VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ավելի քան երկու ամիս է՝ լրացել է Ուկրանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը։ Կարապետյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան է նշանակվել 2021 թվականի հունիսի 1-ին, ընդ որում՝ պաշտոնական հրամանագրում հստակ նշվել է՝ երեք տարով, ինչը նշանակում է, որ ավելի քան երկու ամիս է դադարել են նրա լիազորությունները։ Սակայն նրա ոչ հետկանչի, ոչ պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նոր հրամանագիր չի հրապարակել, ՀՀ նախագահը նոր հրամանագիր չի ստորագրել։ Ստացվում է՝ Ուկրաինայում մեր դեսպանն անօրինական հիմունքներով է աշխատում՝ առանց համապատասխան իրավական հիմքի։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին հարցրեցինք՝ արդյոք երկարացվել է Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը, խոսնակը խոստացավ պատասխանել՝ «պատասխան լինելուն պես»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մինչ Երեւանում բակային հանդիպումներ սկսելը , «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ու իր թիմակիցները մարզային այցելություններ էին իրականացնում: Նրանք եղան հայաստանյան մի շարք մարզերում, սակայն, եթե առաջին այցերը մարդաշատ էին, հատկապես` Սյունիքում, Արագածոտնում հարյուրավոր քաղաքացիներ մասնակցում էին Սրբազանի հետ հանդիպումներին, ապա վերջին հանդիպումներն ակնհայտորեն սակավամարդ էին՝ Գեղարքունիքում, Արարատի մարզում ։
Արարատի մարզի վարչական ղեկավարներից մեկը մեզ պատմեց, որ մինչ սրբազանի այցը տեղական իշխանությունը հատուկ զգուշացրել է համայնքի ղեկավարներին, վարչական ղեկավարներին՝ որ համայնքում Սրբազանի հետ հանդիպումները մարդաշատ լինեն, այդ համայնքները կզրկվեն պետական ծրագրերից, սուբսիդիաներից, մինչեւ անգամ թոշակառուներին են վախեցրել, որ թոշակից կզրկվեն։ Մարզի բնակիչներն էլ նախընտրել են անցավ գլուխները ցավի տակ չդնել, մինչեւ անգամ համոզել են ակտիվ ընդդիմադիրներին, որ չմասնակցեն Սրբազանի հավաքներին՝ իրենց համայնքը, գյուղը չդարձնելով իշխանության թիրախ։ Եւ տեղական «հայրենասիրությունը» հաղթել է:
«Հրապարակը» գրում է․ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ու խմբակը հայտարարում էին, թե ծառայողական մեքենաների քանակը կրճատելու են, «պադավատապետությանը» վերջ են դնելու, հեծանիվով գործի գնալու լոբբինգ էին անում։ Սակայն շատուշատ խոստումների պես դա էլ գրվեց սառույցին, ճիշտ հակառակը՝ Հայաստանում ծառայողական մեքենաների քանակն ու գները աճում են լույսի արագությամբ։ Շաբաթներ առաջ կառավարության աշխատակազմը թանկարժեք ամենագնացներ ձեռք բերելու որոշում ընդունեց, ապա նաեւ՝ Երեւանի քաղաքապետարանը։ Վատ օրինակը վարակիչ է լինում՝ հիմա էլ որոշել են նրանցից հետ չմնալ տեղական իշխանիկները։ Օրեր առաջ Սպիտակի ՔՊ-ական համայնաքապետ Քաջայր Նիկողոսյանի համար են տեղական բյուջեից 46 հազար դոլարանոց ամենագնաց գնել՝ այս տարվա արտադրության։ Տնտեսական ու քաղաքական ծանր վիճակում գտնվող, անվտանգային բազում խնդիրներ ունեցող պետության կառավարիչներին, փաստորեն միայն սեփական բարեկեցությունն է հուզում։ Քաջայր Նիկողոսյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց խոսել գնման նպատակահարմարության եւ անհրաժեշտության մասին՝ պատճառաբանելով․ «Թաղման եմ մասնակցում, համ էլ արձակուրդում եմ, հետո»,- ասաց ու անջատեց հեռախոսը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գրել ենք, որ կառավարությունը մտադիր է հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը եւս հարկել 20 տոկոսի չափով եւ վերջին շաբաթներին այս թեմայով մասնագիտական քննարկումներ են ընթանում։ Թեեւ դեռեւս շրջանառության մեջ դրված նախագիծ չկա, սակայն կա աշխատանքային փաստաթուղթ՝ ֆինանսների նախարարության կողմից մշակված։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախագծի, ավելի ճիշտ՝ գաղափարի հեղինակը ֆինանսների նախարար, ՔՊ-ի հնաբնակ Վահե Հովհաննիսյանն է, ով ներկուսակցական հավաքների ժամանակ հաճախ է ակնարկել է այս մասին, բայց արժանացել է կուսակցականների դիմադրությանը։ Մեզ ասացին, որ ՔՊ-ում կտրականապես դեմ են այդ գաղափարը կյանքի կոչելուն եւ համառ պայքար են մղում դրա դեմ, քանի որ իրենցից շատերն էլ են հիփոթեկով տուն գնել, եւ քանի որ բարձր աշխատավարձ են ստանում, հետեւաբար եկամտահարկն էլ է բարձր, ուստի նրանց բոլորովին դուր չի գալիս այս առաջարկը։
Համաձայն աշխատանքային փաստաթղթի՝ առաջարկվում է վերադարձվող եկամտային հարկը համարել եկամուտ քաղաքացիների համար և հարկել եկամտային հարկով։ Ենթադրվում է, որ եթե, օրինակ, քաղաքացին հետ է ստանում 100 հազար դրամ եկամտային հարկի չափով գումար, ապա եկամտային հարկով հարկվելու դեպքում 100 հազար դրամի փոխարեն քաղաքացին կստանա 80 հազար դրամ։ Եթե այս գաղափարկը կյանքի կոչվի, ապա հիմնավորումը լինելու է այն, որ ունեւոր խավն է վարկունակ, ուստի պետք է նաեւ եկամտահարկի հարկ վճարի։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արձակուրդի մեջ գտնվող քաղաքապետ Տիգրան Ավինյանի փոխարեն քաղաքապետի պարտականությունները կատարող, քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի կարգադրությամբ օրերս քաղաքապետարանի բյուջեից 69 մլն․ 989 հազար 474 դրամ է հատկացվել 15 երգերի նորացված ձայնագրությունների, ինչպես նաև մեկ նոր երգի ստեղծման համար։ Որոշման մեջ մասնավորապես նշված է․ «Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի, 02 խմբի, 04 դասի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման 4639 «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված գումարներից «Կոմբինատ Փրոդաքշն» ՍՊԸ-ին հատկացնել 69 989.474 (վաթսունինը միլիոն ինը հարյուր ութսունինը հազար չորս հարյուր յոթանասունչորս հազար) հազ. դրամ՝ Երևան քաղաքի 2024 թ. տոնակատարություններին նվիրված 15 սիրված երգերի նորացված կատարումների ձայնագրությունների, ինչպես նաև մեկ նոր երգի իր տեսահոլովակով ստեղծման ծրագրի համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով»:
Տպավորություն է, թե Երեւանի քաղաքապետարանը հորով- մորով է արել Երեւանի աղբահանության եւ մնացած խնդիրները, մնացել է «սարի սմբուլը»՝ Երեւանի ծննդյան տոնական երգերի թարմացումը, որոնց համար քաղաքային բյուջեից շուրջ 70 մլն․ է հատկացվելու։ Սրան ոմանք այլ որակում են տալիս` անվանելով պետական միջոցների «լվացք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղակալ Հովհաննես Հարությունյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբեր ամսից։ Մինչ այդ նա ուժերը փորձեց առողջապահության փոխնախարարի եւ Շիրակի մարզպետի պաշտոնում: Հարությունյանը իր` 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին, որում նկատել ենք, որ նա տարվա սկզբում հայտարարագրել է 3 անշարժ գույք, բոլորը Գյումրիում. դրանցից մեկը բնակարան է բազմաբնակարան շենքում, որը գնել է 1991 թվականին: Երկրորդը` անհատական բնակելի տուն՝ կառուցված իր իսկ հողի վրա 2018 թվականին և հողամաս, որը ձեռք է բերվել 2010 թվականին: Հաշվետու տարվա վերջում նույն անշարժ գույքերը պահպանվել են:
Հարությունյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2018 թվականի BMW մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2022 թվականին, երբ պաշտոնյա էր: Նույն տրանսպորտային միջոցը պահպանվել է հաշվետու տարվա վերջում: Հովհաննես Հարությունյանի բանկային հաշիվներից երկուսի մնացորդը տարվա սկզբում եղել է 0 դրամ, որոնցից մեկը տարվա վերջում ավելացել է` հասնելով 150.000 դրամի: Իսկ մյուսում տարվա սկզբին եղել է 1100 դրամ, որը հաշվետու տարվա վերջում զրոյացվել է: ՏԿԵՆ-ի տեղակալի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 15 մլն 539 հազար դրամ, որից 15 մլն 46 հազար դրամը նախարարությունից ստացած աշխատավարձն է, իսկ 490.000 դրամը՝ փոխանցում «Ինեկոբանկ»-ից։ Հարությունյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7 մլն 330 հազար դրամ` իր 5 վարկերը միասին վերցված: Հարությունյանի վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն դրամ: Հիշեցնենք, որ նա, ի թիվս այլ գործերի, զբաղված է նաեւ հանքավայրերի գործունեության համակարգմամբ. որպես փոխնախարար լավ է վաստակում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Կամար» բիզնես կենտրոնի հաշվետվությունների համաձայն` 2023 թվականին հայազգի, ըստ շվեդական մամուլի` մուլտիմիլիոնատեր Գևորգ Նալբանդյանը ՀՀ քաղաքացի է, մինչդեռ նա 2022 թվականին Շվեդիայի քաղաքացի էր։ Նալբանդյանը ինտենսիվորեն տարբեր բիզնեսներ է ձեռք բերում ՀՀ-ում, սակայն տարօրինակ է, որ դրանք հիմնականում հարկային վնասով հաշվետվություններ են ներկայացնում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ, մասնավորապես, «Կամար» բիզնես կենտրոնի 48.7 տոկոս սեփականատեր ՋԻԷՆ ՍՊԸ-ն, որի հիմնադիրը նույնպես Նալբանդյանն է, 2023 թվականը ավարտել է վնասով։ Հատկանշական է, որ Նալբանդյանի «Հայվեյզ» ավիաընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանը ժամանակին աշխատել է ՊԵԿ-ում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Աղբյուր» ճամբարի գոծունեությունից դժգոհ են այնտեղ իրենց ժամանցն անցկացրած սաները: Նրանց ծնողներն անգամ դիմել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին՝ վատ վերաբերմունքի համար: «Ժողովուրդ» օրաթերթը ճամբարի սաների ծնողներից տեղեկություններ ստացավ առ այն, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող ««Աղբյուր» ճամբար և հանգստյան տուն» կազմակերպությունում ճամբար հաճախած երեխաների նկատմամբ աշխատակիցները ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորել, հոգեբանական ճնշումների, բուլինգի են ենթարկել, մասնավորապես` քնի ժամանակ մտնելով սենյակներ` հարվածել են անկողիններին՝ վախեցնելով երեխաներին։ Ու բանը այնտեղ է հասել, որ մի քանի տասնյակ երեխաներ զանգահարել են ծնողներին ու խնդրել, որ տուն տանեն իրենց: Ուշագրավն այն է, որ ահազանգած քաղաքացիներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, թե իրենց երեխաների ուրախ ժամանցի համար միջնորդել, շահագրգռել է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի կինը՝ Մերի Փարվանյանը։
Նշենք, որ անգամ շատ ծնողներ ճամբարի ֆեյսբուքյան էջում են գրել իրենց բողոքները, սակայն մեծ արագությամբ բոլոր բողոքները ֆեյսբուքյան պատից «մաքրվել» են. բայց դժգոհության նամակագրություն ծնողների ձեռքին, այնուամենայնիվ, կա: Հիշեցնենք, որ խոսքը նույն այն ճամբարի մասին է, որի առնչությամբ 2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարածել էր տեղեկություն, ըստ որի` ճամբարի խոհանոցի աշխատանքը կասեցվել էր, քանի որ սանհանգույցի դուռը բացվել էր անմիջապես սննդամթերքի մշակման սենյակների մեջ։ Քաղաքացիների ահազանգերի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Աղբյուր» ճամբարի աշխատակիցների հետ, որտեղից էլ մեզ արձագանքեց ադմինիստրացիայի աշխատակիցներից մեկը։ «Մեր ճամբարը վաղուց փակ է արդեն, ամսի 8-ից չի գործում։ Ճիշտն ասած` չունենք նման ինֆորմացիա, որ երեխաներին լավ չեն վերաբերվում: Բողոքներ չենք ստացել։ Կարող եք բացել «Աղբյուր» ճամբարի կայքը և նայել շնորհակալության տեքստերը ծնողների կողմից։ Դուք պետք է գայիք ճամբարի աշխատելու ժամանակ, տեսնեիք դիմումների ցուցակը, տեսնեիք` քանի երեխա է բացակայում ճամբարից այդ ժամանակ»,- ներկայացրեց ադմինստրացիայի աշխատակից ներկայացած անձը:
Երբ պնդեցինք, որ բողոք եղել է, նա մանրամասներ ներկայացրեց կոնկրետ դեպքից. «Այդ երեխան հիվանդ երեխա է եղել, ոստիկանությունից եւ քննչականից եկել են, ծնողը ներողություն է խնդրել, որ երեխան հիվանդ է։ Երեխան ուղղակի ֆանտազիայի գրկում է հայտնվել։ Դուք պետք է ժամանակին գայիք, տվյալ փաստաթղթերը տեսնեիք։ 40 երեխա, եթե ճամբարից միաժամանակ բացակայի, ճամբարը կփակվի տեղում. եթե փաստացի ինչ-որ նյութ լիներ, կրթության նախարարությունից կգային նամակների հետքերով» ,-բացատրեցին ադմինիստացիայից։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ճամբարից ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանություն առ այն, որ երեխաների նկատմամբ վատ են վերաբերվում և նեղացնում են։ Փորձեցինք հասկանալ, թե ՆԳՆ ոստիկանությունն ինչ է արել այս դեպքով։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ահազանգ իսկապես եղել է, որ երեխայի նկատմամբ վատ են վերաբերվել և նեղացրել են, արդյունքում` ոստիկանությունը ստուգել է ահազանգը, սակայն հանցափաստ չի հայտնաբերվել և դեպքին ընթացք չի տրվել։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նաև Աշտարակի համայնքապետ Թովմաս Թահվերդյանի հետ՝ պարզելու՝ ինչ կապ ունի նրա կինն այդ ճամբարի հետ և ինչ մոտիվացիայով է քաղաքացիներին ուղղորդել դեպի տվյալ ճամբար, որի խոհանոցը, տեսչական մարմնի որոշմամբ, փակվել է: Սակայն համայնքապետարանից պատասխանեցին, որ Թովմաս Շահվերդյանի կինը ոչ մի կապ չունի ճամբարի հետ, և որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: