Առաջարկվում է ապահովել ՀՀ իրավական և սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխան տուրքերի չափ
Օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է քաղաքացիական ու վարչական դատավարություններում ոլորտի բարեփոխման անհրաժեշտությամբ: Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Նշվել է, որ առաջարկվում է կատարել չորս հիմնական փոփոխություն:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետության իրավական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխան պետական տուրքերի չափ՝ քաղաքացիական դատավարության պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի համար, կանխել ակնհայտ անհիմն հայցադիմումների ներկայացումն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ, սահմանել պայմանագրերի անվավերության պահանջի դեպքում դատարանի կողմից մատուցված ծառայությանը՝ գործի քննությանը եւ լուծմանը համապատասխան պետական տուրքի գանձումը պայմանագրի գնի չափով պայմանավորված, ինչպես նաեւ ապահովել դրամական պարտավորություն առաջացնող վարչական ակտերի վիճարկման դեպքում կիրառվող տուրքի միատեսակությունը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը: