VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակը» գրում է․ ՔՊ խմբակցությունն այսօր ԱԺ-ում քննարկում է «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները»։ Հրավիրվել են տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Մոտ 10 օր առաջ ՔՊ-ն նրանց կրկին կանչել էր ԱԺ՝ փակ ֆորմատով Վահե Ղալումյանի հանձնաժողովում քննարկման։ Գրել էինք, որ իշխանությունը քննարկում է ՀԷՑ-ը ռուսահպատակ Սամվել Կարապետյանից` «Տաշիր գրուպից» խլելու հարցը։ Վերջին շրջանում հաճախակի դարձած հոսանքազրկումները, հակառուսական տրամադրությունները նպաստում են այդ գործընթացին։ Նախ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում էին այդ հարցը բարձրացրել, թե ինչու պետք է ՌԴ քաղաքացին տնօրինի ՀՀ էլցանցերը, մենաշնորհ ունենա, ապա Բաղրամյանին ու Սանոսյանին էին հրավիրել: Բաղրամյանը փաստարկներ էր ներկայացրել, որից հետո թվում է՝ պետք է հարցը փակվեր: Ասել էր, որ պետության աջակցության, ՀԷՑ-ը սուբսիդավորելու անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանան փոխել մաշված ենթակառուցվածքները:
Սակայն, փաստորեն, իշխանությունը որոշել է մինչեւ վերջ գնալ․ հիմա էլ բաց քննարկում են կազմակերպել, որ ՀԷՑ-ը խլեն սեփականատիրոջից, եւ դա անում են օրենսդիր մարմնի միջոցով։ Երեկ էլ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էր լայվ մտել, թե՝ էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների մասին գրեք իմ էջում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջերս ՀՀ դատախազությունը մեծ շուքով հրապարակեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին վերաբերող 76 դրվագով քրեական վարույթի մասին: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարին մի քանի հարց է ուղարկել՝ մասնավորապես հետաքրքրվելով. «Արդյոք ուսումնասիրվել են «Հայկական ժամանակ»-ի հետ Մ. Մինասյանի փոխհարաբերությունները` մասնավորապես ինչ պայմաններից կամ դրդապատճառներից ելնելով է «Պրեսս ստենդ» ընկերությունը, որը ըստ Դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանի՝ փոխկապակցված է Միքայել Մինասյանի հետ, գնել «Հայկական ժամանակ» օրաթերթի ամբողջ տպաքանակը՝ առանց վերադարձի. իսկ մյուս թերթերի դեպքում այդպիսի պայմանագիր չի եղել: Ինչ իրական պայմանավորվածություն կամ դրդապատճառ կար այդ արտոնյալ պայմանագրի հետեւում»:
Քննչական կոմիտեն այս հարցի պատասխանը համարել է նախաքննական գաղտնիք: «Ժողովուրդ» օրաթերթի մյուս հարցին, թե «Միքայել Մինասյանը իր՝ 2020 թվականի հունիսի 20-ի «Ստի վերջը 10» «խոհանոցային» բացահայտման ժամանակ հայտարարել էր, որ ամեն ամիս ՀԺ փոխխմբագիր Հայկ Գեւորգյանի միջոցով կոնկրետ գումար է փոխանցել ՀԺ-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանին, որ նրա ընտանիքի մասին նյութ չգրվի ՀԺ-ում. արդյոք այս դրվագով քննություն իրականացվո՞ւմ է, եւ ի՞նչ նոր հանգամանքներ կան հանրային հարթակում հնչեցված աղմկալի այս բացահայտումից հետո: Չվնասելով նախաքննությունը` ակնկալում ենք հնարավորինս ընդգրկուն պատասխաններ»: Սակայն այս պարզ հարցին էլ ՀՀ քննչական կոմիտեն տվել է պատասխան, թե «հայցվող տեղեկությունները համարվում են նախաքննական գաղտնիք, որոնց տրամադրումը ներկայումս նպատակահարմար չէ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին, որպեսզի հասկանան՝ մասնակցե՞ն սեպտեմբերի 28-29-ին Մայր տաճարի Վերաօծման եւ Մյուռոնօրհնության սուրբ արարողություններին, թե՞ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթին վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ վարչապետը հրավեր ստացել է, բայց մասնակցության հարցը դեռ քննարկում են: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Փաշինյանի կառավարական կաբինետի նախարարների խոսնակներից պարզել՝ արդյոք նրանք մասնակցելու են սուրբ ծիսակատարություններին: Պարզեցինք, որ նախարարների մի մասը դեռ որոշում չունի, իսկ մյուսների խոսնակներն էլ դեռ չեն արձագանքել:
Միայն ցավակցական ու շնորհավորական ուղերձներ հղող ՀՀ նախագահի գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ սեպտեմբերը ծանրաբեռնված է. ուստի դեռ որոշում չկա մասնակցության վերաբերյալ: ՄԻՊ գրասենյակից մեզ եւս ասացին, որ ստացել են Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը մասնակցելու հրավեր, սակայն մասնակցության վերաբերյալ հորդորեցին հետեւել պաշտոնական լրահոսին: ՔՊ-ական պատգամավորներից մի մասի խոսքով՝ Մայր Աթոռից իրենք դեռեւս հրավեր չեն ստացել, իսկ ստանալու դեպքում չգիտեն՝ կգնա՞ն, թե՞ ոչ: Այսինքն՝ իշխանականներին անգամ եկեղեցական սուրբ արարողություններին մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանի թույլտվությունն է պետք. ու հիմա ամբողջ թիմով սպասում են՝ տեսնեն իրենց ղեկավարը գնալո՞ւ է, թե՞ ոչ, նոր, ըստ այդմ, որոշում կայացնեն»:
«Հրապարակը» գրում է․ Կառավարությունը երեկ չզեկուցվող նախագիծ ընդունեց, որով պետական պահպանության ծառայության պետն ու տեղակալները, որոնց պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ, իրավունք կունենան ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կրել, պահել եւ կիրառել։ «Ծառայության հատուկ բնույթով պայմանավորված տեղի ունեցող պահպանական միջոցառումներին հաճախակի անմիջապես մասնակցում են անձամբ ՊՊԾ պետը, պետի տեղակալները։ Այդ միջոցառումների ընթացքում վերջիններս, իրենց իրավասության սահմաններում, կազմակերպում եւ ղեկավարում են իրականացվող գործողությունները, անձնական օրինակով ենթակաների մոտ առաջացնում պատասխանատվության զգացում իրենց ծառայողական պարտականություններն առավել զգոն եւ բարեխղճորեն կատարելու նկատմամբ»,- հիմնավորել են այն։ Այս որոշումը բուռն քննարկումների առիթ է դարձել համակարգում, սա նշանակում է, որ Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին եւ հնարավորություն է տալիս, որ իրեն ուղեկցող ՊՊԾ պետն ու տեղակալները զենք կրեն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անահիտ Ավանեսյանը ՀՀ առողջապահության նախարար է դարձել 2021 թվականին եւ նշանակումից մեկ տարի անց դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը իշխանության եկել է «նախկինների» աջակցությամբ եւ միջամտությամբ։ Բանն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Անահիտ Ավանեսյանի մոր՝ Մարգարիտա Վարդանյանի մտերիմ ընկերուհին է։ Ավանեսյանը 90-ականներին հայտնի Դեղագիտական ասոցիացիայի նախագահ ու «Արֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն Մարգարիտա Վարդանյանի դուստրն է։ Ավանեսյանի կապերը Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական շրջանակի հետ ներկայումս, կարծես, սառեցված են, սակայն իշխանությունը նախարարի անցյալը չի մոռանում։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Անահիտ Ավանեսյանի ընտանիքին պատկանող «Ուիգմոր» բժշկական կենտրոնին ՀՀ առողջապահության նախարարությունը բացումից օրեր անց 600 միլիոն դրամ՝ գրեթե 1,5 միլիոն դոլար գումար հատկացրեց։ Հարցեր առաջացան, բայց դրանք մնացին անպատասխան, քանի որ իշխանությունն այս փաստը որպես զենք է պահում՝ Ավանեսյանի սայթաքումների դեպքում օգտագործելու համար։ Անահիտ Ավանեսյանի այս փոխանցումը ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչը դեռեւս անպատիժ է մնում»:
«Հրապարակը» գրում է․ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը տեւական քննարկումներից հետո երեկ որոշեց պահպանել «կայուն մեծամասնություն» սահմանադրական նորմը․ այն կգործի նաեւ հաջորդ ընտրության ժամանակ, չնայած Փաշինյանը ժամանակին խոստացել էր հրաժարվել դրանից։ Խորհրդի մեծամասնությունը դեմ է քվեարկել այդ դրույթից հրաժարվելու առաջարկին: Որոշել են, որ դրան կանդրադառնան 2026թ. ընտրություններից հետո` Սահմանադրությունը փոխելու ժամանակ: Հիշեցնենք․ ըստ 2015 թ․ Սահմանադրության՝ եթե ԱԺ ընտրություններում որեւէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին եւ այլ ուժերի հետ չի կարողանում կազմել կոալիցիա, ապա հաղթողը ստանում է բոնուսներ, որ մեծամասնություն կազմի: Այս դրույթը հնարավոր էր փոխել առանց հանրաքվեի՝ ԱԺ-ի միջոցով։ Դրույթը հանելուն կողմ են քվեարկել Դանիել Իոաննիսյանը, Սաքունցը, Էդմոն Մարուքյանն ու Տիգրան Եգորյանը: ՔՊ, «Հանրապետություն» կուսակցությունների, ԲԴԽ ներկայացուցիչները դեմ են եղել, իսկ նիստին օնլայն մասնակցող՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ձեռնպահ է քվեարկել։ Հայաստանի արեւմտամետները վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը եւ կմնա իրենց հետ դաշինք կազմելու հույսին։
«Հրապարակը» գրում է․ Քննչական կոմիտեն, որը որոշ գործերով «բլբուլ է կտրում» եւ նախաքննական գաղտնիքներ հայտնում` ոտնահարելով անմեղության կանխավարկածը, որոշ գործերով դառնում է պարտիզան: Փորձեցինք պարզել, թե ինչ է արվել 2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի գործով։ Պարզվեց` 1 տարի անց մեղադրյալներ չկան, դեպքի հանգամանքները պարզ չեն, ավելին` ՔԿ-ն հրաժարվում է որեւէ հարցի պատասխանել։ «Կոմիտեի նախագահը տարեսկզբին հարցազրույցում խոսել է այդ մասին։ Դրանից հետո մենք ոչ մի ինֆորմացիա չենք տվել ու չենք տալիս։ Նախաքննության շահերից ելնելով, քրեական վարույթի վերաբերյալ հետագա այլ տեղեկատվություն չի հրապարակվում»,-ասաց ՔԿ խոսնակը։ Գործի վերաբերյալ տեղեկություն չունեն նաեւ զոհերի ու անհետ կորածների հարազատները, որոնք մոտ 2 ամիս առաջ բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով զբաղվել անհետ կորածների որոնողական աշխատանքներով։ 20 հոգի անհետ կորած կա, որոնց մասին ոչինչ հայտնի չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը, ամենայն հավանականությամբ, կկարճի Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ու «օրենքով գողի» հարազատի միջադեպի գործը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել, ու դատելով իրավիճակից՝ չի էլ հարցաքննի, եւ, ինչպես ՔՊ-ականների մասնակցությամբ բոլոր միջադեպերը, այս մեկն էլ ծածկադմփոց կարվի։ Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տեղի ունեցել: Օգոստոսի 26-ին Shamshyan.com-ը գրեց, որ Hayat Project-ի համերգի ժամանակ ներկա են եղել նաեւ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը եւ «օրենքով գողի» զարմիկը, որի հետ պաշտոնյան վիճաբանություն է սկսել այն բանի համար, որ պատվիրել է երգ՝ «Вот такая доля воровская»-ն, ու մարզպետն ընդդիմացել է՝ ասելով. «Ես այստեղ՝ դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում», ու սկսվել է վիճաբանություն։
Ավելին՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ իրավապահները միջադեպից հետո մարզպետից հետաքրքրվել են, թե ինչ ծեծկռտուք է եղել: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել: Փաստ է մեկ բան՝ նախաքննությունը շարունակվում է ու իրավապահները տրամադրված են գործը կարճելու։ Իսկ որ ՔՊ-ականները անցյալում տարբեր միջադեպերի կիզակետում հայտնվեցին ու ջրից չոր դուրս եկան, հայտնի փաստեր են։ Օրինակ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը կարճվեց։
Այսինքն՝ իշխանական պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական արարքը չքննվեց, եւ պատգամավոր Աղազարյանը չպատժվեց իր խուլիգանական վարքի համար։ 2022 թվականին Վայոց ձորի մարզի գազալցակայանում ծեծկռտուք էր եղել: Մասնավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել, եւ միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը: Արդյունքում «քննեցին» դեպքը ու կարճեցին։ 2023 թվականին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց քաղաքացու ձեռքերը ոլորել եւ թքեց վերջինիս վրա, ու իրավապահները նրա գործողություններին իրավական որեւէ պատասխան չտվեցին։ Եվ, վերջապես, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հրապարակային սպառնալիքները ԱԺ նիստերի դահլիճում՝ «ականջ ու լեզու կտրելու» մասին, անգամ քննության չարժանացան: Նորանոր շմայսների եւ լիսկաների դարաշրջանն է սկսվել Փաշինյանի թողտվությամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին 24 տարիներին ղեկավարելով Նաիրի համայնքը՝ Նորայր Սարգսյանը 28 մլն դրամով ավելացրել է իր տարեկան եկամուտները վերջին 2 տարում։ Նախ նշենք, որ Նաիրի խոշորացված համայնքի մեջ ներառված են 7 բնակավայրեր՝ Արագյուղը, Բուժականը, Զովունին, Զորավանը, Սարալանջը, Պռոշյանը եւ Քասախը։ 7 բնակավայր համակարգող Նորայր Սարգսյանը 1999 թվականից Եղվարդի համայնքապետն է եղել, և այժմ էլ՝ խոշորացումից հետո, շարունակում է ղեկավարել արդեն Նաիրի համայնքը։ Համայնքապետի պաշտոնում սա Նորայր Սարգսյանի 8-րդ պաշտոնավարումն է։ Այս տարիների ընթացքում համայնքի ղեկավարը դարձել է միլիոնատեր։ Մասնավորապես, Նորայր Սարգսյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ նրա տարեկան եկամուտը կազմել է 32 մլն դրամ։
Սարգսյանն ունի 10 անշարժ գույք՝ 5 հողամաս, 3 հողին ամրակցված անշարժ գույք, 2 արտադրական նշանակության շինություն։ Անշարժ գույքերը ձեռք են բերվել տարբեր տարիների՝ ժառանգության կամ գնման եղանակով։ Խոշորացված համայնքի ղեկավար Սարգսյանը հայտարարագրել է 1982 թվականի արտադրության տրակտոր «ՄՏԶ-82» մակնիշի։ Համայնքի ղեկավարի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում եղած առաջին հայտարարագրի համաձայն, որ ներկայացվել է 2022 թվականին, անշարժ գույքերը փոփոխության չեն ենթարկվել։
Համայնքի ղեկավարի կանխիկ դրամական միջոցները կազմել են 29 մլն դրամ, սակայն 2021 թվականի հաշվետու տարվա հայտարարագրում առկա տվյալներում կանխիկ դրամական միջոցներն աճել են գրեթե 16 մլն դրամով։ Տեղեկացնենք, որ 32 մլն դրամ հաշվետու տարվա եկամտից 5 մլն 316 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է, որը ստացել է ՀՀ Կոտայքի մարզի «Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից։ 708 հազար դրամը կենսաթոշակ է ՀՀ միասնական սոցիալական ծառայությունից։
Եկամտից 14 մլն 215 հազար դրամը 3 տարածքների վարձատրությունից ստացված եկամուտն է. այդ ընկերություններն են ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ՏՈՒՆ «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ» ընկերությունը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»-ը և «ՍՄԵԼԼՈ» ընկերությունը: Նորայր Սարգսյանը, սակայն, թաքցրել է 4,5 մլն դրամ եկամտի աղբյուրը և տեսակը՝ գրելով՝ «այլ եկամուտ»։ Հարկ է նշել, որ համայնքապետ Նորայր Սարգսյանի՝ 2021 թվականի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 4 մլն 735 հազար դրամ: Ստացվում է, որ համայնքապետի հաշվետու տարվա եկամուտը 3 տարում աճել է 28 մլն դրամով»: