23.11.2024
Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում
prev Նախորդ նորություն

«Եզակի միջավայր». ՀՀ-ում ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնները մեկ տարեկան են

Չնայած Գեղարքունիքի մարզում ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրության կենտրոնները գործում են ընդամենը մեկ տարի, դրանք արդեն հայտնի են դարձել տեղի դպրոցականների շրջանում: «ՄԻՐ» (“МИР”) հիմնադրամի (Միջազգային զարգացման ինստիտուտ) և Ռուսաստանի հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի ստեղծած այս հաստատությունները 6-17 տարեկան երեխաների համար բացառիկ հնարավորություն են ընձեռում սովորելու ռուսաց լեզու, մշակույթ և հայ-ռուսական բարեկամության պատմություն:


Անցած ուրբաթ՝ մայիսի 31-ին, լրացավ Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ համայնքներում երկու կենտրոնների բացման մեկ տարին:


Ի պատիվ այս իրադարձության, կենտրոններում տեղի ունեցան ստեղծագործական միջոցառումներ այնտեղ սովորող երեխաների մասնակցությամբ: Դրանց մասնակցում էին նաև «Հաղորդակցությունների զարգացման միջազգային ինստիտուտ» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանը, հիմնադրամի ծրագրերի, Հայաստանում ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոնի ղեկավար Լուիզա Գումրոյանը, Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Դաշտոյանը, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչները, Սևանի ավագ դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները:



Առաջին կանգառը Սևան քաղաքի կենտրոնում էր։ Շնորհանդեսի միջոցով երեխաները հանգամանալից պատմեցին նրա գործունեության և տարվա ընթացքում իրականացված բազմաթիվ միջոցառումների մասին՝ հատուկ նշելով, որ այստեղ ոչ միայն գիտելիքներ են ստանում, այլև խթանում ինքնազարգացումը: Ավելին` այս կենտրոններում երեխաների մոտ զարգանում է քաղաքացիական պարտքի զգացում ՝ նրանց տրամադրելով «քաղաքացիական կրթություն»։


«Տարվա ընթացքում իրականացված միջոցառումների շարքում կարելի է առանձնացնել այն միջոցառումները, որոնք նվիրված էին Սահմանադրության օրվան և մեր քաղաքի բնապահպանական խնդիրներին։ Մենք հարցումներ ենք անցկացրել քաղաքում՝ փորձելով քաղաքացիների ուշադրությունը հրավիրել հատկապես բնապահպանական խնդիրների վրա», - պատմել են երեխաները Սևանի «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ։



Միջոցառման ընթացքում դպրոցականները կարդացին ռուս և հայ բանաստեղծների բանաստեղծությունները ՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմին: Նրանք նաև երգեցին և պարեցին ՝ ցուցադրելով մեկ տարվա ընթացքում ստացած իրենց գիտելիքներն ու հմտությունները:


Միջոցառման ավարտին «ՄԻՐ» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանն ընդգծեց, որ երեխաների հետաքրքրության և ուսուցիչների ջանքերի շնորհիվ Սևանի կենտրոնում «եռում է կյանքը»: Այս կապակցությամբ նա շնորհակալություն է հայտնել տարվա ընթացքում կատարված հագեցած աշխատանքի համար՝ նշելով, որ ուսուցիչներն ու երեխաներն իրականցրել են «հանրօգուտ աշխատանք»: «Դուք կատարել եք բոլոր խնդիրները, ոչ մի բողոք չի եղել։ Շնորհավորում եմ բոլորիս այս լավ օրվա կապակցությամբ», - ասաց Գագիկ Ալոյանը՝ պատվոգրեր հանձնելով ուսուցիչներին, Սևանի քաղաքապետարանի ներկայացուցչին և Սևանի ավագ դպրոցի տնօրենին:



Այս կենտրոնում երեխաները սիրով սովորում են ռուսերեն, նշեց կենտրոնի համակարգող, ռուսաց լեզվի ուսուցչուհին, որը 50 տարվա փորձ ունեցող մանկավարժ է: «Այս կենտրոնում երեխաները սովորում են ոչ միայն ռուսաց լեզու, այլև ճանաչողական դասընթացներ անցնում։ Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել։ Երեխաներն իսկապես աշխատում էին, գալիս էին և ցերեկը, և երեկոյան։ Եվ ես ուզում եմ մեր շնորհակալությունը հայտնել այն մարդկանց, ովքեր մեզ տվել են այդ հնարավորությունը», - VERELQ-ի հետ զրույցում ասաց նա՝ տեղեկացնելով, որ միայն Սևան քաղաքի կենտրոնում սովորում է 53 աշակերտ։


Աննա Առաքելյանը նրանցից մեկն է՝ Սևանի բնակիչ և ավագ դպրոցի աշակերտուհի։ Նա տեղի «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում սովորելու տարին անվանում է «հիանալի փորձ»:


«Առաջին հերթին, այս կենտրոնում սովորելու շնորհիվ ես կարողացա բարելավել ռուսաց լեզվի և գրականության իմ գիտելիքները։ Ավելին, մենք այստեղ շնորհանդեսներ ենք պատրաստել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ռուսական մշակույթը, ռուսական ճարտարապետությունը, Հայրենական մեծ պատերազմը, ինչպես նաև Ռուսաստանի օրը», - ասաց Աննան, որը նախատեսում է ընդունվել Սլավոնական համալսարան՝ ընտրելով ինժեների մասնագիտությունը:


Հայաստանում գործում է նման երեք կենտրոն, որոնք ուղղված են ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրությանը։ Բացի Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքների հաստատություններից, ևս մեկ կենտրոն է գործում Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում: Յուրաքանչյուր կենտրոն ունի իր ուրույն անվանումը: Սևանի կենտրոնը կոչվում է «Մշակույթ», Գավառի կենտրոնը՝ «Գրականություն», իսկ Արենիի կենտրոնը՝ «Տիեզերք»: Ընդհանուր առմամբ, ներկայումս երեք կենտրոններում միասին սովորում են ավելի քան 150 աշակերտ:


Նմանատիպ միջոցառում անցկացվեց նաև Գավառի «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում: Եվ այստեղ երեխաները հանդես եկան կենտրոնի գործունեության մասին շնորհանդեսով՝ ներկայացնելով տարվա ընթացքում իրենց իրականացրած բոլոր գործողություններն ու աշխատանքը: Միջոցառումներն ընդգրկում էին տարբեր ոլորտներ՝ ռուսաց լեզվի և մշակույթի ուսուցման դասերից մինչև հանդեսներ և ճանաչողական էքսկուրսիաներ:



Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը նշեց, որ Գավառի կենտրոնը միայն կրթական գործառույթ չի իրականացնում: «Այստեղ մեր երեխաները նաև իրենց միջոցառումներն են անցկացնում։ Սա եզակի ոչ ֆորմալ կրթական միջավայր է, որտեղ մեր երեխաները փորձում են բացահայտել իրենց հմտությունները, ինչպես նաև ինքնադրսևորվել: Կենտրոն են գալիս տարբեր դպրոցների և ուսումնական հաստատությունների երեխաներ։ Ինչ-որ առումով սա երեխաների հաղորդակցման վայր է», - ասաց Դաշտոյանը՝ կոչ անելով երեխաներին ակտիվորեն այցելել այս կենտրոն և օգտվել դրա հնարավորություններից։


Այս հաստատությունները, ինչպես VERELQ-ի հետ զրույցում նշեց Հայաստանում ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոնի ղեկավար Լուիզա Գումրոյանը, բացառիկ հնարավորություն են ընձեռում ռուսաց լեզվի, մշակույթի և պատմության ուսումնասիրության համար՝ նպաստելով երեխաների շրջանում քաղաքացիական գիտակցության զարգացումը և ինքնազարգացման հնարավորությունները:


«Այստեղ երեխաներն ուսումնասիրում են Ռուսաստանի պատմությունը, մշակույթը, ռուսական գրականությունը։ Ռուսաց լեզվի ուսուցումն ուղեկցվում է ինչպես մշակութային միջոցառումներով, այնպես էլ հենց երեխաների նախաձեռնություններով: Այսինքն՝ նրանք ընտրում են թեման, քննարկումներ են անցկացնում և դրա վերաբերյալ շնորհանդեսներ իրականացնում։ Գրեթե ամեն շաբաթ մենք ինչ-որ միջոցառում ենք անցկացնում՝ նվիրված ինչ-որ նշանակալի ամսաթվի», - պատմել է Գումրոյանը։


Այս կենտրոններում բոլոր տարիքային խմբերի դպրոցականները սովորելու բան ունեն: «Տարրական դասարանների երեխաների համար կազմակերպվում է ֆիլմերի դիտում, որից հետո նրանց հետ քննարկում են դրանց բովանդակությունը։ Միջին հասակի երեխաները սովորում են պատմություն, բանաստեղծություններ և արտասանական հմտություններ: Իսկ ավագ դպրոցի երեխաներն իրենք են պատրաստում իրենց ընտրած թեմաներով շնորհանդեսներ, ինչը հնարավոր է իրականացնել մեր կենտրոնների տեխնիկական հագեցվածության շնորհիվ», - եզրափակեց Լուիզա Գումրոյանը։