Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ կոչ արեց Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու կապակցությամբ մտահոգ բոլոր քաղաքացիներին այսօր ժամը 15.00-ին լինել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց՝ մեր բոլորիս կոշտ դիրքորոշումը այս ամենի մասով արտահայտելու նպատակով:
Հիշեցնենք, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր
Ալեքսանդր Լապշինին երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու: Բելառուսի Գերագույն դատարանը երեկ անփոփոխ թողեց ավելի վաղ երկրի դատախազության կողմից՝ Լապշինին ատահանձնելու կայացրած որոշումը:
«ՀԱՊԿ և ԵԱՏՄ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Բելառուսը Լապշինին արտահանձնել է Ադրբեջանին Արցախ այցելելու և Արցախի մասին դրական արտահայտվելու համար: Սա իր քաղաքական նշանակությամբ համարժեք է Հունգարիայի կողմից
Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուն»,- հայտարարեց պատգամավորը:
Բացի այդ, Փաշինյանը նշեց նաև, որ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հետ կանչի Բելառուսում Հայաստանի դեսպանին և դիվանագիտական և քաղաքական ամենակոշտ հակազդեցության միջոցները ձեռնարկի:
ՀՀԿ խմբակցության անդամ
Սամվել Ֆարմանյանը ևս հայտարարեց, որ կիսում է գործընկերների մտահոգությունները այս իրավիճակի առնչությամբ: Նրա խոսքով՝ Բելառուսի նախագահ
Ալեքսանդր Լուկաշենկոյի Բաքվում տված խոստումը՝ «отработать», ինքնին ենթադրում էր, թե ինչ է տեղի ունենալու Լապշինի հետ.
«Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ադրբեջանական իշխանությունները որևէ ո՛չ համարձակություն, ո՛չ քաղաքական նման բագաժ չունեն Լապշինին պատասխանատվության ենթարկելու և կգտնեն պատրվագը նրան արտահանձնելու ՌԴ-ին կամ Իսրայելին: Բոլորս հասկանում ենք, որ ուղերձը ուղղված է բոլոր այն մշակութային, քաղաքական գործիչներին ու լրագրողներին, որպեսզի չայցելեն Արցախ: Բայց անգամ Ստալինի նման բռնապետին չի հաջողվել իր երկրի քաղաքացիներին ստիպել մտածել այնպես, ինչպես ինքն է ցանկացել և դա վստահաբար չի հաջողվելու ո՛չ Բելառուսի նախագահին, ո՛չ էլ Իլհամ Ալիևին»,- ասաց նա:
Պատգամավորի համար, սակայն, ավելի մտահոգիչ է մեկ այլ հանգամանք. հայ հանրության աչքում ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն Բելառուսի պատճառով սկսում են արժեզրկվել և Ռուսաստանի Դաշնությունը, նրա խոսքով, այստեղ լուրջ մտածելու առիթ ունի:
ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Խոսրով Հարությունյանը ևս մտահոգված է և միացավ գործընկեր պատգամավորների հարցադրմանը.
«Ավելին՝ համոզված եմ, որ Բելառուսի քաղաքական ղեկավարության այս մոտեցումը ուղղակիորեն հարված է հասցնում ՀԱՊԿ-ին և ստվերում այն ջանքերը, որ մենք փորձում ենք իրականացնել այդ կարևոր կառույցի շրջանակներում»,- նշեց նա՝ հայտարարելով, որ կոչ է անում բոլորին մասնակցել Փաշինյանի կողմից հիշատակված բողոքի ակցիային Բելառուսի դեսպանատան դիմաց:
«Մենք չենք կարող չարձագանքել տեղի ունեցած լկտիությանն ու ցինիզմին»,- իր հերթին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար
Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս հիշեցրեց, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հնչեցրել է այս խնդրի մասին, բայց կարծում է, որ այստեղ ամենից մեծ անելիք ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե իրեն համարում է արժանապատիվ պետություն.
«Ես անգամ կողմ կլինեմ, որ այս պահին մենք սառեցնենք մեր անդամությունը ՀԱՊԿ-ում, հետ կանչվի դեսպանը, մինչև մենք կկարողանանք այս խնդրին տալ իրավական կարգավորում»,- շեշտեց Զոհրաբյանը:
Հայ-բելառուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ
Էդուարդ Շարմազանովն էլ հավելեց, որ սա խայտառակ քայլ է, որը չի բխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությունից և քայլ է և՛ Ռուսաստանի դեմ, և՛ Հայաստանի, և՛ խաղաղ կարգավորման դեմ, ինչպես նաև հերթական հարվածն է ժողովրդավարական արժեքներին .
«Որևէ ժողովրդավարական ռեժիմ նման քայլ չէր կարող անել: Սա ուղղակի խայտառակություն և կեղտոտ գործարք է»,- հնչեցրեց նա իր ղեկավարած հանձնաժողովի պաշտոնայան դիրքորոշումը:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ
հայտարարությամբ, որում նշված էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։ «Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»:
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու:
Ավելի վաղ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման շուրջ: Դատարանը փետրվարի 7-ին կայացած դռնփակ նիստում օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը:
2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ այս տարվա ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր http//puerrtto.livejournal.com կայքում ծաղրել է Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բացի այդ, բլոգերն իր այցելած 122 երկրի շարքում որպես անկախ պետություն կայքում նշել է նաեւ Արցախը: Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում):
Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվել է: Ադրբեջանական կողմը պահանջել է բլոգերին արտահանձնել Բաքու: Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարի 20-ին նրան Ադրբեջանին արտահանձնելու որոշում է կայացրել:
Լապշինի արտահանձման դեմ էին հանդես գալիս Ռուսաստանը, Իսրայելը եւ Հայաստանը, սակայն պաշտոնական եւ ոչ պաշտոնական խողովակներով ձեռնարկած քայլերն ազդեցություն չունեցան Մինսկի որոշման վրա: