23.11.2024
Լուսանկարը՝ yerkir.am-ի
prev Նախորդ նորություն

Կարեն Կարապետյանի կողքին լինելը դարձավ ինձ համար ճակատագրական. ո՞ւր է Նարեկ Հարությունյանը

Տարիներ առաջ «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնի շրջանակում դեբյուտային էտյուդ-ներկայացմամբ հանդիսատեսին հանձնվեց մերօրյա «Ռոմեոն»: Երիտասարդ դերասան Նարեկ Հարությունյանի ներկայացրած Ռոմեոն գերեց ոչ միայն Ջուլիետի սիրտը, այլև թատերական աշխարհի։

Մասնագետները Նարեկին մեծ ապագա էին կանխատեսում, ավելին՝ նշում էին, որ ինքնուրույն ձեռագիր ունեցող դերասան է հայտնվել: Սակայն որոշ ժամանակ հետո Նարեկը կարծես անհետացավ դաշտից ու տպավորություն էր, որ նա հրաժեշտ է տվել թատերական կյանքին։ Նարեկն այժմ ապրում է ԱՄՆ–ում, բայց ինչպես ինքն է ասում՝ հարկադրաբար է անհետացել դաշտից։

- Ինչո՞ւ անհետացաք դաշտից։

- Մի անգամ ասել եմ, դարձյալ կրկնեմ՝ չանհետացա, անհետացրին։ «Արմմոնո»–ից հետո ոգևորված տրված գնահատականներից թակել եմ բոլոր հնարավոր և անհնար դռները, պատասխանը մեկն է՝ մեր թատրոնում թափուր աշխատատեղ չունենք:

- Նարեկ, Ձեր Ռոմեոյին դեռ կանդրադառնանք, ինչո՞ւ որոշեցիր ընտրել դերասանի ուղին։

- Մանկուց հետաքրքրված եմ եղել կինո արվեստով և թատրոնով։ Ինձ միշտ հետաքրքիր է եղել վերապրել այն հերոսների կյանքերը, ովքեր գրականության մեջ իրենց հատուկ տեղն են ունեցել։ Եվ իմ մեջ դերասան դառնալու այդ ներուժ եմ տեսել։ Արվեստով ներշնչված ուժերս փորձեցի դերասանական ասպարեզում։ Ընդունվեցի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դերասանական ստուդիա, կրթության հետ զուգահեռ ինձ հնարավորություն տրվեց մասնակցել թատրոնի խաղացանկային ներկայացումներում։

- Այնուամենայնիվ, Ձեզ հանդիպել ենք ոչ ավել ոչ պակաս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Արամունու «Անվերադարձ ապագա» ներկայացման մեջ:

- Այդ ներկայացման դերասանախումբը ընտրել էր բեմադրության ռեժիսոր Ժան Նշանյանը: Հիմա՝ տարիներ անց, պիտի խոստովանեմ, որ նախ՝ փոխվեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը, հետո, ինչպես մեր իրականությունում ընդունված է՝ նորը իր հետ բերեց իրենը ու, բնականաբար, այլ բեմադրությունների թվում «Անվերադարձ ապագան» խաղացանկից անհետացավ անվերադարձ։ Բայց ես շարունակում էի խաղալ Սունդուկյան թատրոնի այլ ներկայացումներում։ Նկարահանվում էի կարճամետրաժ ֆիլմերում, սերիալներում և տեսահոլովակներում։ Կարծես ամեն ինչ լավ էր ընթանում, ինքներդ ասացիք, որ հիշում եք իմ Ռոմեոյի կերպարը, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում, այն, ինչպես գիտեք, մեծ արձագանքի արժանացավ թե՛ հայ և թե՛ արտասահմանյան թատերագետների կողմից։ Անհամեստ չթվա, բայց Ռոմեոն դարձավ այդ փառատոնի ֆավորիտներից։ Սակայն իմ նոր սկսվող հաջողությունները հօդս ցնդեցին՝ քաղաքական հայացքների պատճառով, քանի որ կիսում էի նախկին իշխանությունների մոտեցումները՝ թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու քաղաքական առումով։

- Այսինքն՝ դա՞ դարձավ պատճառ, որ մեկնեք ԱՄՆ:

- Քաղաքական քարոզարշավում վարչապետ Կարեն Կարապետյանի կողքին լինելը, նրա հետ նույն տեսահոլովակում նկարահանվելը դարձան ինձ համար ճակատագրական։ Շուտով ինձ նոր իշխանությունների հորդորով և կամքով հեռացրեցին թատրոնի ներկայացումներից, կանխեցին իմ նկարահանումները ֆիլմերում։ Թատրոնները հրաժարվում էին ինձ ընդունել աշխատանքի, տարբեր հորինված պատճառներով։ Սկսեցին իմ նկատմամբ հետապնդումներ և այլ... Ի՞նչ եք կարծում, ի՞նչ էր ինձ մնում անել վախի և անհանգստության մթնոլորտում։ Որոշեցի ինչ գնով էլ լինի, տեղափոխվել ինձ համար ապահով երկիր, որտեղ հարգում են քաղաքացու ազատ կարծիքը ու կամքը։

- Այսինքն՝ վախ ունե՞ք, երբ վերադառնանք Հայաստան:

- Չեմ ուզում կրկին ենթարկվել «ճնշումների »... Առավել ևս, երբ այստեղից տեղեկանում եմ, որ եղբորս նկատմամբ էլ կան որոշակի ճնշումներ նույն անձանց կողմից, իր քաղաքական դիրքորոշումների պատճառով։

- Իսկ հիմա հետաքրքվո՞ւմ եք, թե ինչ է կատարվում Հայաստանում։

- Ինչպես տեսնում եք՝ Հայաստանում նոր ուժեր են հայտնվում, և իրավիճակը նորից լարված է։ Ես միայն ցանկանում եմ քաղաքական դաշտ գան այնպիսի ուժեր, ովքեր կհարգեն մարդու արժանապատվությունը և ազատ կամքի դրսևորումները։ Այն չպետք է ազդի մշակույթի բնագավառում ստեղծագործող երիտասարդ արվեստագետների հայացքների վրա։

- Իսկ նպատակներ ունե՞ք ԱՄՆ-ում շարունակելու դերասանական կարիերան:

- Նախ և առաջ ես ինձ այստեղ ապահով և ազատ եմ զգում և քանի որ ԱՄՆ–ն հարուստ մշակութային ժառանգություն ունի հատկապես կինոմատոգրաֆիայի և դերասականական դպրոցի բնագավառում, կփորձեմ ժամանակի ընթացքում ամեն ինչ անել, կրթություն ստանալ այստեղ և ինչու ոչ՝ մի օր հայտնվել արվեստի այդ աշխարհում։

Մի գաղտնիք բացեմ. Այստեղ՝ Լոս–Անջելեսում նոր ներկայացման մեջ եմ ընդգրկվել և առաջիկա երկու ամսում այն կհանձնվի հանդիսատեսի դատին։

Լիա Խոջոյան