VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ, բնականաբար, ԱԺ արտահերթ նիստը տապալվեց` ՔՊ-ի բացակայության պատճառով: Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքում Բագրատ սրբազանը նորից իր վճռականությունը հայտնեց` գնալու ենք մինչեւ հաղթական ավարտ: Նաեւ հայտարարեց, որ երկու օրը մեկ հավաքվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում` ամփոփելու են իրավիճակը: Ակտիվ հանդիպումներ են ունենալու, խմբեր են կազմելու եւ մեկնելու են մարզեր: Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սյունիք՝ Փաշինյանի այցից առաջ անվտանգության ծառայությունները մեծ ռեյդ են արել` մարզը մաղել: Փաշինյանը ժամանել է Երեւան-Կապան չվերթով, շրջել է մեծաթիվ «ախրանայով», եղել գրեթե բոլոր համայնքներում։ Սակայն Սյունիքի համայնքապետերից միայն Գորիսի ղեկավար, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանն է դիմավորել նրան, ջերմագին ողջունել։ Մյուս 2 ոչ ՔՊ-ական համայնքապետերը՝ Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանը եւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, բացակայել են: Փաշինյանը Կապանում փակ ժողով է անցկացրել ՔՊ-ականների հետ, որոնց մեծ մասը Երեւանից է գնացել: Ասել է, որ պետք է այսուհետ ավելի միասնական լինեն, այս պահից պատրաստվեն հերթական ընտրություններին, բարձրացնեն ՔՊ-ի վարկանիշը: Հանգստացրել է, թե ինչ շարժում էլ լինի, արտահերթի չեն գնալու: Խոսել է նաեւ սահմանազատման, խաղաղության խաչմերուկի մասին։ Նա շաբաթ օրը գիշերել է «Արմենիա» հյուրանոցում, կիրակի՝ Հալիձորի «Հարսնաձոր» համալիրում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մարզի տարբեր ներկայացուցիչների հետ։ Թեժ քննարկումներ են եղել, որոնց ընթացքում Կարեն Սարգսյանը հայտարարել է, որ շուտով սկսվելու է Գեղարքունիքի մարզի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները։ Հիշեցնենք, որ Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերը հաստատվել էին դեռ 2021 թվականի մայիսի 12-ից։ Նրանք մեծաքանակ զինվորականներով եւ զինտեխնիկայով հատել էին Հայաստանի Հանրապետության տարածքը Սյունիքի մարզի Սեւ Լճի տեղամասում, ապա նաեւ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Կութ բնակավայրերի տեղամասում եւ դիրքավորվել։ Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերն են այսօր օկուպացրել, հետ են գնալու, ազատելու են մեր տարածքները։
Սարգսյանը վստահեցրել է, որ սահմանազատումն անձամբ ինքն է իրականացնելու մարզում, տիրապետելու է բոլոր տվյալներին եւ գործողություններին, հավատացրել է՝ անհանգստանալու ոչինչ չկա։ Ըստ մարզպետի՝ Ադրբեջանը հետ է գնալու առանց որեւէ խնդրի։ Բայց, չնայած մարզպետի լավատեսությանը, հարեւան բայց ոչ ամենեւին բարեկամ Ադրբեջանն այլ բան է հոխորտում։ Մասնավորապես՝ Ալիեւը 2020 թվականի պատերազմից հետո մի քանի անգամ հայտարարել է, որ իր զորքերը հետ չեն քաշվելու, եւ սրան զուգահեռ Հայաստանից նոր տարածքների զավթման պահանջներ է դնում՝ ՀՀ ողջ տարածքը համարելով Ադրբեջան եւ պահանջելով փոխել ՀՀ Սահմանադրությունը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մարզպետից տեղեկանալ՝ որտեղից ունի վստահություն, որ ամեն ինչ Գեղարքունիքի բնակիչների սրտով է լինելու։ «Ես բնակիչների հետ հանդիպում միշտ ունեցել եմ, բայց այդ թեմայով քննարկում չեմ հիշում», – ստեց Կարեն Սարգսյանը։ Ստացվում է, որ Կարեն Սարգսյանի վստահությունը եւ հավաստիություը, թե ամեն ինչ լավ է լիելու եւ առանց խնդիրների, մտացածին է, քանի որ Ալիեւն ինքն է ամեն օր քար նետում խաղաղության գործընթացի վրա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ իշխանությունները ազդարարեցին հերթական ձախողման մասին: Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ միասնական տոմսային համակարգի, այն է՝ տրանսպորտի թանկացման նախագծի ներդրման ժամկետները երկարաձգվում են: Միասնական տոմսային համակարգը պետք է ներդրվեր սեպտեմբերի 1-ից, սակայն երեկ հայտարարվեց՝ համակարգի ներդրումը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչեւ նոր ավտոբուսները գան եւ երթուղի մտնեն։ Ընդ որում, հստակ ժամկետներ էլ չնշվեցին՝ որքան ժամանակով է այն հետաձգվում, միայն փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ նոր ավտոբուսների ներմուծումը ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունները սխալ հաշվարկների պատճառով հերթական անգամ ձախողել են, այս անգամ՝ իրենց կողմից մեծ շուքով եւ աղմուկով անոնսված նախագիծը, որը հանրության շրջանում էլ դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններով՝ ՔՊ-ում այս ձախողման պատասխանատու համարում են փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, ում համակարգման տակ է եղել այս նախագիծը եւ ձախողվել: Բանն այն է, որ Սուրեն Գրիգորյանը, բացի ձեռքը գրպանում քաղաքացիների հետ արագ անհասկանալի զրույց ծավալելու գործառույթից, տրանսպորտի հարցով որեւէ այլ քայլով աչքի չի ընկել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: Չնայած, որ Սամսոնյանն իր գրառման մեջ պատճառների մասին չէր խոսել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այս մասին: Նախ՝ տեղեկացանք, որ Անի Սամսոնյանը դեռ վաղուց է ԼՀԿ-ն լքելու մտադրություն ունեցել, քանի որ տեւական ժամանակ տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ է ունեցել կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ: Մեր տեղեկություններով՝ այդ տարաձայնությունները դեռ եղել են այն ժամանակ, երբ պատերազմից ու ցավալի կորուստներից հետո Էդմոն Մարուքյանը որոշեց ստանձնել Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ու տարբեր առիթներով աջակցում էր իշխանություններին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սամսոնյանի ու Էդմոն Մարուքյանի միջեւ տարաձայնությունները վերջին ժամանակահատվածում ավելի են խորացել, ինչի արդյունքում Սամսոնյանը որոշել է այլեւս իր ճանապարհը չշարունակել կուսակցության ներսում:
Տեղեկացրել է Մարուքյանին ու լքել ԼՀԿ շարքերը: Նշենք, որ Սամսոնյանը կուսակցության առանցքային դեմքերից է, ու ակնհայտ է, որ այս որոշումը խոր արմատներ ունի: Ի դեպ, Անի Սամսոնյանը առաջիններից էր, որ Սրբազան շարժմանը իր աջակցությունն է հայտնել ու, կարծես թե, դա եւս նպաստել է վճռական որոշում կայացնելուն` ԼՀԿ-ից հեռանալու համար: Ըստ մեր տեղեկությունների՝ Սամսոնյանը քաղաքականությունը չի թողնելու, իր ակտիվ գործունեությունը կշարունակի, սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչ ձեւաչափով: Անի Սամսոնյանը հայտարարել է, որ կուսակցությունը լքելու հետ կապված որեւէ մեկնաբանություն չի անելու. այդպես է որոշել, եւ վերջ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե իրավապահները ինչ հարցեր են տալիս քաղաքացիներին, որոնք հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակներից վիրավորում էին ստացել: Մասնավորապես, նրանք քաղաքացիներին հարցնում են, թե ինչ գործ ունեին Բաղրամյան պողոտայում, արդյոք իրենց ստիպել են ու տարել են ակցիայի կամ շահագրգռել։ Դատելով իրավիճակից՝ իրավապահները տուժած քաղաքացիներին հարցաքննում են ոչ թե նրանց հետ կատարվածի մեղավորներին՝ ասել է թե՝ ոստիկաններին պատժելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու համար, այլ քաղաքացիներին հանրահավաքի հրավիրողներին կամ կազմակերպողներին հայտնաբերելու նպատակներով։ Ի դեպ, նռնակների պայթյուններից տուժած շատ քաղաքացիներ էլ դեպքից 6 օր անց դեռ սպասում են դատաբժիշկներին, որոնք ուշացնում են հասարակ եզրակցությունների տրամադրումը։ Այս պատկերին զուգահեռ իրավապահները ակտիվ գործընթաց են սկսել եւ «քաղաքական հրահանգի արդյունքում» կալանավորում են «Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցներին»։ Ապրիլից մինչեւ օրս տեղի ունեցած ակցիաների հետեւանքով կալանավորված է 29 քաղաքացի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նոր կալանավորումներ եւս կլինեն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցությունը տապալելու է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունը, պարզ էր ի սկզբանե: Նրանք դրա համար նախ՝ «թռան» հունիսի 12-ին նման նիստ հրավիրելու հնարավորությունից, որից հետո՝ 5 օր անց, օրենքի ուժով արդեն պիտի նույն օրակարգով ԱԺ նիստ հրավիրվեր: Նիստը, հասկանալի է, չկայացավ, բայց ավելի ուշագրավ է ՔՊ-ի «ատմազկան»: Փաշինյանի խմբակցությունը հայտարարեց, որ գնալու է արտահերթի «մեխանիկական տապալման»: Այսինքն, չեն գնում «գործի», քվորում չի հավաքվում, նիստը տեղի չի ունենում: Խմբակցությունից պաշտոնապես հայտարարեցին, որ ՔՊ-ն նիստի չի մասնակցի, «որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերից բխող օրակարգերին»:
Չէ, բայց սա արդեն զավեշտից անդին է: Փաշինյանի ՔՊ-ն, ուրեմն, խոսում է «կեղծ օրակարգից» ու «Հայաստանի պետական շահերից»: Սա ի՞նչ է, սենսացիա՞, թե՞ ինքնասարկազմ: Փաստացի «կեղծ օրակարգից» խոսում է փաշինյանական ՔՊ-ն, որի գործունեությունը ամբողջովին հիմնված է կեղծիքի, ստի, խաբեության վրա: Օրինակների կարիք չկա, դրանք ամենօրյա ռեժիմով հասարակության աչքի առջև են արդեն ավելի քան վեց տարի: Երկրորդը. «Հայաստանի պետական շահերի» մասին խոսում է Փաշինյանի գլխավորած մի քաղաքական խումբ, որն իր իշխանավարման տարիների ընթացքում գերազանցապես սպասարկել է օտարների, այդ թվում՝ մեր երկրի ու ժողովրդի ուղղակի թշնամիների շահերը՝ ի վնաս, հասկանալի է, Հայաստանի պետական շահերի:
Այն, որ ՔՊ-ն կամ ավելի շուտ՝ Փաշինյանը նախընտրեց ԱԺ արտահերթ նիստի «մեխանիկական տապալումը», շատ բնութագրական և խոսուն է: Եթե իրենք այդքան վստահ լինեին իրենց վրա, ապա ամեն դեպքում հանգիստ կարող էին ԱԺ օրակարգ մտած հարցը քննարկել ու «դեմ» քվեարկել: Բայց ճշմարտության դեմ հանդիման մեկ անգամ ևս կանգնելն, ըստ երևույթին, իրենց ուժերից վեր է: Իսկ գուցե իրենք էլ վստահ չեն, որ խորհրդարանական «մեծամասնության» մի մասը հրաժարականի կոչին «կողմ» չէր քվեարկի...
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լուսաբացները այնքան էլ խաղաղ չեն, ինչպես որ փորձում են հրամցնել հանրությանը եւ իրենք իրենց: Մասնավորապես, տեղի մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշ պատգամավորների ՔՊ խորհրդի նիստում փորձել են «ատամ ցույց տալ», սակայն, «ատամները ջարդվել են» տեղում: Մասնավորապես, Փաշինյանը ուղիղ տեքստով հասկացրել է բոլորին եւ անհատապես, որ իր հետ, այսպես ասած, փուռն են գնալու բոլորը, եւ որ մեկը հանկարծ չփորձիի րեն լավ տղա զգա: Հասկացնելով, որ ոչ ոք առանց կոմպրոմատ չի»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայ առաքելական եկեղեցին իր պատմության ողջ ընթացքում ահռելի դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում՝ իրացնելով հայապահպան կարևորագույն գործառույթ և ծավալելով քաղաքական, տնտեսական, ինչպես նաև մշակութային հսկայական գործունեություն։ Վերջին 1700 տարվա պատմության ընթացքում Հայաստանը քանիցս պետականություն չի ունեցել, և հենց Եկեղեցին է կազմակերպել ու իրականացրել կառավարումը, ֆինանսների տնօրինումը, մշակույթի, գրականության պահպանումը, կրոնի տարածումը։ Եկեղեցու դերը հատկապես ահռելի է Սփյուռքի գաղթօջախներում, որոնք տասնամյակներ շարունակ Եկեղեցու շուրջ են հավաքված եղել և այսօր էլ կան, չհաշված, որ հենց Եկեղեցու միջոցով է բարեգործական, մշակութային, լեզվապահպանման գործ իրականացվել։
Անկախ ամեն ինչից՝ Եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային, բարոյականության ուղենիշ է եղել, և կարելի է առանց կասկածի նշել, որ 21-րդ դարի հայ մարդու ձևավորման գործում ամենակարևոր դերն ունեցել է Եկեղեցին, հատկապես բարոյական, հոգևոր գաղափարների առաջ մղման, ավանդույթների պահպանման, դաստիարակման, կրթության հարցում։ Բնավ զարմանալի չէ, որ այսօր հենց Հայ առաքելական եկեղեցին է կանգնած երկրի ու ժողովրդի համար պատուհաս դարձած իշխանությունների դեմ պայքարի հիմքերում։ Ի վերջո, որքան էլ սահմանադրորեն և օրենքներով արձանագրված լինի Հայաստանի աշխարհիկ պետություն լինելը, Հայաստանն ավելի շուտ մի ազգ՝ քրիստոնյա հայերով բնակեցված պետություն է, որտեղ Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը անհնար է թերագնահատել, և բարոյական, հոգևոր ու քաղաքական ծանր անկումների պահերին, բնականաբար, հայ ժողովուրդը համախմբվելու կարևորագույն առաքելությունը դիտում է հենց Եկեղեցու մեջ։
Այսօր ընդդիմադիր շարժումը գլխավորում է Հայ առաքելական եկեղեցու հոգևորական, հենց եկեղեցին է, որ իր հայրական խոսքով կարողանում է սփոփանքի բառեր հասցնել հանրությանը: Եվ որոշ շրջանակների, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների ու նրանց սատելիտների հակաքարոզչությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ, աղանդավորների թվի ահռելի աճը, ինչպես նաև միջազգային ու տեղական կազմակերպությունների, ֆինանսական կառույցների արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ, վկայում է առաջին հերթին այն մասին, որ նրանք հենց Եկեղեցուց են վախենում, հասկանում են, որ Հայ առաքելական եկեղեցին է գործող իշխանությունների վարած քաղաքականության դեմ պայքարի առաջամարտիկն ու գլխավոր ուղենիշը։ Հայաստանում կարող է հաջողել միայն այն իշխանությունը, որը սերտորեն կապված կլինի Հայ առաքելական եկեղեցու հետ, իր քաղաքականության մեջ հաշվի կառնի Եկեղեցու ազգապահպան, հոգևոր, գաղափարական ու ազգային բարոյական ուղենիշները։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանում եւ Երեւանից դուրս հայտնվել են ցուցանակներ՝ «Գուլֆ» բենզալցակայանի լոգոտիպով, գրված․ «Բացումը՝ շուտով»: Դեռեւս 2021-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց, որ բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի, եւ թույլատրեց «Մեգա Թրեյդ» եւ «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով համակենտրոնացումը, այսինքն` միավորումը: Այդ ընկերությունների 2023 թ. հոկտեմբերի 4-ի դիմումների հիման վրա հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։ Նոր ընկերությունը զբաղվելու է նավթամթերքի մանրածախ առքուվաճառքով, գործելու է Gulf ապրանքային նշանի ներքո։
«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնեմասը պատկանում է Գարեգին Մկրտչյանին, ով նաեւ «Կոտայք» գարեջրի գործարանի 100% բաժնետերն է: Նրան է պատկանում «Այ Ջի Բի» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մանրածախ առեւտրով։ 2021-ից Գ․ Մկրտչյանը նաեւ «Բեգլաս» ՍՊԸ-ի 33% բաժնետերն է: 2021 թվականին մամուլում շրջանառվեցին տեղեկություններ, որ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն փոխկապակցված է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ: Բենզալցակայանները հիմնականում բացվում են ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի նախկին բենզալցակայաններում, որոնք տեւական ժամանակ անտերության էին մատնված: Մյուս՝ «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ի սեփականատերերն ազգությամբ վրացիներ են` Իվանե Նակաիձեն եւ Դավիդ Յակոբաշվիլին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Շանթ» եւ մի շարք այլ ընկերությունների սեփականատեր Վարշամ (Յուրա) Ղարիբյանը, մեր տեղեկություններով, օրերս հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ԱԱԾ տնօրենին՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ հանցագործությունների գործերով վարչության պետ, զինվորական դատախազի տեղակալ Վահագն Ժուլվերի Մուրադյանի կողմից առերեւույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Գործարարի եւ դատախազության հնաբնակի միջեւ վեճը, հիշեցնենք, տասնամյակների պատմություն ունի, սակայն թվում է, թե հեղափոխությունից հետո «ժողովրդավարության բաստիոնում» հետամուտ կլինեին գործարարին «քցող» դատախազին պատասխանատվության ենթարկելու առնչությամբ։ Ղարիբյանը Մուրադյանից 19 միլիոն դրամի պարտք ու պահանջ ունի։ Վեճը սկիզբ է առել 2005-ին եւ անվերջ ձգձգվում է՝ մի դատարանից անցնելով մյուսը։ Բանն այն է, որ 2005 թ. հոկտեմբերին Ղարիբյանն ու Մուրադյանը նոտարական կարգով կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, որով Ղարիբյանը վաճառել է Շեւցովայի փողոցում գտնվող գործարանը՝ 19 միլիոն 500 հազար դրամով։
Ըստ գործի տվյալների. «Վ. Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելուց հետո Վ․ Մուրադյանը 2008-2011թթ. ընթացքում ձեւական առքուվաճառքի պայմանագրեր կնքելու եղանակով, 885 հազար դոլար իրական արժողությամբ գույքը 163 հազար 542 դոլարով առքուվաճառքի ձեւական պայմանագրերով ձեւակերպել է իր 2 մտերիմների անուններով՝ տվյալ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու համար, որից հետո գույքը ձեւական առքուվաճառքի պայմանագրով ձեւակերպել է իր անունով՝ ավարտին հասցնելով նախապես մշակված ծրագիրը»: Մուրադյանի տարեկան հայտարարագրերից երեւում է, որ նա բնակարաններ, տներ, գործարաններ ունի Երեւանի կենտրոնում, առանձնատուն՝ Գերմանիայում, դրամական մեծ միջոցներ։ Ղարիբյանն ակնկալում է, որ այս անգամ ՀՀ գլխավոր դատախազն անաչառ եւ օբյեկտիվ կգտնվի` կստուգի նշված հանգամանքները: Մենք տեղեկացանք, որ Ղարիբյանը նաեւ ՄԻԵԴ է դիմել։