VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեեւ ՀՀ Սահմանադրությունն ասում է. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով», բայց մեր պատգամավորներն առաջնորդվում են ոչ թե խղճով ու համոզմունքներով, այլ «վերեւից» իջած կարգադրություններով: Նրանց կառավարում է ՀՀ վարչապետը, թեեւ, ըստ օրենքի, ինքն է կախված ԱԺ մեծամասնությունից: Նրանց կառավարում են նաեւ որոշ երկրների դեսպաններ: Երեկ, երբ շարժումն ԱԺ-ի մոտ էր՝ կառավարության հրաժարականի պահանջով, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շտապել էր այցելել խորհրդարան` ԱԺ նախագահի հետ «Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը եւ հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը քննարկելու»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․Խորհրդարանի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ միջնորդություն ներկայացրին Ազգային ժողովի խորհրդին՝ այսօր կամ մինչեւ հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման օրակարգով։ Միջնորդության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանի ինքնիշխանությունն անմիջական սպառնալիքի տակ է։ Գործող կառավարությունը ձախողել է ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը... Պահի հրամայականն է, որ պետության կառավարումը, քաղաքական համաձայնությամբ, խաղաղ եւ անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձինք»։
ԱԺ խորհուրդը, ինչպեսեւ սպասելի էր, երեկ մերժեց ընդդիմության միջնորդությունը: Սա նշանակում է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին օրենքի ուժով կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Սակայն, մեր տեղեկություններով, ՔՊ ֆրակցիան երեկ քննարկել է եւ որոշել է չներկայանալ օրենքի ուժով հրավիրված նիստին՝ ըստ էության անտեսելով ժողովրդական պահանջը։ Իսկ եթե չներկայանան, ապա քվորումի բացակայության պատճառով նիստ չի գումարվի: Հիշեցնենք, որ կիրակի օրը շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն անձամբ կոչ արեց խորհրդարանականներին՝ ընդունել նման ուղերձ։ ՔՊ-ում երեկ հպանցիկ խոսել են նաեւ, թե ինչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում՝ խորհրդարանի մոտ, եւ ինչ պետք է անեն իրենք։ Սակայն նրանց հանգստացրել են, որ բանը դրան չի հասնի, այսինքն՝ ուժ կգործադրեն, թույլ չեն տա, որ ազգընտիրների անդորրը խաթարեն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա՝ ընդդիմության նախաձեռնած կառավարության հրաժարականի օրակարգով նիստին քվորում չապահովելու ու նիստը տապալելու: Այսպիսով, ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 11-ին կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: ԱԺ խորհրդի նիստին, սակայն, ՔՊ-ն միաձայն մերժեց այսօր արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը: Օրենքի ուժով՝ արտահերթ նիստը կկայանա հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 17-ին: Արդեն իսկ կա ԱԺ նախագահի կարգադրությունն այդ մասով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ ԱԺ խորհրդի նիստից հետո, ՔՊ-ն խմբակցության նիստի ժամանակ եւս այս հարցը քննարկել է: Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց օրակարգում կառա վարության հրաժարականի հարց չկա. ուստի այդ օրը չեն գնա եւ քվորում չեն ապահովի, այսինքն՝ կտապալվի նիստը: Ընդ որում, ՔՊ-ում տարաձայնություններ այս մասով չեն էլ եղել, բոլորը միաձայն այն կարծիքին են եղել, որ ընդդիմության նախաձեռնած նիստը՝ կառավարության հրաժարականի հարցով, չպետք է կայանա, որքան մարդ ուզում է հավաքվի փողոցում»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հանուն Արևմուտքի շահերի: Միևնույն ժամանակ այս կառավարության ներկայացուցիչները պարբերաբար խոսում են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին: Իսկ ինչքանո՞վ է Հայաստանի տնտեսությունը հետաքրքիր Արևմուտքին, և ի՞նչ ցուցանիշներ ունենք այս պահի դրությամբ նշյալ «դիվերսիֆիկացիայի» տեսանկյունից: 2024 թվականի առաջին չորս ամսվա տվյալներով, ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները նվազել են 24,3 տոկոսով: Մասնավորաբար, Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 148 մլն (անկումը՝ 35,8 տոկոս), Ֆրանսիայի հետ՝ 42 մլն դոլար (անկումը՝ մոտ 17 տոկոս):
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա առևտրաշրջանառությունը նվազել է միանգամից 39 տոկոսով՝ կազմելով մոտ 144 մլն դոլար: Ցավալիորեն, այս առումով վիճակը լավ չէ նաև Վրաստանի և Իրանի պարագայում: Իրանի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 7,9 տոկոսով (202,7 մլն դոլար), իսկ Վրաստանի հետ՝ 6,5 տոկոսով (80,1 մլն դոլար): Իսկ որևէ երկրի հետ արտաքին առևտրաշրջանառության առումով աճ արձանագրվե՞լ է, արդյոք: Պարզվում է՝ այո: Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները Ռուսաստանի հետ աճել են միանգամից 3 անգամ և կազմել... 6,3 մլրդ դոլար: Աճ արձանագրել է նաև առևտրաշրջանառությունը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, ընդ որում՝ մոտ 7 անգամ՝ հասնելով 2,8 մլրդ դոլարի, սակայն փորձագետների համոզմամբ, այս աճի «թիկունքում» առավելապես ռուսական ձեռնարկություններ են: Այսինքն, ստացվում է հետաքրքիր պատկեր. հավաքական Արևմուտքին գնալով ավելի քիչ է հետաքրքրում Հայաստանի տնտեսությունը, իսկ փաշինյանական դիվերսիֆիկացիայի արդյունքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ խմբակցությունը երեկ իր նիստում մերժել է ՀՌՀ անդամի համար առաջադրված երկու թեկնածուին էլ՝ Զառա Արամյանին՝ Համով Զառային, եւ Գոհար Մուրադյանին։ Իշխող ֆրակցիան անցած շաբաթ փակ հանդիպում էր ունեցել թեկնածուների հետ, հարցեր տվել, փաստորեն, երկուսն էլ քննությունից «կտրվել» են։ Թեկնածուներից ոչ մեկը ներկա 50 անձի կեսից ավելիի ձայնը չի ստացել, թեպետ Զառայի օգտին ավելի շատ են կողմ քվեարկել։ Սա նշանակում է, որ նոր մրցույթ կհայտարարեն, մինչեւ գտնեն իրենց սրտի թեկնածուին։ Ի դեպ, ֆրակցիան քննարկել է նաեւ փաստաբաններին, նոտարներին ԱԱՀ հարկով հարկելու՝ աղմուկ հանած նախագիծը եւ որոշել, որ «զադնի չեն դնելու»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մայիսի 1-ից մինչ օրս հարկատուների միջոցներից սնվող Հանրային հեռուստաընկերությունը 37 պետական գնում է կատարել եւ բոլորը՝ 1 անձից ուղիղ գնման ընթացակարգով, առանց մրցույթի։ Այսինքն, Հ1-ի տնօրինությունը՝ Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ, մրցույթ չի հայտարարել, այլ ումից ինչ գնով ցանկացել` գնել են, մեկ է` փողը հո իրենց գրպանից չեն վճարում, ի՞նչ կարիք կա հարկատուների գումարները խնայելու։ Իսկ գնումները տարբեր բնույթի են․ մաստիկայից մինչեւ նվագախմբի ծառայություններ, սննդամթերքի ձեռքբերում եւ այլն։ Նշված գնումների ընդհանուր գումարը կազմում է 10 մլն 584 հազար 710 դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ «Հայփոստ» ՓԲԸ-ն գահավիժում է` արձանագրելով աստղաբաշխական վնասներ, այնտեղ հանգրվանած ՔՊ պատգամավորի կինը հերթական ֆինանսական «բարձունքն» է ապահովում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայկ Կոնջորյանի կնոջ տարեկան աշխատավարձը «Հայփոստում» 2021-ին 6.8 միլիոն դրամ էր, 2022-ին՝ 9.5 միլիոն, ապա 2023-ին՝ արդեն 10.5 միլիոն դրամ։ Ի դեպ, Շուշան Ալեքսանյանի աշխատավարձը 6 անգամ գերազանցում է կազմակերպության 3064 աշխատակիցների միջին աշխատավարձը, որոնց տարեկանը 1.8 միլիոն դրամ է` Ալեքսանյանի 10.5 միլիոնի համեմատ։ Հիշեցնենք, որ Փաշինյանը իշխանության եկավ «թալանից փրկելու» լոզունգներով։ Հ.Գ. Հիշեցնենք, որ «Հայփոստ» ՓԲԸ 100% բաժնետերը ՀՀ կառավարությունն է»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին լրագրող, այժմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը 2023 թվականին զբաղված է եղել ոչ միայն Երևանի ավագանու ընտրություններով, այլ նաև գույքերի նվիրատվությամբ։ Վահագն Հովակիմյանը տարեսկզբին միանձնյա սեփականությամբ 3, և համատեղ սեփականությամբ 1 անշարժ գույքեր է հայտարարագրել՝ 2 հողամաս, 1 հողին ամրակցված այլ անշարժ գույք և 1 Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այլ շինություն։ Նշված 4 գույքերը գտնվում են Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում. դրանք Հովակիմյանը նվիրատվություն է ստացել 2020 թվականին, անհայտ է՝ ում կողմից։ Նկատենք, որ նա մշտապես եղել է պետպաշտոնյա և պարտավոր է իր նվիրատուների մասին հրապարակավ հայտնել: 2023 թվականի ընթացքում Հովակիմյանը ևս մեկ հողամաս նվիրատվություն է ստացել եղբորից՝ Հայկ Միսակի Հովակիմյանից։
2023 թվականի ընթացքում Հովակիմյանը իրեն պատկանող 2 հողամասը և անհատական բնակելի տունը, որի մասին տարեսկզբին առկա գույքի աղյուսակում նշված չէր, նվիրատվություն է արել կրկին Հայկ Հովակիմյանին։ 2023 թվականի տարեվերջին՝ Հովակիմյանի խառնիխուռն գործարքներից հետո, իր սեփականության տակ մնացել է 2 հողամաս և 1՝ հողին ամրակցված այլ անշարժ գույք։ Վահագն Հովակիմյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2021 թվականին 2 մլն դրամով գնված 2012 թվականի արտադրության Nissan մակնիշի մեքենա։ Հովակիմյանի բանկային ավանդները կազմել են 100 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդներն ընդհանուր առմամբ՝ 19 մլն 455 հազար դրամ և 6 հազար ԱՄՆ դոլար։ Հովակիմյանը հայտարարագրել է 1 մլն դրամ կանխիկ գումար։
Նրա՝ 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 38 մլն 301 հազար դրամ, որից 20 մլն դրամը վարկից ձևավորված եկամուտ է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 18 մլն 999 հազար դրամ, որից 15 մլն դրամը տան կառուցապատման հիփոթեքի մայր գումարն է. սակայն, անհասկանալի է, թե որ տան, եթե տարվա ընթացքում անհատական բնակելի տունը Հովակիմյանը նվիրատվություն է արել եղբորը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի աշխատանքի վարձատրությունը կազմել է 17 մլն 767 հազար դրամ, սակայն, բացի սրանից, քաղաքացիական այլ պայմանագրերից ԿԸՀ-ից ստացել է ևս 534 հազար դրամ։ Հարկ է հիշեցնել, որ երբ 2021 թվականին Հովակիմյանը ԱԺ պատգամավոր էր, նրա տարեկան եկամուտը կազմում էր 7 մլն 437 հազար դրամ, իսկ անշարժ գույքերի խառը նվիրատվություններով նրա հայտարարագիրն այդքան էլ հարուստ չէր»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մրցութային խորհուրդը չորրորդ փորձից ընտրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության 2 թեկնածուին: Մեկը հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանն է, ում ՔՊ-ն անցած տարեվերջին չընտրեց: Թերեւս հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին մերժելու պատճառով: Երկրորդ թեկնածուն Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ անդամ, իրավաբան Վաղարշ Աղաբեկյանն է։ Հիշեցնենք․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր է արդեն շուրջ կես տարի, երբ ՔՊ-ն վերջին պահին որոշեց պատժել Հարությունյանին` փակ հանդիպումից արտահոսքի եւ որոշ ՔՊ-ականների դեմ սկսված վարույթների համար: Հարությունյանի հետ կատարվածը շատերի վախը բռնել է` թեկնածուներ չէին առաջադրվում, հունիսի 7-ին մրցութային խորհուրդն ի վերջո 2 թեկնածուի ընտրել է, թե ում կընտրի ՔՊ-ն, դեռ վերջնական որոշում չկա, սակայն շատերը չեն ընկալում՝ 6 ամիս առաջ Նարինե Ավետիսյանին մերժելուց հետո հիմա ինչ հիմքով են ընտրելու նույն անձին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շատ ենք խոսել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության ոչ պրոֆեսիոնալ, հաճախ զարմանք առաջացնող գործելաոճով հայկական ֆուտբոլը գլորվում է անդունդը: Պետությունից ստանալով հսկայական գումարներ՝ ՀՖՖ-ն սկսել է սպորտային միջոցառումներ հյուրընկալել ու դրանց անցկացման համար պետբյուջեից՝ հարկատուների հաշվին հարյուր միլիոնների գումարներ ստանալ, իսկ այդ միջոցառումներն ուղղակի կապ չունեն ֆուտբոլի զարգացման հետ: Օրինակ՝ ՀՀ կառավարությունը, մարտի 7-ի որոշմամբ, ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով ԿԳՄՍՆ-ին փոխանցեց 279 մլն 954 հազար դրամ: Մրցաշարը կայացավ, եզրափակիչ հանդիպումը մարդաշատ էր, սակայն կիսաեզրափակիչները՝ ոչ այնքան: Հասկանալի չէ, թե ինչու այդքան մեծ գումարներ տրվեց պետության կողմից մի միջոցառման, որը, մեծ հաշվով, ոչինչ չէր տալու: Իհարկե, միջոցառման կազմակերպիչնեը պատկառելի գումարներ աշխատեցին, բայց ֆուտբոլը չզարգացավ ու Հայաստանի ֆուտբոլային հեղինակությունը չաճեց:
Հարց է օրինակ՝ եթե այդքան գումար տրամադրվեր սպորտային այլ ֆեդերացիայի, ապա ինչքան դրական արդյունքներ կունենային. բայց ոչ՝ պետությունը միշտ պատրաստ է «անհասկանալի» գումարներ շաղ տալ որեւէ արդյունք չտվող ֆուտբոլի ֆեդերացիային, որտեղ որոշիչ պաշտոններում են ՀԺ-ի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանը ու այժմ ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնող, նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը: Վերջինս, ի դեպ, ջերմ անձնական հարաբերություններ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որը կառավարությունից խնդրեց այդքան մեծ գումար: Հիմա էլ ՀՖՖ-ն Production-ի վերածած Արմեններն իրենց հիմնական գործը ու հավաքականների խայտառակ ելույթները թողած՝ նոր զբաղմունք են գտել, այն է՝ Վրաստանի հետ համատեղ 2029 թվականին անցկացնել աշխարհի երիտասարդական առաջնությունը: Իհարկե, հաճելի է խոշոր միջոցառում հյուրընկալելը, սակայն պետությունը պետք է պարզաբանի, թե ինչու հարկատուների հաշվին խոշոր գումարներ է տալիս հատկապես ՀՖֆ-ին, ու որտեղ է հաշվարկը, ուսումնասիրությունը, որով պարզ կդառնա այդ գումարների արդյունավետությունը, դրա նպատակահարմարությունը եւ արդոք ինչ ընկերություններ են մասնակցելու միջոցառումների կազմակերպմանը, շինարարական աշխատանքներին եւ այլն:
Հ.Գ. Վրաստանի հարկատուները թերեւս հարցեր չունենան իրենց կառավարությանը, քանզի այնտեղ ֆուտբոլն իսկապես զարգանում է, ու ոլորտը գտնվում է պրոֆեսիոնալների ձեռքում: Մեր հարեւաններն այս տարի պատմության մեջ առաջին անգամ մասնակցում են Եվրոպայի առաջնությանը, նրանց տարբեր տարիքային հավաքականները հիանալի արդյունքներ են գրանցում, ու Վրաստանի ֆուտբոլը փայլուն ապագա ունի: Ինչ վերաբերում է մեզ, ապա, մեղմ ասած, ոչ փայլուն հանդիպումներ են անցկացնում թե՛ Հայաստանի մեծահասակների հավաքականը, թե՛ տարբեր տարիքայինների ու կանանց հավաքականները: Գրանցված արդյունքների մասին եւս մեկ անգամ անդրադառնալու կարիք, թերեւս, չկա. որոշ դեպքերում գործ ունենք խայտառակ հաշիվների ու արդյունքների հետ: Սրան զուգահեռ՝ Արմենների ղեկավարած ֆեդերացիան անընդհատ կոնֆլիկտների մեջ է ակումբների հետ, մասնավորապես՝ նույնիսկ մարզադաշտ տրամադրելու խնդիր են ստեղծել Հայաստանի չեմպիոն «Փյունիկի»-ի համար. վերջինիս գլխավոր մարզիչը հայտարարեց, որ դիմել են ՈՒԵՖԱ-ին, որպեսզի ՉԼ խաղերը խաղան Թբիլիսիում:
Ըստ լուրերի՝ խնդիրներ ունի նաեւ «Արարատ Արմենիա» ՖԱ-ն՝ կապված գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ. այս մարդկանց կառավարման տարիներին մամուլը բացմիցս խոսել է պայմանավորված խաղերի, բուքմեյքերների հետ փոխկապակցված թիմերի, խաղադրույքներում ներգրավված անձանց ու բարձրագույն խմբում հանդես եկող ակումբներում գտնվելու մասին, սրանից զատ՝ փակվել են «Լոռի», «Նորավանք», «Սեւան» եւ այլ ակումբներ, ավելին՝ կան հայ ներդրողներ, որոնք գնացել ու թիմ են պահում հարեւան Վրաստանում: Թե որքան է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պահելու արդյունք չտվող այս մարդկանց իր հովանու ներքո, դժվար է ասել, սակայն ֆուտբոլային երկրպագուների ու այս սպորտի սիրահարների շրջանում վաղուց արդեն հասունացել է բունտ, որը սպասում է փոքրիկ խայծի: Իսկ, մինչ այդ, ֆեդերացիան պահում է ջերմ հարաբերություններ իշանական տարբեր աթոռների «հայտնվածների» հետ՝ նրանց հավաքականի ինքնաթիռով արտասահման տանելով կամ խաղերի ժամանակ կառավարական օթյակում նստատեղ հատկացնելով: Իհարկե, մենք փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ՀՖՖ-ից՝ վերը նկարագրվածի մասին. սակայն անպատասխան մնացին մեր զանգերը եւ երկար ժամանակ է, ինչ ՀՖՖ-ն անպատասխան է թողնում մեր հարցերը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվությանը զուգահեռ՝ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է քննչական կոմիտեի ԱԱԾ քննիչների պաշտոնների բարձրացման գործընթացը։ Երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գեւորգ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից: Թե նշանակումները ինչ հետեւանք կունենան ակցիայի մասնակիցների գործողությունների վրա, ցույց կտան իրադարձությունները։ Փաստ է մեկ բան՝ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը նոր պաշտոնների նշանակումներով»։