։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցությունում երեկվանից ստորագրահավաք են սկսել՝ նրա պաշտոնանկության հարցով Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։ Կուսակցության կանոնադրության համաձայն՝ ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ, եթե 1/3-ը դիմում է ՔՊ ղեկավարին։ Այսինքն՝ 24 ստորագրություն հավաքելու դեպքում նախարարին հեռացնելու հարցը կքննարկվի, բայց վերջին խոսքը կլինի Փաշինյանինը, նա կորոշի՝ ինչ ընթացք տալ կուսակիցների դիմումին։ Երեկ կեսօրին, մեր տեղեկություններով, շուրջ մեկ տասնյակ ՔՊ-ական էր ստորագրել, ՔՊ-ում վստահ են, որ անհրաժեշտ թիվը կհավաքվի։ Մինասյանի նշանակմանը ՔՊ-ում դեմ էին հենց առաջին օրվանից, իշխանական որոշ պատգամավորներ անգամ հրապարակային դժգոհություն հայտնեցին այդ օրերին, իսկ անցած հինգշաբթի՝ կուսակցական հավաքի ժամանակ, Մինասյանի ոսկորները պարզապես փշրել են․ ով չի ալարել, ելույթ է ունեցել այն «խայտառակության» մասին, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբորը նշանակել են բարձր պաշտոնի, իսկ նա էլ իր հերթին այլ նախկինների է նշանակում բարձր պաշտոնների։ Հիշեցնենք․ խոսքը փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի մասին է, որը Քոչարյանի դստեր համակուրսեցին է եղել:


«Հրապարակը» գրում է․ 44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի զեկույցը թեեւ պատրաստ է, սակայն այն հերթական նիստերին էլ քննության չի դրվի, լավագույն դեպքում՝ ԱԺ կներկայացվի տարեվերջին կամ ավելի ուշ՝ դառնալով նախընտրական քարոզչության մաս։ Մոտ հազար էջանոց զեկույցը, մեր տեղեկություններով, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջիկայում կուղարկի ԱԺ նախագահին, ապա՝ կառավարություն, ԱԱԾ, Արտաքին հետախուզության ծառայություն, որպեսզի թույլտվություն ստանա, թե զեկույցի որ հատվածները կարելի է բաց ռեժիմով քննարկել: Դիցուք, Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը կարող է թույլ չտալ, որ հրապարակեն, թե պատերազմից առաջ արդյո՞ք պատկան մարմինն օպերատիվ տվյալներ ունեցել է մոտալուտ պատերազմի մասին եւ եթե ունեցել է` հայտնե՞լ է, թե՞ ոչ։ Գերատեսչությունների պատասխաններից հետո միայն հստակ կդառնա՝ զեկույցի որ մասը բացել, որը` փակ պահել: Մեր աղբյուրը կարծում է, որ այն ամբողջությամբ փակ է լինելու։ Ի դեպ, ասում են՝ զեկույցը գլխացավանք է դարձել Անդրանիկ Քոչարյանի գլխին, մոտ հազար էջը նա պետք է համառոտ կոնսպեկտավորի եւ որպես զեկուցող` ներկայացնի ԱԺ-ում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ արտախորհրդարանական ուժերն այս օրերին հասարակության եվրոպամետ հատվածի ստորագրություններն են որսում, որպեսզի այդ միջոցով իշխանություններից պահանջեն ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել, Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին հրահանգել է՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե չի լինելու։ Այսպիսով, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 16-ից արտախորհրդարանական եվրոպամետ մի շարք ուժեր ստորագրահավաք են անցկացնում. 50 հազար ստորագրության դեպքում նրանք համապատասխան ստորագրությունները ներկայացնելու են ԱԺ՝ պահանջելով Հայաստանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։ Նիկոլ Փաշինյանը, չնայած իր սատելիտ արտախորհրդարանական ուժերի նախաձեռնությանը, լրիվ այլ ծրագրեր ունի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչության ձեւաչափով քննարկումներից մեկի ընթացքում նա իր թիմակիցներին ասել է՝ հանրաքվե չի լինելու, իրենց օրակարգում ԵՄ անդամակցության հարց չկա եւ չի կարող լինել։


Այս տեղեկության առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՔՊԿ փոխնախագահ, վարչության անդամ Վահագն Ալեքսանյանի հետ, ով ասաց, որ վարչության նիստերը փակ են. «Երկրորդ՝ այն թեմաները, որոնք քննարկում ենք, մեր ռելիզներում հրապարակում ենք, իսկ այդ թեման ընդհանրապես չի քննարկվել եւ ռելիզներում էլ չկա»։ ՔՊԿ վարչության անդամ, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը եւս ասաց, որ վարչության նիստերի մասին տեղեկություն պաշտոնապես տրվում է, ինքը ոչինչ չունի ասելու։ Իսկ երբ նրանից հետաքրքրվեցինք՝ առհասարակ, իրենց օրակարգում կա՞ ԵՄ-ին անդամակցելու հարց, նման քննարկում կուսակցությունում ունեցե՞լ են, եթե ունեցել են, ի՞նչ ֆորմատով, նա խուսափողական պատասխան տվեց. «Խնդրում եմ, այդ մասով հարցեր մի ուղղեք, ես վարչության անդամ եմ, բայց հարկ եղած դեպքում՝ վարչության կողմից հայտարարություն տարածվում է։ Ես որեւէ մեկնաբանություն կուսակցական գործունեության մասով չեմ ուզում եմ տալ»: Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ ինքն անձնապես ի՞նչ դիրքորոշում ունի այս մասով, արդյոք իրատեսական համարո՞ւմ է ԵՄ անդամակցությունը: Պետրոսյանը կրկին խուսափեց պատասխանելուց՝ ասելով՝ «Ես դիրքորոշում չունեմ դրա վերաբերյալ հայտնելու»։


«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, ով ստորագրահավաքի նախաձեռնողներից է, «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց. «Նիկոլ Փաշինյանն էլ ինձ հետ համակարծիք կլինի, որ Հայաստանում ժողովուրդն է իշխանությունը, իսկ ժողովուրդը գիտի՝ ինչ պետք է անել, մենք էլ ժողովրդի աջակցությամբ գիտենք՝ ինչպես պետք է առաջնորդենք այս շարժումը։ Մենք, օրենքով սահմանված կարգով, 50 հազար ստորագրությունն ենք հավաքում, որից հետո կտեսնենք՝ ԱԺ-ում ինչ ընթացք կունենա, եւ ըստ այդմ կորոշենք, թե ինչպես ենք գործելու. բայց որ իշխանությունը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ ժողովուրդը, այստեղ երկու կարծիք չկա»։ Ընթացակարգի համաձայն, եթե ԱԺ-ն 50 հազար ստորագրությամբ մերժի արտախորհրդարանական ուժերի այս նախաձեռնությունը, ապա նրանք կարող ենք 300 հազար ստորագրություն հավաքել եւ կրկին նույն օրակարգով դիմել ԱԺ։ ՀՀ Սահմանադրության 204-րդ հոդվածը սահմանում է. «Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` վաթսուն օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը ընտրական իրավունք ունեցող եւս երեք հարյուր հազար քաղաքացու միանալու դեպքում նախագիծը դրվում է հանրաքվեի, եթե Սահմանադրական դատարանը նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող»:


Արման Բաբաջանյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է խորհրդարանի կողմից մերժում ստանալուց հետո՝ 300 հազար ստորագրություն հավաքելու ուղղությամբ սկսեն աշխատել. «Մենք որեւէ բան չենք բացառում, բայց այդ մասով դեռ չունենք որոշում։ Ժողովրդի ոգեւորությունը տեսնելով՝ կարծում ենք, որ 300 հազար ստորագրություն հավաքելու համար ոչ մի դժվարություն չի լինի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանում կառուցվող 35 հարկանի 5 երկնաքերերը խաթարել են Փոսի դպրոցի՝ Երեւանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցի դասապրոցեսը։ Բանն այն է, որ արդեն երկու շաբաթ է N172 հիմնական դպրոցում դասերը օնլայն են ընթանում, քանի որ «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվում է շինարարություն, որի արդյունքում դպրոցի բարձր հարկի դասարաններում երկրաշարժ է, երեխաները խուճապահար են եղել: Թե այս մասին ինչ է մտածում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հարցական է. նա նման դեպքերում անհաղորդ է: Սակայն փաստ է, որ շինարարությանը չխանգարելու համար երեխաների դասերն օնլայն են անցկացվում, ոչ թե, օրինակ, շինարարությունն է դադարեցվում պետության կողմից։ Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում երկնաքերեր կառուցողը «Ռենշին» ընկերությունն է։ Նախագծման աշխատանքները, ինչպես տեղեկանում ենք «Ռենշին» ընկերության պաշտոնական կայքից, կատարել են արտասահմանյան ընկերություններ. «Ինժեներիա՝ ARUP. ինժեներաշինարարական լուծումներում համաշխարհային առաջատարներից, ճարտարապետությունը՝ միջազգային Laguarda.low ընկերության կողմից»։


Հիշեցնենք, որ ArmLur.am-ը նախկինում գրել էր, որ «Ռենշին» քաղաքաշինական ներդրումային ընկերությունը անմիջական կապ ունի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Ինքը՝ փոխվարչապետը, խուսափում է որեւէ արձագանք տալուց, հերքելուց կամ հաստատելուց, սակայն, տեղեկություններ կան, որ Մհեր Գրիգորյանի հովանավորչությամբ է «Ռենշին» ընկերությունը հաջողություններ գրանցում կառուցապատման ոլորտում։ «Ռենշին» ՍՊԸ-ն երկու բաժնետեր ունի՝ Արայիկ Կարապետյանը եւ Էդուարդ Մարությանը. նրանք հավասարապես տիրապետում են ընկերության բաժնետոմսերին 50/50 մասնաբաժիններով։ Հավելենք, որ զինվորական հոսպիտալի նախկին շենքը, որի տարածքում էլ իրականացվում է շինարարությունը, օտարվել է 2020 թվականին, եւ գույքի գնահատված արժեքը, 2020 թվականի հուլիսի 8-ի դրությամբ, կազմում է 7 մլրդ 716 մլն ՀՀ դրամ՝ գրեթե 19 մլն ԱՄՆ դոլար։ Համաձայն 2020 թվականի կառավարության որոշման՝ գնորդը պարտավորվելու է պահպանել արժեք ներկայացնող կառույցների ճարտարապետական տեսքը` դրանք միայն վերանորոգելով ու հարդարելով։ Փոխարենը հնարավորություն է ունենալու հոսպիտալի ներկայիս գլխավոր մասնաշենքի աջ եւ ձախ հատվածամասերում մինչեւ 12 հարկանի շինություններ կառուցելու, սակայն այժմ նախագիծը ենթադրում է 35 հարկանի 5 երկնաքեր։


Արդյոք սա նորմերի խախտում չէ՝ հարցական է։ Կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախված եւ ակնհայտ արտոնություններ ունեցող այս ընկերությունը նշում է՝ նախագծի ավարտը նախատեսվում է 2026 թվականի վերջում: Ստացվում է, որ երեխաները պետք է դասերը երկու տարի անցկացնեն օնլայն, որ իշխանության «սրտի» կառուցապատողն ավարտի անթույլատրելի հարկերի քանակով շինարարությունը։ Բացի սրանից, ցավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հանդիպումներից անպակաս ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը ոչ մի կերպ չի անդրադարձել ստեղծված իրավիճակին. երեխաներից եւ ծնողներից ներողություն խնդրելու փոխարեն՝ նա մի նոր եւ տխրահռչակ օրենքի նախագիծ է մշակում։ Կարելի է արձանագրել, որ այս իշխանությունների օրոք կրթությունն անկում է ապրում, իսկ բնակարանաշինությունը` աճ։ Սա խոսում է իշխանության կողմից սերմանվող կրթական կեղծ արժեքների մասին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շարունակելով գլխավոր քարտուղարների ունեցվածքների շարքը՝ հերթը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանինն է։ Արթուր Երիցյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականին։ Նա հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ մեկ անհատական բնակելի տուն եւ մեկ բնակարան բազմաբնակարան շենքում։ Անհատական բնակելի տունը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի համայնքում, բնակելի տունը՝ Երեւանում։ Պաշտոնավարման տարիներին նա որեւէ անշարժ գույք ձեռք չի բերել։ Գլխավոր քարտուղարը հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց՝ 2019 թվականին ձեռք բերված 2011 թվականի արտադրության MITSUBISHI-ի մակնիշի մեքենա։ Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 803 եվրո, 496 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 13 մլն 466 հազար դրամ, որից 13 մլն 146 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Որպես եկամուտ Երիցյանը նաեւ ապահովագրական հատուցման վճար է ստացել՝ 320.000 դրամ «Սիլ Ինշուրանսից»։


Գլխավոր քարտուղարի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 416 հազար դրամ։ Հարկ է նշել, որ Արթուր Երիցյանի որդին՝ Գագիկ Երիցյանը, ՀՀ քաղաքացի չէ՝ համաձայն հոր ներկայացրած վերջին հայտարարագրի։ Ստացվում է, որ երեխաներին «բանակից ազատվելու» համար մեղադրող երիտիշխանության ներկայացուցիչները «նախկինների» ճանապարհով են գնում. նրանց երեխաներն արտոնյալ են ավելի՝ քան «նախկիններինը»։ Որպես ապացույց, թերեւս թվարկենք չծառայած ՔՊ-ականների մեծ ցուցակ՝ Հայկ Կոնջորյան, Դավիթ Առուշանյան, Ռուստամ Բաքոյան. նրանք չեն ծառայել անհայտ հիմքով։ Ինչպես մամուլն է գրում՝ «ԱԺ պատգմավոր Նարեկ Գրիգորյանը բանակ չի գնացել՝ բանակ չգնալու համար երակները կտրելու պատճառով»։ Պատգամավոր Կարեն Սարուխանյանը բանակում չի ծառայել հիվանդության հիմքով։ Պատգամավոր Բաբկեն Թունյանը բանակից ազատվել է հիվանդության հիմքով։ Զինծառայությունից ազատված են իշխանական Վահե Ղալումյանի երկու որդիները՝ Աշոտ եւ Վլադիմիր Ղալումյանները: Զինծառայությունից ազատված է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի կրտսեր որդին՝ Հովսեփ Աղազարյանը: Զինծառայությունից ազատված են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի երկու որդիները՝ Միսակ եւ Նարեկ Հովակիմյանները եւ այլ ՔՊ-ականներ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի նոյեմբերի 27-ին, խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ելույթ ունենալով Ալավերդի քաղաքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ի հեճուկս նախկինում կառավարության կնքած պայմանագրերի, խմելու ջուրը ՀՀ-ում չի թանկացել, թեև այս դեկտեմբերին պետք է թանկանար, բայց մինչև 2024 թվականը չի թանկանալու»: Սակայն Փաշինյանի վերոնշյալ ելույթի ժամանակ իրականում խմելու ջուրն արդեն թանկացել էր, պարզապես համաձայնություն էր ձեռք բերվել՝ թանկացումը կիրառել 2024 թվականից։ Դրա դիմաց գործադիրը համաձայնել էր նվազեցնել և հետաձգել «Վեոլիա ջրի» ներդրումային պարտավորությունները։


Այս խոստումից հետո Հայաստանում խմելու ջուրը երկու անգամ թանկացավ՝


2022թ․ հունվարի 1-ից՝ մոտ 20 դրամով


2023թ․ հունվարի 1-ից՝ 9 դրամով


2024 թվականի հունվարի 1-ից խմելու ջուրը էժանացել է 2,47 դրամով և կազմել 206 դրամ։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը, որը խոստանում էր մինչև 2024 թվականը ջուրը չթանկացնել, խաբեց, քանի որ ջուրը թանկացրել է շուրջ 30 դրամով, էժանացրել՝ 2,5 դրամով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական իշխանությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի փնտրտուքի մեջ է եւ իր «սրտի» թեկնածուին փորձում է գտնել փաստաբանական համայնքից։ Մասնավորապես, քաղաքական իշխանությունը այն փաստաբանների մեջ է փնտրում ԲԴԽ անդամի, որոնք հիմնականում դատարաններում իշխանության դեմ հայցերն են պաշտպանում: Ավելին՝ փաստաբաններից մեկի մասով ակտիվ քննարկումներ են ընթացել, բայց դեռ վերջնական որոշում չկա. իսկ ԲԴԽ գիտնական անդամի տեղը խորհրդում 2 ամիս է, ինչ դատարակ է։ Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանի լիազորությունների ժամկետն ավարտվել է բոլորովին վերջերս՝ հունիսի 25-ին՝ պաշտոնավարման հինգ տարին լրանալու հիմքով։ Եվ անցնող 5 տարիներին, քանի որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ-ում պաշտոնավարել է քաղաքական իշխանությանը չհակադրվելու, այլ ծառայություն մատուցելու սկզբունքներով, հիմա առավել մեծ հավակնություններ ունի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է դարձել։


ԲԴԽ-ն հուլիսի 10-ին դռնփակ նիստում որոշում է կայացրել՝ «Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա անձանց ցուցակը կազմելու, հաստատելու եւ ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու մասին» եզրակացությունը: Եվ ահա, այդ որոշման համաձայն, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ցուցակում են հայտնվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանը, նոտար Ատոմ Հայրապետյանը եւ ԲԴԽ նախկին անդամ, ԵՊՀ դասախոս Վիգեն Քոչարյանը»: