25.11.2024
Ովքե՞ր են հրավիրվել մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻՔՍ գագաթնաժողովին
prev Նախորդ նորություն

Երևանն ու Աստանան քննարկել են համագործակցության ընթացիկ հարցեր

Սեպտեմբերի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ – արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն։


Հանդիպմանը քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում Երևանի և Աստանայի միջև համագործակցության ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները, անդրադարձ է կատարվել Ղազախստանի Հանրապետության նախագահ՝ 2024թ․ ապրիլի 14-15-ը Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված ռազմավարական պայմանավորվածությունների իրագործման ընթացքին։


Մուրատ Նուրտլեուն Արմեն Ղևոնդյանին է հանձնել 2-րդ աստիճանի «Բարեկամություն» շքանշանը, որով Հայաստանի դեսպանը պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ «երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ փոխգործակցության զարգացման գործում ունեցած ավանդի» համար։


Իր շնորհակալական խոսքում ՀՀ դեսպանն ընդգծեց, որ պետական պարգևի շնորհումը դիտարկում է որպես հայաստանյան և ղազախստանյան դիվանագետների՝ հայ-ղազախստանյան փոխգործակցության ներուժի իրացման ու Հայաստանի և Ղազախստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի, ինչպես նաև ի զարգացումը վերջինիս ընդունված այլ փաստաթղթերի դրույթների գործնական հագեցմանը միտված գործընկերության բարձր գնահատական։