Շարժումը, պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով, ներքին, կազմակերպչական վերադասավորումներով. այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բագրատ Սրբազանը:
"Բովանդակությունը մնալու է նույնը, այս պայքարը ծնվել է ապօրինի, հանցագործ իրականությունից։ Մեր շարժումը եղել է ընդդեմ ստի ու որքան այդ ստի ծավալը մեծանում է, այնքան մեր հայրենիքը փոքրանում է",- նշեց նա:
Նրա խոսքով, այսօրվա իշխանությունն արյունատենչ փոքրիկ մի խումբ է, որը հանուն իր աթոռի պատրաստ է ցանկացած քայլի և հունիսի 12-ը դրա ապացույցն էր։
"Քովիդից ու պատերազմի օրերից սկսված, արդեն պարզ էր դառնում, որ այս մարդկանց համար մարդկային կյանքը ոչ մի արժեք չունի։ Հունիսի 12-ին ենթադրում էի, որ այս մարդիկ կգնան արյունահեղության, սակայն մտքից ծայրում չէի ուզում դրան հավատալ։ Ոստիկաններն ու նռնակները եկան մեզ համոզելու, որ այս մարդիկ պատրաստ են ամեն ինչի, հանուն իրենց աթոռն ու փողը պաշտպանելու",- ասաց նա:
Նկատեց՝ մեր երկրում քաղաքացին պաշտպանված չէ ո՛չ Ոստիկանությունից, ո՛չ Քննչական կոմիտեից, ո՛չ Դատախազությունից, ո՛չ էլ առհասարակ իրավական մարմիններից։ Նրանք բոլորը ծառայում են մեկ մարդու քմահաճույքներին։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, Բագրատ Սրբազանը նշեց, որ այն ապօրինի է.
"Ապօրինի սահմանազատումը, որ սկսվեց Տավուշից, արդեն տարածվում է ողջ Հայաստանում։ Այսինքն Տավուշում տեղի ունեցող գործընթացները սոսկ տեղական խնդիր չեն եղել",- հավելեց նա: