24.11.2024
Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան. Չալաբյան
prev Նախորդ նորություն

Եկեղեցու դեմ օրինագիծը՝ նոր փուլում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում ակտիվ քննարկումներ են Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու վերաբերյալ: ՔՊ-ական պատգամավորների գերակշիռ մասը, ըստ մեր աղբյուրի, համաձայն չէ Փաշինյանի «առաջարկած» մոդելին` «եկեղեցուն պետք է հարկել, հետո այդ գումարները հետ վերադարձնել»՝ ապահովելով միայն թափանցիկություն։ Փաշինյանն այդ մասին բարձրաձայնել էր խորհրդարան-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում։ Իշխող ֆրակցիայում տեսակետ է հնչել, որ եկեղեցուն պետք է շահութահարկով հարկել, ասենք` մոմի վաճառքից կամ ծեսերից ստացված հասույթը՝ մկրտություն, պսակադրություն եւ այլն, ինչպես նաեւ՝ հարկեր սահմանել ծիսական պարագաների ներկրման եւ  իրացման նկատմամբ։


Հիշեցնենք, որ եկեղեցին այսօր էլ հարկվում է իբրեւ կրոնական կազմակերպություն եւ խոշոր հարկատուների շարքում է, եկամտահարկ է վճարում։ Այնուհանդերձ, որոշ հարկատեսակների մասով կառավարությունը որոշակի արտոնություններ է կիրառում, օրինակ, ՀԱԵ հասցեով ստացված բեռների ներմուծման մի շարք ծրագրեր որակվում են բարեգործություն, ինչն արտոնություն է սահմանում հարկերի, տուրքերի գծով։ Հարկային արտոնությունների մյուս խումբը, որ սահմանված է օրենքով, վերաբերում է եկեղեցուն պատկանող անշարժ գույքը հարկերից ազատելուն։ ՔՊ-ում կարծում են, որ այդպիսի նախագիծ, ամենայն հավանականությամբ, կներկայացվի ԱԺ հաջորդ նստաշրջանին։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն, գործի դնելով ձեռքի տակ ունեցած ողջ ռեսուրսները, որոշել է «հաշվեհարդար» տեսնել հայ առաքելական եկեղեցուց: Թեեւ «թավշյահեղափոխականները» դեռ 2018թ-ին՝ իշխանության գալուց անմիջապես հետո էին արշավ սկսել ըննդեմ Հայոց եկեղեցու եւ Վեհափառի՝ «նոր Հայաստան, նոր հայրապետ»… բայց այն բանից հետո, ինչ Եկեղեցին իր բողոքի ձայնն է բարձրացնում հայրենիքի մաս-մաս հանձնման դեմ, ՔՊ-ականներն այլեւս անթաքույց ու ամբողջ ռեսուրսով հարձակման են անցել ընդդեմ եկեղեցու: Նախ տարբեր առիթներով հեգնում եւ թիրախավորում են Վեհափառին եւ հոգեւորականներին, խայտառակ ձեւով խոչընդոտում են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, եկեղեցու կողմից բարձրացված բողոքի ձայնի ֆոնին «հանկարծ» հիշում են եկեղեցին հարկելու մասին: Այս ամենը, սակայն, ՔՊ-ին բավարար չէ, որոշել են տարբեր միջոցներով կռիվ տալ եկեղեցու դեմ:


Երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որն ԱԺ ամբիոնից 2021 թվականին հպարտորեն հայտարարում էր, որ աթեիստ է, առաջարկել է փակել հոգեւոր-մշակութային ուղղվածություն ունեցող «Շողակաթ» հեռուստաալիքը, որով հիմնականում Աստվածաշնչյան եւ կրոնական հաղորդումներ են ցուցադրվում: ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է «Շողակաթին» հատկացվող գումարը տրամադրել իրենց «խոսափողը» հանդիսացող Հ1-ին: «Չի՞ լինի՝ այդ 206 միլիոնը տանք Հանրայինին, ինքը հարստացնի իր մշակութային, կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ տա ու «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես», – երեկ ԱԺ-ում դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին՝ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Այս ամենից կարող ենք մի հետեւություն անել՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գրեթե բոլոր ոլորտների հետ «հաշվեհարդար» տեսել է, հիմա հերթը հասել է եկեղեցուն»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վախճանը գուժող իշխանությունը երեկ իր ունեցած ողջ ռեսուրսով լծվել էր վարդենիսյան այցն ու հանրահավաքը հարամելու գործին։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խստիվ արգելել էր մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին` մասնակցել հանրահավաքին, սպառնացել էր` հակառակ դեպքում կզրկվեն աշխատանքից, իսկ Վարդենիսի համայնքապետ, ծպտյալ ՔՊ-ական Ահարոն Խաչատրյանը ենթակաների միջոցով հանրահավաքից ժամեր առաջ տեղի արցախցիների հետ հրատապ հանդիպում էր նախաձեռնել: Հանրահավաքից կես ժամ առաջ՝ 17.30-ին, նրանց հրավիրել էին մշակույթի տուն՝ իբր սոցիալական հարցեր քննարկելու։ Մեզ զանգահարած արցախցին, ով խնդրեց իր անունը չգրել, համոզված էր, որ միտումնավոր են այդ օրը, այդ ժամին հանդիպում նշանակել՝ փորձելով արցախցիներին հետ պահել հանրահավաքից։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտում յուրաքանչյուր ակտիվության ժամանակ Նիկոլ Փաշինյանը շրջանառում է թեզեր, թե այս կամ այն առաջնորդը ուղիղ կամ անուղղակի ղեկավարվում է «նախկինների» կողմից: Ու, հետեւաբար, հարց է առաջանում՝ ինչու են ներկա դերակատարները վախենում «նախկիններից»: Պարզ է, որ ցանկացած փոփոխության դեպքում՝ խոսքը իշխանափոխության մասին է, այն իր հետ բերելու է ծանր հետեւանքներ հայրենիք հանձնող ՀՀ գործող իշխանության համար: Սակայն, հատկապես «նախկինների» վերադարձի դեպքում, անխուսափելի է լինելու առավել դաժան պատիժը գործողների նկատմամբ, որոնք իրենց գործունեության 6 տարիներ ընթացքում հայկական երրորդ հանրապետությունը հանձնեցին թշնամուն, տվեցինք մոտ 5000 զոհ, եւ նրանք շարունակում են ամենակոռումպացված ձեւով իշխանավարել՝ ոչնչացնելով մեր երկրում բոլոր տեսակի արժեքները: Ահա թե ինչու են գործող իշխանությունները հատկապես «նախկիններից» վախենում. նրանք առավել դաժան են պատժելու գործողներին»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի եւ կնոջ՝ Աննա Հակոբյանի հրապարակային ակտիվությունն անգամ ՔՊ-ականներից շատերին է նյարդայնացնում, հատկապես՝ կնոջ, որը, ներքաղաքական լարվածությանը զուգահեռ, աճում է: Նրա հայտնվելը երեւանյան փողոցներում` լանջաբաց հագուստով, սելֆին, որը բուռն արձագանքի է արժանացել ոչ միայն իշխանություններից դժգոհ շրջանակներում, այլեւ՝ իշխանական։ ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ պատգամավորների շրջանում քննարկել են տիկնոջ երեւանյան զբոսանքը, վարքը, տեսքը եւ արձանագրել, որ «Աննան համը հանում է»: Մեր աղբյուրը տրտնջաց․ «Մեզ ասում են՝ հանրային վայրեր շատ դուրս մի եկեք, զուսպ եղեք, մի բորբոքեք մարդկանց, իսկ իրենք բզբզում են մեղվի փեթակը»։


Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն էլ է սկսել ակտիվ բլոգերություն անել եւ մարդկանց նյարդերի հետ խաղալ: Երեկ` լույսը դեռ չբացված հեծանիվ վարելու կադրերը եւ հետո` կոչ-հրավերը, որ եկեք ինձ հետ հեծանիվ վարելու Երեւանի փողոցներում՝ բնականաբար, ախրանայի ուղեկցությամբ, ըստ ամենայնի, մի նպատակ ունի` հանրությանը ներշնչել, որ ինքը դեռ վայելում է լայն զանգվածների սերը եւ չի պատրաստվում հրաժարական տալ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով՝ Արեգասարի բարձունքի հանձնման գործընթացի քննության շրջանակում, Հակակոռուպցիոն դատարանը ծանուցումն այս անգամ ուղարկել է Արցախի «Եղնիկներ» զորամասի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանին: «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ Քյոխին հարցաքննելուց հետո՝ հերթը նրանն է։ Նշենք, որ գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակում։ Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9 ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար, ինչի հետեւանքով, ըստ քննչական կոմիտեի՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը եւ մատույցները, հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր եւ վիրավորներ»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Երկրում ծավալվող ժողովրդական պայքարի ու ընդվզման խորապատկերում ուշադրություն է գրավում այն, որ Նիկոլ Փաշինյանն իր «փիարային խորդանոցում» գտավ փոշեկալած յուր հեծանիվը ու սկսեց քշել: Ինքնին հասկանալի է՝ թիկնազորով շրջապատված: Դե, առավոտյան այնքան շուտ, որ փողոցներում գրեթե մարդ չլինի: Ու էլի հասկանալի է՝ նկարահանելով, մոնտաժելով, հրապարակելով: Այս տեմպերով Փաշինյանը միգուցե հիշի նաև կարկանդակի կամ եգիպտացորենի կողրի մասին: Զուգահեռ, տեսանյութեր են շրջանառվում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի տիկինը քայլում Երևանի ինչ-որ փողոցահատվածում, սրճում Վանաձորում... Դե, փիարը փիար է, ու միայն վարչապետի օրինակը պիտի տարածվեր «շարքերում»:


Ասում են՝ կարկառուն քպականներից մեկն էլ հիշել է, որ ստորգետնյա փոխադրամիջոց կա, և անգամ, օ՜, հրաշք, երթևեկել է մետրոյով (թեպետ իր պնդումից բացի, դրա այլ վկայություններ չկան): Իսկ այս ամենն իրականում մի տեսակ «հետիշխանափոխական» օրերի դեժավյուի է նմանվում, որ կարելի է պայմանականորեն բնորոշել որպես «ժողվարչապետ» ներկայացման հերթական արարներ: Իսկ ինչի՞ համար է այս ամբողջ ներկայացումը: Իրենց թիմին ու փոքրաթիվ կողմնակիցների՞ն են ուզում ցույց տալ, թե՝ ամեն ինչ OK է (Շամշադինի բարբառով ասած), առանձնահատուկ ոչինչ չի կատարվում, վիճակը վերահսկելի է: Հնարավոր է:


Բայց «դառը հաբն» այն է, որ թիմի ներսում էլ կույր չեն, հրաշալի տեսնում են, թե ինչ է կատարվում, անկախ այն բանից, թե ինչ «հունանավետիսյանական» խոսքեր են արտասանում տեսախցիկների առաջ: Իրականում Փաշինյանն ու յուր մերձավոր զինակիցները ամենադիտողունակ քաղտեխնոլոգից էլ լավ են հասկանում, որ իրենց իշխանության վարկանիշը զրոյական է, որ իրենք գործնականում կորցրել են իշխանությունը, իսկ որ ամենից վատն է իրենց համար՝ կորցրել են օրակարգ ձևավորելու հնարավորությունը: Հենց միայն այն, որ այս օրերին նորից հիշել են փոշեկալած արարները «ժողվարչապետության» մասին, ինքնին խոսում է այն մասին, որ այսօր, ուզենք թե չուզենք, ընդունենք թե չընդունենք, օրակարգ թելադրում է Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը: Ընդ որում, օրակարգ՝ նաև այս պահի իշխանությունների համար: Այսինքն, իշխանություններն իրենց քայլերով բացահայտ մատնում են, որ «ամեն ինչ OK» չէ: Թե բա՝ շարժումը մարում է, շարժումից իշխանություններն անհանգստացած չեն: Այդ դեպքում այս ամբողջ թատրոնն ինչի՞ համար է...


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով ընտրված, ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Սիսակ Գաբրելյանը 2023 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 12 մլն դրամ արժողությամբ. այն 2022 թվականի արտադրության է, VOLKSWAGEN մակնիշի։ Մինչ այս Սիսակ Գաբրիելյանը 2021 թվականին ձեռք էր բերել 2018 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը 2023 թվականի ընթացքում վաճառել է 8 մլն դրամով։ Որպես տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույք՝ պատգամավորը հայտարարագրել է 1 բնակարան բազմաբնակարան շենքում՝ ձեռք բերված 1987 թվականին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում եւ անհատական բնակելի տուն՝ ձեռք բերված 2021 թվականին Շիրակի մարզի Գյումրի համայնքում։


Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից հասկանում ենք, որ Գաբրիելյանի հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մայր գումարի մնացորդը կազմել է 17 մլն 990 հազար դրամ, որին կից նշումների բաժնում պատգամավորը գրել է. «2018 թ. ձեռք եմ բերել կառուցապատողից բնակարան, այն դեռ պատրաստ չէ»։ ԱԺ պատգամավոր եւ նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի բանկային հաշիվների մնացորդները նախորդ՝ 2022 թվականի համեմատ աճել են գրեթե 1 մլն դրամով, իսկ կանխիկ դրամական միջոցներ պատգամավորը չի հայտարարագրել։ Սիսակ Գաբրիելյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 25 մլն 870 հազար դրամ, որից 4 մլն դրամը վարկ է «Հայէկոնոմբանկ»-ից, 8 միլիոնը մեքենայի վաճառքից ստացված գումարն է, իսկ 1 մլն 940 հազար դրամը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, որը հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մայր գումարի մնացորդի մարման համար է՝ եկամտահարկի վերադարձի օրենքով։ Վաղեմի լրագրող Սիսակ Գաբրելյանն Ազգային ժողովից ստանում է 11 մլն 930 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, որը նախորդ տարվա համեմատ է աճել է 2 մլն 387 հազար դրամով»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները փորձում են ամեն կերպ ցույց տալ, թե իրենց չեն անհանգստացնում Սրբազան պայքարն ու ներքաղաքական լարված վիճակը, իրականում մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ առկա վիճակը բավական լարված մթնոլորտ է ստեղծել իշխող թիմի ներսում։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր թիմակիցներին հանգստացնել, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, լուրջ վախեր ունեն ոչ միայն քպական պատգամավորներն ու պաշտոնյաները, այլև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որը կարգադրել է ոստիկանությանը մաքսիմումի հասցնել իր անվտանգության ապահովման միջոցառումները:


Ըստ այդմ, ոստիկանական համակարգում անընդհատ մտածում են նորանոր «գործիքների» մասին, որպեսզի հանկարծ Նիկոլ Փաշինյանն անհանգստանալու առիթ չունենա: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիր Փաշինյանի այցի ժամանակ հանձնարարվել է ուղեկալներում կանգնած ոստիկաններին՝ ծայրահեղ ուշադիր լինել ճանապարհի ամեն մի անկյունին ու հատվածին, ստուգել ամեն ծառ ու թուփ: Ավելին, ոստիկաններին թույլ է տրվել անգամ վարչապետի շարասյանը մեջքով կանգնել, պատվի չառնել, միայն թե ոչինչ աչքաթող չանեն։