ՀՀ-Վրաստան համագործակցությամբ գիտության ոլորտում կանցկացվի նախագծերի աջակցության մրցույթ
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ նախատեսում է անցկացնել «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ՎԳԱՀ-2024» միջազգային մրցույթը:
Այն կիրականացվի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում՝ համաձայն ԲԿԳ-ի և նշյալ հիմնադրամի միջև 2023 թ․ ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» համագործակցության ծրագրի:
Մրցույթի նպատակն է աջակցել «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ» և «Հասարակական և հումանիտար գիտություններ» (մասնավորապես՝ հայագիտության և վրացագիտության) բնագավառներում գիտական հետազոտությունների զարգացմանը գիտնականների շարժունության ակտիվացման միջոցով:
Մրցույթին մասնակցության համար նախագծերը կպատրաստվեն ՀՀ և Վրաստանի հետազոտական խմբերի կողմից համատեղ՝ հայտերը ներկայացնելով կոմիտե և հիմնադրամ: Հայտերը կենթարկվեն փորձաքննության նշյալ կառույցների կողմից՝ յուրաքանչյուր կողմի սահմանած ընթացակարգերին համապատասխան: Ֆինանսավորման կերաշխավորվեն երկուստեք հավանության արժանացած հայտերը:
Մրցույթի հրավերի տեքստը և ժամկետների մասին տեղեկությունը կհրապարակվեն լրացուցիչ ԲԿԳ-ի և Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի պաշտոնական կայքերում: