27.11.2024
Կուրսանտը մահացել է զորամասի բուժկետում
prev Նախորդ նորություն

Քուվեյթը հետաքրքրված է ՀՀ-ում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաուֆ Ալ Էնեզիին:

Վարչապետը հայտնել է ՀՀ կառավարության աջակցությունը երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործում՝ բարձր գնահատելով Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական փոխգործակցությունը և կարևորելով մեծ ներուժ ունեցող տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը:

«Առաջիկայում ստեղծվելու է ներդրումային հիմնադրամ, ուրախ կլինենք, որպեսզի երկու երկրների ներդրումային կառույցների միջև ծավալվի ակտիվ համագործակցություն: Պատրաստ ենք Ձեր միջոցով Քուվեյթի գործարարներին ներկայացնել Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերն ու ներդրումային ծրագրերի փաթեթները, կազմակերպել երկու երկրների տնտեսվարողների մասնակցությամբ հանդիպումներ ու քննարկումներ»,- նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարը դեսպանին առաջարկել է դիտարկել նաև Հայաստանի և Քուվեյթի միջև ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու հարցը:

Իր հերթին Նաուֆ Ալ Էնեզին ընդգծել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն ինչ՝ հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացմանը նոր թափ հաղորդելու և դրանք էլ ավելի բարձր մակարդակի հասնցելու համար: Դեսպանը ևս կարևորել է տնտեսական կապերի խորացումը՝ ավելացնելով, որ Քուվեյթի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված կլինի հայաստանյան նոր ստեղծվելիք հիմնադրամի հետ համագործակցությամբ և ՀՀ-ում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացմամբ:

«Պատրաստ ենք քննարկել և Քուվեյթի բիզնես հատվածին ներկայացնել ՀՀ կառավարության ներդրումային փաթեթները՝ դրանց հետագա ընթացք տալու նպատակով»,- նշել է ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ դեսպանը՝ ավելացնելով, որ Քուվեյթի էմիրի կողմից ստացել է Հայաստանի հետ բազմակողմ կապերի հետագա զարգացմանն ուղղված հանձնարարական, որի իրականացման նպատակով գործադրելու է անհրաժեշտ ջանքեր: