Մի ուշագրավ «բացակայության» մասին. Բոնոյի եւ Գրիգորյանի հանդիպման վերաբերյալ
Հուլիսի 25-ին Հայաստանի հանրապետության անվտանգության խորհուրդը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերի գլխավոր բանակցող, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Լ Բոնոյի եւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպման վերաբերյալ: Հաղորդագրության բովանդակությունը ստանդարտ է, իսկ ուշադրության է արժանանում մի հանգամանք, որը առաջին հայացքից լինելով դետալ, գործնականում սակայն պարունակում է բավականին էական քաղաքական նշանակություն:
Մասնավորապես, Հայաստանի ԱԽ պաշտոնական կայքով տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Լուիս Լ Բոնոն Կովկասի հարցերի գլխավոր բանակցողն է, եւ չի նշվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու հանգամանքը: Հանգամանք, որը նախկինում արտահայտվում էր հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրություններում: Հարց է առաջանում, Լուիս Լ Բոնոյի համանախագահ կարգավիճակի բացակայությունը բացթողու՞մ է, վրիպու՞մ, թե՞ այդ կերպ Երեւանը «ընդառաջում» է Բաքվի այն առաջարկին, որ պետք է լուծծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո չի աշխատում, սակայն դե յուրե՝ ԵԱՀԿ որոշմամբ ստեղծված, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային բացառիկ մանդատ ունեցող խումբը շարունակում է գոյություն ունենալ: Թե ինչու է Ադրբեջանը ձգտում խմբի լուծարման, անդրադարձել եմ բազմիցս:
Նպատակը հանցանքի հետքը վերացնելն է, քանի որ Մինսկի խմբի համանախագահության մանդատի գոյությունը ըստ էության անընդհատ հիշեցում է, որ Ադրբեջանը խախտել է խաղաղա կարգավորման սկզբունքներն ու ըստ էության ագրեսիայի միջոցով էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղը: Հետեւաբար, Մինսկի խմբի համանախագահության գոյությունը հիշեցում է այդ հանցանքի, ինչպես նաեւ հանցակիցների մասին: Բաքուն փորձում է ջնջել դա:
Երեւա՞նն ինչ է անում, պաշտոնական հաղորդագրություններում չհիշեցնելով համանախագահների կարգավիճակի մասին: Թե՞ ամերիկյան կողմն է Հայաստանին հորդորել պետքարտուղարության պաշտոնյային ներկայացնելիս բավարարվել միայն Կովկասի հարցերի բանակցողի կարգավիճակով: Հիշեցնեմ, որ Հայաստան այցի ընթացքում այդ թեմայի առնչությամբ հարց էր ուղղվել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանին, որը պատասխանել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը կախված է Երեւանի ու Բաքվի դիրքորոշումներից:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան