24.11.2024
Ադրբեջանը ստանում է ինչ իրեն պետք է՝ առանց որևէ պարտավորության ու ստորագրված թղթերի
prev Նախորդ նորություն

Ի՞նչ հրահանգ է տվել ուժային կառույցներին Նիկոլ Փաշինյանը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հանդիպում է ունեցել ոստիկանական համակարգի ներկայացուցիչների հետ ու հայտնել, որ իրենց կողքին է: Ավելին` մեզ հասած տեղեկություների համաձայն` վարչապետը այդ հանդիպման ժամանակ նաեւ անձամբ բանավոր հրահանգ է տվել ուժային կառույցների ղեկավարներին, որ որեւէ ոստիկանի որեւէ գործով չկալանավորեն: Նա բացատրել է, որ եթե կալանավորման գնան, ապա ոստիկանների ոգին կկոտրեն, սակայն պետք չէ ոստիկաններին թեւաթափ անել: Ահա, հենց այս հրահանգի հետեւանքով` մինչ օրս ապրիլից մեկնարկած շարժման անդամների նկատմամբ բռնության դեպքով որեւէ ոստիկանի պատասխանատվության չեն կանչել: ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնել են, որ. ««Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից իրականացված հավաքների, բողոքի ակցիաների ընթացքում առերեւույթ հանցավոր արարքների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 59 անձի նկատմամբ։ Մեղադրյալներից 29-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 13-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 15-ի նկատմաբ՝ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը։ 7 քրեական վարույթ՝ 17 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան». բայց որեւէ ոստիկան անգամ ձեւականորեն չի պատժվում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հաշված օրեր են մնացել, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեն սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը: Ըստ պայմանավորվածության՝ այն պետք է ստորագրվի հուլիսի 1-ին, որը կամրագրի, թե ինչ սկզբունքների հիման վրա եւ որտեղից են սկսելու սահմանազատումը: Սկսելու, քանի որ Տավուշում ոչ թե սահմանազատում է եղել, այլապես դա կարվեր կանոնակարգը հաստատելուց հետո, այլ՝ միակողմանի զիջումներ։ Ադրբեջանը հաջորդն ուզում է սահմանազատել Գեղարքունիքի կամ Արարատի մարզերի սահմանը, մասնավորապես Արարատ-Վայոց Ձոր հատվածը, որտեղ դեռ 2018թ. ապրիլ-մայիսին Նախիջեւանի կողմում ԳՇ պետ Արտակ Դավթյանի պաշտոնավարման շրջանում զիջել ենք բավական մեծ տարածք` Զանգակատան հատվածում: Թշնամին առաջ է եկել մոտ 6 կմ։ Բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում, ճանապարհն է վտանգի տակ հայտնվել, մինչդեռ 2014-ի հունիսին մեր բանակը մոտ 400 հեկտար առաջ էր գնացել՝ Հայաստան-Նախիջեւան սահմանին՝ զբաղեցրել նոր դիրքեր, որոնք իշխող էին նրանց դիրքերի նկատմամբ։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պետական գերատեսչությունների միջին օղակների պաշտոնյաները շարունակում են բացատրական աշխատանք տանել շարժմանը մասնակցած աշխատակիցների հետ, որոնք ներկա են եղել հանրահավաքներին ու այլ ակցիաների։ Պատմում են, որ ղեկավար կազմերը, հանրահավաքների տեսագրությունները դիտելուց բացի, գրեթե բոլոր հաստատություններից մեկական «մատնիչ» են գործուղել դեպքի վայր: Հրահանգել են նկարել իրենց աշխատողներին եւ ապացույցներ ներկայացնել վերադասին։ Ի դեպ, ըմբոստ աշխատակիցներն էլ իրենց հերթին լծված են «հուդաների» հայտնաբերման գործին եւ, բանուգործը թողած, փորձում են հայտնաբերել, թե ովքեր են «գործ տվողները»։ Այս առումով ամենալիբերալը ֆինանսների եւ կրթության նախարարություններն են, որտեղ, ըստ լավատեղյակ աղբյուրի,  որոշակիորեն հաշվի են նստում երկրում տիրող իրողությունների հետ` ընդդիմադիրների հայտնաբերմամբ չեն տառապում, ավելին՝ գործ տվողներին էլ սաստում են, որ աշխատանքային ժամերից հետո աշխատակիցներն ազատ են` ինչ ուզեն, կարող են անել: Այստեղ հասկացել են, որ  իշխող թիմում չկան ոլորտային մասնագետներ, եւ նեղացնել, հեռացնել կադրերին, կնշանակի կաթվածահար անել համակարգը։ Փոխարենը «ստրկատիրական կարգեր» են հաստատվել Գնել Սանոսյանի ղեկավարած համակարգում, որտեղ հարցը խիստ է դրված` կա՛մ մասնակցում եք ընդդիմության պայքարին, կա՛մ հեռանում եք։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ թիմի ներսում առկա վերաբերմունքին բազմիցս ենք անդրադարձել՝ նշելով, որ Թորոսյանին, մեղմ ասած, յուրային չեն ընդունում, ու նա մնացել է մենակ իր պատգամավորական աթոռով եւ covid 19-ի ծախսերի մասով հարուցված քրեական գործերով: Մեր աղբյուրները հայտնում են, որ Թորոսյանը, օգտագործելով ՔՊ վարչության կազմում իր ներկայությունը, նորից սկսել է փորձեր անել՝ վերադառնալու իր նախորդ պաշտոնին` վարչապետի աշխատակազմի ղեկավարին: Ըստ ամենայնի՝ նա չի հարմարվում ներկայիս կարգավիճակին եւ ցանկանում է նորից գալ առաջին պլան:


ՔՊ ներսից մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն իր մերձավոր շրջապատին հասկացնել է տվել, որ չի ների նրանց, ովքեր Թորոսյանի հետ ջերմ հարաբերություններ են պահում ու փորձում են նրա լոբբինգն անել: Կարճ ասած՝ Փաշինյանի մոտ բարեխոսելու ու Արսեն Թորոսյանին նորից առաջ բերելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում, եւ նախաձեռնություններին ընթացք չի տրվում ոչ ուղիղ հրահանգավորմամբ: Ի դեպ, կառավարության որոշ շրջանակներ կարծում են, որ Արայիկ Հարությունյանի շուրջ բարձրացած նախկին աղմուկների հետեւում կարող է լինել հենց Արսեն Թորոսյանը: Մեզ փոխանցում են, որ ուժային կառույցներում կան թղթապանակներ՝ Թորոսյանի կողմից տարբեր տեղերում աշխատանքի տեղավորած անձանց վերաբերյալ եւս, ու դրանք հարմար պահի կօգտագործվեն: Արսեն Թորոսյանի գործադիր վերադառնալու նկրտումների մասին, իհարկե, փորձեցինք զրուցել հենց Արսեն Թորոսյանի հետ, սակայն նա, ինչպես միշտ, հեռախոսազանգերին չպատասխանեց»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանականները որոշել են «պատժել» ընդդիմադիր պատգամավորներին եւ նրանց այլեւս պատվիրակությունների կազմում չեն ընդգրկում: Խորհրդարանը դարձել է ՔՊ-ի որջը: Ինչպե՞ս, բացատրենք. այս օրերին ԱԺ հերթական պատվիրակությունն է գործուղվել Գերմանիա, որի կազմում բացառապես ՔՊ-ական պատգամավորներն են: Պաշտոնապես հայտնել են ԱԺ-ից, թե Գերմանիա են մեկնել հայ-գերմանական խորհրդարանական բարեկամական խմբի անդամները, եւ տպավորություն է, թե ամեն ինչ օրինական է: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Բաբկեն Թունյանը, Միքայել Թումասյանը, Հռիփսիմե Հունանյանը գնացել են առավել բարեկամանալու գերմանական բունդեսթագի ներկայացուցիչների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբում 30 հոգի է ընդրկված, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորներ, սակայն Գերմանիա մեկնել են բացառապես իշխանականները:


«Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից բացատրեցին, թե պատվիրակության կազմը սովորաբար տվյալ բարեկամական խմբի ղեկավարն է որոշում՝ հաշվի առնելով պատգամավորների ակտիվությունը: Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավարը Վլադիմիր Վարդանյանն է, ուստի հենց նա է որոշել միայն իր թիմակիցներին գործուղել Գերմանիա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր պատգամավորներին պատվիրակության կազմերում չընդգրկելը եւս մեկ պատճառ ունի: Բանն այն է, որ հատկապես վերջին շրջանում ընդդիմադիր պատգամավորները, որոնք նախապես ընդգրկված են եղել պատվիրակությունների կազմում, հրաժարվել են մեկնել գործուղումների ՔՊ-ականների հետ, իշխանոթյունն էլ «պատժում է» ընդդիմադիրներին՝ պատվիրակությունների կազմում չընդգրկելով»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղպայմանագրի» պատգամավորներին կուսակցական վերնախավը հանձնարարել է դուրս գալ կաբինետներից, գնալ մարզեր, հանդիպել ժողովրդի հետ, կատարել մարդկանց խնդրանքները, գոհացնել նրանց, հընթացս էլ քարոզել սահմանազատման-սահմանագծման աշխատանքները: Ասվել է՝ չնայել, որ ամառ է` ՔՊ վարկանիշն այնքան անհուսալիորեն է ընկել, որ մեծ աշխատանք պետք է կատարվի այն բարձրացնելու համար, ուստի ոչ մի օր ժամանակ չկա` 2026-ի ընտրությունները սարերի ետեւում չեն: Ասվել է, որ ՔՊ-ն ունի հանրության վստահության խիստ պակաս, եւ ամենօրյա աշխատանքով պետք է վերականգնել իշխող կուսակցության վարկանիշը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գաղտնալսված դատախազ Ապրես Գրիգորյանը, որին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գաղտնալսումից հետո աշխատանքից հեռացրեց, դատարանում հաղթել է Աննա Վարդապետյանին: Այս տարվա՝ 2024 թվականի մայիսի 24-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է Ապրես Գրիգորյանի Վճռաբեկ բողոքը: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ պետք է վերացվի ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 11.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, եւ կայացվի նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 17.08.2023 թվականի որոշումը եւ Ապրես Գրիգորյանի միջնորդությունը բավարարել՝ կասեցնել ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման եւ 14.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանի կատարումը: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ»:


Այսպիսով՝ գլխավոր դատախազը ստիպված է կատարել դատարանի վճիռը եւ գաղտնալսված դատախազին հետ ընդունել աշխատանքի: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի դատախազության՝ արդեն նախկին դատախազ Ապրես Գրիգորյանի եւ մեկ այլ դատախազի աշխատասենյակում ամիսներ առաջ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել, նրանց ձերբակալել, ապա բաց էր թողել։ Մամուլը գրեց, որ Գրիգորյանը դատախազ Աննա Վարդապետյանին հայտնել է ԱԱԾ-ում իրեն խոշտանգելու մասին, իսկ Վարդապետյանը խոշտանգման մասին դատախազի հաղորդումն ուղարկել է ԱԱԾ, այսինքն՝ այն նույն մարմին, որտեղ, ըստ Գրիգորյանի, իրեն խոշտանգել են։ Արդյունքում՝ գաղտնալսված ու խոշտանգված դատախազներին ազատեցին պաշտոնից, իսկ ահա Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը ազատվեց պաշտոնից այն բանի համար, որ փորձել էր հետամուտ լինել, որ դատախազին խոշտանգողները պատժվեն։ Դատախազին աշխատասենյակում խոշտանգելն անպատիժ թողնելու պատմությունն էլ դարձել էր Պետրոս Պետրոսյանի ու գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանի հրաժարականի պատճառը։ «Գլխավոր դատախազը ե՞րբ է գաղտնալսված ու խոշտանգված դատախազին ընդունելու աշխատանքի՝ կատարելով դատավճիռը». «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հորդորեցին դիմումն ուղարկել գրավոր»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2018-ից հետո «եւ ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստա» հոխորտանքներն այդպես էլ իրականություն չդարձան, ավելին` «նախկին թալանչիների» նկատմամբ հարուցված քրեական գործերի մեծ մասը փակվել է, մի մասին արդարացրել են, մյուսների նկատմամբ սիմվոլիկ դատավճիռներ արձակվել, եւ դեռ ընթացող գործերով նրանց մեղքը դատարաններում չի ապացուցվում, որքան էլ հաղորդագրություններ տարածեն ու պոպուլիստական ելույթներ ունենան։ Այդ գործերից մեկն Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթն է, որի քննությունն այնքան ձգձգվեց, որ ամիսներ անց՝ հոկտեմբերին, լրանում է վաղեմության ժամկետը, ու մեղադրյալներն օրենքի ուժով կազատվեն պատասխանատվությունից։


Ծառուկյանի փեսային՝ Աբովյանի նախկին համայնքապետին առաջադրված «պաշտոնեական լիազորությունների չարաշահման, համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք հողատարածքների ապօրինի օտարման, այլ հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու, խմբի կազմում փողերի լվացման, պաշտոնեական կեղծիքներ եւ փաստաթղթերի կեղծիքներ կատարելու» դեպքերի վերաբերյալ նախաձեռնված ահասարսուռ մեղադրանքները՝ 13 անձի մասով, 2023-ից դատարանում են։ Ըստ մեղադրանքի՝ համայնքին պատճառվել է ընդհանուր 537 մլն 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է: Գործով վկա է ներգրավված նաեւ նախկին վարչապետ Հովիկ Արգամիչի որդին` Արգամը: Սակայն քննությունն արդեն անիմաստ է դարձել, եւ անգամ առանցքային վկաներն այլեւս չեն գնա դատարան, քանի որ հոկտեմբերին գործը կարճվելու է։