Հայաստանում բավականին անհասկանալի գործընթաց է ընթանում, որոշ առումով նաև մանիպուլյացիոն. բոլոր նրանք, ովքեր խոսում են և հարցեր են բարձրաձայնում, պիտակավորվում են իշխանությունների կողմից, թե պատերազմ են ուզում, խաղաղություն չեն ուզում: Իրականում հասկանալի է, որ բոլորն են ուզում խաղաղություն, բայց որտե՞ղ են միջազգային երաշխիքները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթաց, բայց իրականում այս գործընթացը ոչ այլ ինչ է, քան հայկական կողմի միակողմանի զիջումներ և չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը նույնպես կգնա ընդհանուր պայմանավորվածությունների կատարման:
“Այս իշխանությունները դժգոհ էին ՌԴ-ից, և հրաժարվել են ռուսական կողմի միջնորդությունից, բայց ես չեմ տեսնում, որ կա արևմտյան կողմի միջնորդություն այս գործընթացում: Այսինքն՝ չկան որևէ միջազգային երաշխիքներ և անհասկանալի է, թե ինչո՞ւ են իշխանություններն այդքան վստահ, որ Բաքուն կպահի պայմանավորվածությունները և տեղի կունենա սահմանազատում և սահմանագծում, և կլինի խաղաղություն: Սա շատ անհասկանալի է և միջազգային երաշխիքների բացակայության դեպքում ընդհանրապես վստահություն չի ներշնչում՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի մշտական գործելաճը»,- ասաց նա:
Ղուկասյանի խոսքով, աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, աշխարհաքաղաքական գործընթացների շրջանակներում միջազգային ճանապարհները, կոմունիկացիաները դառնում են ոչ ակտուլ, մյուսները, հակառակը, ավելի ակտուալ են դառնում, օրինակ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհը Կասպից ծովով և առհասարակ՝ Հարավային Կովկասը այդ առումով հետաքրքիր է դառնում: Եվ Հայաստանը այս ամենի մեջ պետք է փնտրի իր շահը, կարողանա այնպես անել, որ այդ շահը մաքսիմալ կերպով առաջ տանի ու պաշտպանի, և ոչ թե ՀՀ միջոցով որոշ երկրներ փորձեն մեր շահի փոխարեն իրենց շահը առաջ տանեն, ինչը փորձում են անել բոլորը: Ըտս Ղուկասյանի՝ այս առումով ՀՀ իշխանությունների գործելաոճը կամ գուցե գործընթացների ոչ այդքան ճիշտ ընկալումները տեղիք են տալիս մտածելու, որ մենք, մեղմ ասած, լավ դիրքում չենք գտնում:
«Ես տեսնում եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը և որոշ երկրներ, արտաքին քաղաքական ուժեր փորձում են իրենց խնդիրները լուծել Հայաստանի շահերի հաշվին: Եվ եթե մենք խոսում ենք սահմանազատում-սահմանագծում գործընթացների մասին, ապա դա պետք է սկսվեր զուգահեռաբար, բայց դեռևս տեսնում ենք միակողմանի գործընթաց. այս ամենը վատ նախադրյալ է, որ մեր հաշվին է ընթանում և անհասկանալի է, թե ինչու հայելային չի ընթանում գործընթացը»,- նկատեց նա:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Արման Ղուկասյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները, խնդիրներ ստեղծելով դրանց կոնտեքստում՝ քաղաքական բաղադրիչի առումով, այնուամենայնիվ տնտեսական մասով շատ լավ հասկանում են, որ թե՛ ռուսական շուկան, թե՛ ԵԱՏՄ-ն այսօր իսկապես չունեն այլընտրանք ՀՀ համար.
«Մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ գագաթնաժողովներին և այլ հանդիպումներին հայկական կողմը մասնակցում է, և զարմանալիորեն ՀՀ իշխանությունների մոտ թյուրըմբռնում կա, թե տնտեսականն ու քաղաքականը կարելի է տարանջատել: Չկա նման բան և չի կարող այնպես լինել, որ ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց դա չազդի տնտեսության վրա: Այդպես չի կարող լինել և դա շատ վտանգավոր քաղաքականություն է: Չես կարող մերժելով քաղաքականը, պահել տնտեսականը»,-նշեց նա:
Այսօր, շարունակեց նա, Հայաստանի քաղաքական , փորձագիտական դաշտում շատ բևեռացված վիճակ է տիրում. կան շրջանակներ, որոնք ասում են, որ հայ-ռուսական հարաբերություններում չկան հարցեր, չկան խնդիրներ և որ դրանք արհեստական բնույթ են կրում և կան շրջանակներ, որոնք ասում են, որ Ռուսաստանն է միայն մեղավոր, որ նման խնդիր է առաջացել.
«Բայց ես կարծում եմ, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում առաջացել են նաև հարցեր, բացի հայկական կողմի ոչ ճիշտ կողմնորոշվելու և ոչ ճիշտ քաղաքականություն վարելու պատճառով, այլև առաջացել են բնական հարցեր՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների փոփոխությունները: Եվ այս առումով, բնական է, կա անելիք՝ պետք է լինի երկխոսություն, պարզ ու թափանցիկ երկխոսություն այս հարցերը բարձրաձայնելու, որպեսզի հասկանալի լինեն սուր հարցերը և ինչպես կարելի է դրանք լուծել: Ցավոք, ես նման գործընթաց չեմ տեսնում հայկական կողմից, բայց, կրկնում եմ, բնական է, որ նման հարցեր կան, որովհետև տարածաշրջանում փոխվում են ՌԴ շահերը և այլն: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է ուզում ՌԴ-ն տարածաշրջանից, պետք է հասկանանք, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի են տեղափոխվում և պետք է հասկանանք, թե դա ինչ կարող է մեզ տալ: Բայց երկխոսություն չկա և դա, մեղմ ասացծ, լավ չէ»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ քաղաքագետը նշեց, որ Հայաստանը պետք է բոլորի հետ փորձի վարել այն քաղաքականությունը, որը բխում է մեր պետական ու ազգային շահից, բայց երբ խոսում ենք դիվերսիֆիկացիայից, ապա այն այսօր, մեղմ ասած, արվում է ոչ ճիշտ ճանապարհով, քանի որ նույն ՌԴ հետ ճիշտ երկխոսության դեպքում ՀՀ-ին կհաջողվեր վարել այն դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը, որի մասին հայտարարվում է: Բայց դա չպետք է լինի մեկը մյուսի հաշվին, օրինակ ի հաշիվ ՀՀ-ՌԴ հարաբերությունների, ինչը և մենք տեսնում ենք այսօր, ընդ որում իշխանությունների կողմից դա արվում է բավականին բիրտ ձևով: Այնպես որ այս իմաստով լուրջ աշխատանք կա անելու, կրկնեց Ղուկասյանը.
“Կարծում եմ, առաջիկայում Հայաստանը գտնվելու է էլ ավելի տուրբուլենտ վիճակում. աշխարհը էլ ավելի է անկայունանալու, պրոցեսներն ավելի են արագանալու, ինչը ազդելու է նաև տարածաշրջանի վրա: Իսկ ՀՀ իշխանությունների կուրսը շատ վտանգավոր է հենց Հայաստանի կայունության համար, քանի որ ունեցածի հաշվին տարվող դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը վտանգ է իր մեջ պարունակում ու խնդիրներ արդեն իսկ բերում է: Այո, բոլորը ձգտում են խաղաղության, բայց արդյո՞ք այս տրամաբանության մեջ կարող ենք ունենալ այդ խաղաղությունը: Ես խիստ կասկածում եմ”,- շեշտեց Ղուկասյանը:
Նա նաև հավելեց, որ բոլոր հարցերը մեր դաշնակցի՝ ՌԴ հետ պետք է լուծվեն երկխոսության միջոցով և նոր իրողության շրջանակներու,մ նոր մակարդակի հայ-ռուսական հարաբերություններ ձևավորենք: