Մի քանի ամիս է, ինչ հայաստանյան տուրիզմի շուկայում նոր պրոդուկտ է ի հայտ եկել՝ ֆուտբոլի և զբոսաշրջության համադրությամբ: Թվում էր, թե սրանք անհամատեղելի են, բայց արի ու տես, որ կյանքը ցույց տվեց հակառակը. ֆուտբոլն ու տուրիզմը կարելի է այնպես համատեղել, որ ծնվեն նորանոր ծրագրեր, հետաքրքիր ուղղություններ, որոնք համեմված կլինեն տվյալ երկրի ոչ միայն սպորտային կարևորագույն միջոցառմանը մասնակցելու, այլև այդ երկրի տեսարժան վայրերին ու մշակույթին ծանոթանալու յուրատիպ առաջարկներով:
Ի վերջո, ի՞նչը կարող է ավելի հրապուրիչ ու գայթակղիչ լինել, քան "Ռեալի" խաղին Մադրիդում մասնակցելը, իսկ ֆուտբոլային հրավառությունից հետո սանգրիա ըմբոշխնելը գողտրիկ մի սրճարանում, պլանավորելով հաջորդ օրը այցելել համաշխարհային ճանաչում ունեցող թանգարաններից մեկը՝ Պրադոն: Կամ մեկնել Լիսաբոն, այցելել Պորտուգալիայի խոշորագույն՝ ’’Estadio da Luz’’ մարզադաշտն ու Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը, իսկ երեկոյան Ատլանտյան օվկիանոսից թարմություն շշջացող քամու տակ վայելել անմահական պաշտել դը նատը՝ Պորտուգալիայի գլխավորը թխվածքաբլիթը: Այս ամենը արդեն իրականություն է՝ շնորհիվ մարզական հայտնի մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանի, ով ամիսներ առաջ հիմնեց «Football Fans Tour» ընկերությունը՝ համատեղելով սերը ֆուտբոլի ու զբոսաշրջության հանդեպ:
VERELQ-ի հետ զրույցում նա պատմեց՝ ինչպե՞ս է ծնվել գաղափարը և ի՞նչ ծրագրեր ունի նոր, բայց զբոսաշրջության ոլորտում իր ուրույն նիշան զբաղեցրած ընկերությունը:
- Թեև ֆուտբոլը առանցքային է, բայց ինչպե՞ս է առաջացել միտքը սպորտից անցում կատարել տուրիզմի ոլորտ:
- Ֆուտբոլն ինձ համար առանցքային է արդեն 42 տարի, երբ դեռ դպրոց չէի հաճախում: Այդ 42 տարիներից վերջին 24-ն ինձ համար առանցքային դարձան նաև հեռուստատեսության ու ֆուտբոլային մեդիա հարթակները: Ֆուտբոլն ու տուրիզմը բավականին լուրջ իրար փոխկապակցված ոլորտներ են: Ֆուտբոլիստներն ու ֆուտբոլասերներն ամենից շատ շրջագայող մարդկանց շարքում են: «Պրոֆֆուտբոլի» շրջանակում արած շրջագայություններն ու նկարահանումներն էլ բերեցին «Football Fans Tour»-ի ստեղծմանը, որն առհասարակ ամբողջ Եվրոպայում դարձավ ֆուտբոլային առաջին տուրիստական գործակալությունը:
Չնայած տուրիզմի ոլորտում դեռ նորեկ ենք, այդուհանդերձ պետք չէ անտեսել, որ այս ամենով մենք զբաղվում ենք դեռ 2009 թվականից, երբ «Պրոֆֆուտբոլի» շրջանակում սկսեցինք շրջել ամբողջ Եվրոպայով և անհավանական նկարահանումներ իրականացնել: Այն, ինչ անում էինք վերջին 15 տարիների ընթացքում մեր, մեր ընկերների ու հարազատների համար, հիմա անում ենք բոլոր ցանկացողների համար: Այս 15 տարիների ընթացքում որտեղով անցել է «Պրոֆֆուտբոլի» տեսախցիկը, քայլում և վայելում է արդեն հայ ֆուտբոլասերը և չմոռանանք, որ այս 15 տարիների ընթացքում ծավալած գործունեության և ունեցած կապերի շնորհիվ ազատ ելումուտ ունենք ավելի քան 300 թիմերի տարածքներ:
- Ի՞նչ է առաջարկում «Football Fans Tour»-ը:
- Նախ նշեմ, որ բոլոր տուրերի խմբերն ուղեկցում ենք ես և կինս: Առաջին իսկ տուրից ֆուտբոլասերները մեզ հետ սկսեցին շրջագայել ընտանիքներով՝ կանանց, երեխաների և քույրերի հետ:
Փաթեթներն իրենց մեջ ընգրկում են ինքնաթիռի տոմսեր՝ ուղեբեռով, ճանապարհորդական ապահովագրություն, 4 աստղանի հյուրանոցներ բոլոր քաղաքների կենտրոններում՝ նախաճաշով, օդակայանից սկսած դիմավորել և ճանապարհել, տուրի ընթացքում ամբողջ տեղաշարժը սպասարկում են բարձրակարգ ֆիրմաների ավտոբուսներ, տվյալ քաղաքների բոլոր թիմերի ստադիոնների և թանգարանների մուտքերի տոմսեր, ֆուտբոլային խաղերի տոմսեր, լեգենդար ֆուտբոլիստների հետ հանդիպումներ, հյուրընկալված բոլոր քաղաքներում քաղաքային տուրեր՝ բարձրակարգ ռուս գիդերի ուղեկցությամբ:
Քանի որ մեզ հետ մարդիկ շրջագայում են ընտանիքներով, ուստի մեր խմբերում հանդիպում են նաև ֆուտբոլի նկատմամբ անտարբեր տուրիստներ, ովքեր ունենում են փաթեթի ընտրության հնարավորություն. Ֆուտբոլային խաղերի, ֆուտբոլային թիմերի թանգարանների և ստադիոն-տուրերի փոխարեն առաջարկում ենք տվյալ քաղաքների պատմամշակութային թանգարանների, տեսարժան վայրերի և զբոսաշրջիկների համար հետաքրքրիր ուղղությունների տոմսեր:
- Ո՞րն էր առաջին ուղղությունը և քանի զբոսաշրջիկ կարողացաք տանել մեկնարկային ուղևորության:
- «Football Fans Tour»-ն առաջին տուրն արեց հունվարին: Ուղղությունը՝ Միլան – Թուրին – Մարանելլո – Բարսելոնա: Նորեկ-տուրիստականի համար բավականին տպավորիչ խումբ հավաքեցինք՝ 33 հոգի, որոնց շարքում բավականին շատ էին մեր հանրապետությունում բարի համբավ ունեցող և մեծ հեղինակություն վայելող հայտնի բժիշկներ, պետական կառույցների ղեկավարներ և հայտնի գործարարներ: Եղանք «Միլանի», «Ինտերի», «Յուվենտուսի», «Տորինոյի» և «Բարսելոնայի» ստադիոններում, թանգարաններում և պաշտոնական խանութներում: «Կամպ Նոու» ստադիոնի տարածքում բոլորին հայտնի RoboKeeper Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հետ 11 մետրանոց հարվածաշարում մրցելու հնարավորություն ունեցանք: Ի դեպ, մեզանից 6-ին հաջողվեց գրավել ռոբոտ-դարպասապահի պաշտպանած դարպասը, ինչը ժամանակին չէր կարողացել անել նույնիսկ Լեո Մեսսին: Միլանում հանդիպեցինք Աշխարհի 1982 թվականի չեմպիոն լեգենդար իտալացի պաշտպան Ֆուլվիո Կոլովատտիի հետ, իսկ վերջում բոլորովս ներկա եղանք Իսպանիայի առաջնության «Բարսելոնա» – «Վիլյառեալ» (3:5) խաղին: Տուրի շրջանակում եղանք նաև Միլանից 190կմ հեռավորության վրա գտնվող Մարանելլո քաղաքում, որտեղ մեքենաշինական ոլորտի առաջատարներից՝ «Ֆերրարիի» շքեղագույն թանգարանն է: Ի դեպ, խմբի գրեթե բոլոր տղամարդիկ «Ֆերրարիի» ամենավերջին մոդելը 10-ական րոպե վարելու և վայելելու բացառիկ հնարավորություն ունեցան:
Այնուհետև մարտ ամսին կատարեցինք մեր երկրորդ ճանապարհորդությունը. Մադրիդ – Լաս Ռոսաս – Բարսելոնա: Եղանք Մադրիդի «Ռեալի», «Ատլետիկոյի», «Բարսելոնայի» և «Էսպանյոլի» ստադիոններում, թանգարաններում և պաշտոնական Fan-Store-ներում: Եղանք նաև Իսպանական ֆուտբոլի տեխնիկական կենտրոնում և իսպանական ֆուտբոլի պատմության թանգարանում: Մարտի 8-ը նշեցինք աշխարհում «Ռեալի» ամենահայտնի մադրիդիստայի՝ Ռինկոն Տոնինի փաբում: Ի դեպ, այդ օրը նաև «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի ծննդյան օրն էր: Տոնինի օգնությամբ մեր շնորհավորանքը կարողացանք հասցնել Պերեսին, ով բոլորիս պատասխանեց ջերմ շնորհակալությամբ և հեռահար գրկախառնությամբ: Տուրի շրջանակում ներկա եղանք նաև Իսպանիայի առաջնության «Ռեալ Մադրիդ» – «Սելտա» (4:0) և Չեմպիոնների Լիգայի «Բարսելոնա» – «Նապոլի» (3:1) խաղերին, հանդիպեցինք «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստներից՝ 1994 թվականի «Ոսկե Գնդակի» դափնեկիր Խրիստո Ստոիչկովի հետ:
- Մրցակցությունը դաշտում, անշուշտ, մեծ է, բայց որքան հասկանում եմ՝ այն նիշան, որը Դուք եք գրավել, ազատ էր: Այդուհանդերձ, ունե՞ք մրցակիցներ:
- Մի փոքրիկ Հայաստանի համար անասելի մեծ մրցակցություն կա տուրիզմի ոլորտում: Ինչպես արդեն նշեցի «Football Fans Tour»-ը Եվրոպայում դարձավ ֆուտբոլային առաջին տուրիստական գործակալությունը: Անկեղծ չգիտեմ մեր նեղ ուղվածությամբ այս դաշտում մրցակիցներ ունե՞նք, թե՞ չունենք, երբեք և ոչ-մի ոլորտում չեմ հետաքրքրվել իմ մրցակիցներով:
- Առաջիկայում ի՞նչ հետաքրքիր ուղղություններ եք նախատեսում ֆուտբոլասեր-ճամփորդասեր հասարակության համար:
- Մեր մոտակա տուրն անելու ենք մայիսի 18-25-ը՝ Բարսելոնա – Լիսաբոն – Հռոմ: Լինելու ենք «Բարսելոնայի», «Էսպանյոլի», «Բենֆիկայի» և «Սպորտինգի» ստադիոններում, թանգարաններում և պաշտոնական Fan-Store-ներում: Լինելու ենք Իսպանիայի առաջնության «Բարսելոնա» – «Ռայո Վալյեկանո» խաղին, հանդիպելու ենք «Բարսելոնայի» լեգենդար երկու ֆուտբոլիստի հետ, բարձրակարգ ռուս գիդերի ուղեկությամբ ունենալու ենք քաղաքային տուրեր Բարսելոնայում, Լիսաբոնում և Հռոմում: Մեր զբոսաշրջիկներն ունեն փաթեթի ընտրության հնարավորություն, ամբողջությամբ ֆուտբոլային փաթեթի փոխարեն կարող ենք առաջարկել Լիսաբոնում Գալուստ Գյուլբենկյանի թանգարանի, Լիսաբոնի և Բարսելոնայի օկենարիումների, Սագրադա Ֆամիլիա տաճարի և Պարկ Գուելի մուտքերի տոմսեր, իսկ hավելավճարի դեպքում կկարողանան ներկա գտնվել աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆտի համերգին, որը կկայանա Լիսաբոնի «Բենֆիկայի» ստադիոնում՝ «Դա Լուժում»:
Հուլիսին կմեկնենք Բիլբաո – Պամպլոնա – Սան Սեբաստյան: Գնում ենք մասնակցելու շուրջ 100 տարվա պատմություն ունեցող «San Fermin» ամենամյա փառատոնին, կվազենք ցլերի հետ, իսկ օգոստոսի վերջին տուր ունենք դեպի Վալենսիա և Բարսելոնա: Ներկա կլինենք «Վալենսիայի» և «Բարսելոնայի» մեկական խաղի, ինչպես նաև կմասնակցենք «La Tomatina» ամենամյա միջազգային տոնակատարությանը՝ «լոլիկներով պատերազմին»:
Ամենայն լրջությամբ պատրաստվում ենք նոյեմբերի 17-30 կայանալիք տուրին՝ Արգենտինա – Ուրուգվայ – Բրազիլիա շրջագայությանը: Մեկ գիշեր Իգուասու շրվեժներում, մեկ օր Մոնտևիդեոյում, 4 գիշեր Բուենոս-Այրեսում, 3 գիշեր Ռիո-դե-Ժանեյրոյում և 3 գիշեր Սան-Պաուլո քաղաքում: Շատ հագեցած տուր ենք կազմել, 4 խաղի ենք ներկա լինելու՝ «Բոկա Խունիորսի», «Ռիվեր Փլեյթի», «Սան-Պաուլոյի» և «Ֆլամենգոյի» տնային խաղերին ենք լինելու, հանդիպելու ենք աշխարհահռչակ ֆուտբոլիստների հետ, որոնց շարքում են նաև Աշխարհի չեմպիոն դարձած բրազիլիացի երկու լեգենդներ:
Լիա Խոջոյան