25.11.2024
Ֆուտբոլ, տուրիզմ, էմոցիաներ. «Football Fans Tour»-ը գիտի՝ ինչպես համատեղել ու վայելել
prev Նախորդ նորություն

Նիկոլի բախտ․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այս շաբաթ ԱԺ կայցելեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ԿԸՀ նախագահը, ՀՌՀ ղեկավարը: Այսօր մեկնարկող նիստերի օրակարգում այս կառույցների զեկույցներն են։ Նաեւ ՍԴ դատավոր կընտրեն Դավիթ Խաչատուրյանին՝ Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը։ Ընդդիմության շարքերում առավել ռադիկալ տրամադրություններ են տիրում՝ փորձելու են փողոցի շունչը բերել ԱԺ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի, մայիսի 1-ին՝ չորեքշաբթի օրը, ավանդաբար ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն է, իսկ այդ օրը ոչ աշխատանքային է, եւ Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանը պաշտոնական ծանուցում է ուղարկել Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ Քյոխին, որ ներկայանա Հակակառուպցիոն դատարան եւ հարցաքննվի՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով: Այդ գործն էլ քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։ Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Գյումրի սկանդալային ավարտ է ունեցել: ArmLur.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, Աննա Հակոբյանը Գյումրու 45 միջնակարգ դպրոցի մոտ մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանը նախ Գյումրիում շատ արհամարհական պահվածք է դրսեւորել, ինչին համապատասխան արձագանք է ստացել տեղացիների կողմից: Բանն այն է, որ Գյումրու տվյալ դպրոցի տարածքում երկու զինվորի հուշարձան է եղել, սակայն Աննա Հակոբյանը, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ծաղիկներ խոնարհել է զինվորներից միայն մեկի հուշարձանին: Աննա Հակոբյանի այս քայլը քաղաքացիների զայրույթն է առաջացրել. նրանք սկսել են «դավաճան» վանկարկել Աննա Հակոբյանի ներկայությամբ ու ակնհայտ իրենց վերաբերմունքը ցույց տալ նրա նկատմամբ: Այս տհաճ տեսարանից խուսափելու համար` Աննա Հակոբյանը արագ ավարտել է արարողությունը ու շտապել է հնարավորինս շուտ հեռանալ այդտեղից: Ավելին` մեր տեղեկություններով, վարչապետի տիկինը նման տհաճ միջադեպերից խուսափելու համար Երեւան վերադարձել է ուղղաթիռով»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ տարբեր մարզերում ի աջակցություն տավուշցիների ծավալվող պայքարից եւ ակցիաներից, մեր տեղեկություններով, իշխանություններն այնքան մտահոգ են, որ հրահանգել են մարզպետներին՝ փողոցները փակող ցուցարարների դեմ «կոնտր-մասսովկաներ» դուրս բերել, որոնք կհայհոյեն ցուցարարներին, ամոթանք կտան պատգամավորներին, ձեռքի հետ էլ կգովերգեն իշխանություններին ու կփորձեն ցույց տալ, որ իրականում մի փոքր խմբակ է ճանապարհ փակում, իսկ ազգաբնակչության հիմնական մասը կողմնակից է հողերը հանձնելուն եւ միակողմանի զիջումներին, առհասարակ` շարունակում է պաշտել Նիկոլ Փաշինյանին։


Մեզ պատմեցին, որ որոշ տեղերում այնքան շատ են եղել սադրիչները, որ իրավիճակն անվերահսկելի է դարձել, եւ իշխանության աջակիցները եւս դարձել են ցույց ցրող ոստիկանների բռնության «զոհը»։ Չէ՞ որ ոստիկանները չգիտեն, թե ովքեր են իրական ցուցարարները, ովքեր` «պրոիշխանական սադրիչները»: Արմավիր-Գյումրի ճանապարհը փակելու ժամանակ երեկ հենց նման իրավիճակի ականատեսը դարձանք, երբ քաղաքացիներից մեկը Գեղամ Մանուկյանին էր մեղադրում երկրին վնաս տալու համար։


«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում շարունակվում են բողոքի ակցիաները, ընդ որում՝ ոչ միայն Տավուշում, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնվող տարածքների շրջակայքում, այլև հանրապետության տարբեր բնակավայրերում, միջպետական տարբեր ճանապարհների վրա: Ուշագրավ է, որ անընդհատ նոր միավորներ, անհատներ են միանում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժմանը, որը, Բագրատ Սրբազանի բնորոշմամբ, «ժողովրդական շարժում է». հոգևոր հայրեր, այդ թվում՝ թեմերի առաջնորդներ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, քաղաքական, հասարակական մի շարք հայտնի գործիչներ, իրական մտավորականներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն: Կա տպավորություն, որ վերջապես համախմբվածության իրական հարթակ է դառնում այս շարժումը:


Ի մասնավորի, օրեր առաջ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն էր իր համերաշխությունը հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նրա հռչակած արժեքներին ու կարգախոսին: Նախօրեին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը միանալու մասին հայտարարեց «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը՝ նշելով, որ իրենք աջակցում են «Տավուշի դարպասը պահող մեր հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն, որը ստանձնել է Հայաստանի հակաթրքացմանն ուղղված պայքարի առաջնորդությունը»:


Միհրան Պողոսյանի գլխավորած «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը ևս ապրիլի 28-ին հայտարարեց, որ միանում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը և սատարում է Տավուշի սահմանին կանգնած մեր  հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն: Երեկ էլ հայտարարությամբ հանդես եկավ «Հայաքվե» նախաձեռնությունը՝ ներկայում պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ անելով ձևավորելու պայքարի միասնական ճակատ: Հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բացառիկ դերը՝ որպես պայքարի հոգևոր առաջնորդ ու ոգեշնչող, և հույս հայտնվում, որ դա թույլ կտա արագացնել այս գործընթացը։


«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն օրերս հայտարարել է, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ: Վարդանյանը միևնույն ժամանակ նշել էր, թե «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցությունը կրում է շարունակական բնույթ և ներկայում ընթանում է էներգետիկայի բնագավառի մի շարք ուղղություններով»:  Այսուամենայնիվ, այստեղ կա մի քանի խնդիր: Նախ, ըստ փորձագետների, խոսքը, այսպես կոչված, «փոքր ԱԷԿ»-ի մասին է, որը, սակայն, մինչ այժմ աշխարհում կարողացել են կառուցել միայն Ռուսաստանը և Չինաստանը:


Այստեղ հիմնական պատճառաբանությունը էներգետիկ անկախության ավելացումն է, քանի որ ներկայում Հայաստանում այն ընդամենը 27 տոկոս է: Սակայն էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նույնիսկ հպանցիկ ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այստեղ առանձնապես խնդիրներ չկան, իսկ էլեկտրաէներգիայի մեծ մասն ապահովում են Մեծամորի ատոմակայանն ու ՋԷԿ-երը: Ճիշտ է, անցած տարի վերականգնվող էներգիայի ծավալը 2022-ի համեմատ զգալի ավելացել է, բայց դեռ շատ հեռու է ավանդական էներգիայի հետ մրցակցելուց: Ինչ վերաբերում է նվազ հզորությամբ ատոմակայան կառուցելու միջոցով էներգետիկ անկախություն ձեռք բերելու հնարավորությանը, ապա մասնագետները դա համարում են անլուրջ, քանի որ նախ և առաջ պետք է ինչ-որ տեղից բերել վառելիքը, դեռ չենք խոսում այն մասին, որ ով վճարում է, նա էլ, ի վերջո, թելադրում է «երաժշտությունը»:


Հավելենք, որ դեռ անցած տարի ամռանն էր հայտնի դարձել, որ Միացյալ Նահանգների մասնագետների հետ քննարկումներ են ընթանում Հայաստանում մոդուլային ռեակտորների կառուցման շուրջ։ «Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք ամերիկյան տեխնոլոգիայով կառուցվող փոքր մոդուլային միջուկային ռեակտորների իրագործելիության գնահատում ենք անում, ինչը կարող է նպաստել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից էներգետիկ անկախությանը»,- Կոնգրեսում հայտարարել էր Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնյա Մարիա Լոնգին։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թեեւ նախորդ տարի՝ քաղաքացու վրա թքելուց հետո, այդպես էլ մնաց անպատիժ, բայց նրա մասնակցությամբ այդ սկանդալային միջադեպը հայտնվել է միջազգային հեղինակավոր կառույցների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր 2024 թվականի զեկույցում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի այս խայտառակ պահվածքին՝ գրելով. «Հայտնի դեպքից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու վրա՝ այն բանից հետո, երբ նրան հրապարակավ «դավաճան» են անվանել, քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպություններ իշխանություններից պահանջել են միջոցներ ձեռնարկել բարձրաստիճան պաշտոնյայի դեմ՝ ՔՊ-ին կոչ անելով էթիկայի հանձնաժողով ստեղծել, իսկ իրավապահ մարմիններին՝ խուլիգանություն հոդվածով գործ նախաձեռնել»։


Փաստենք, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իրեն հռչակել է «ամենաժողովրդավար եւ արդար իշխանություն», բայց ՔՊ-ականներն այլեւս այնքան են հատել կարմիր գծերը, ու նրանց անթույլատրելի վարքն այնքան է աչք ծակում, որ անգամ նրանց մշտապես աջակցող ամերիկյան կազմակերպություններն ու կառույցները չեն կարողանում աչք փակել դրանց վրա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից 2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ խոշտանգումներին եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքին կամ պատժին ու այլ նույնատիպ չարաշահումներին։ 2022թ.-ից խոշտանգումների դեպքերի գերակշիռ մասի նախաքննության պատասխանատվությունը վերապահված է քննչական կոմիտեին, սակայն իրավապաշտպան-փաստաբանների դիտարկմամբ՝ կոմիտեի քննիչները չունեն նմանօրինակ գործեր քննելու փորձառություն։ Քննչական կոմիտեի կողմից թույլ տրված խոշտանգումների դեպքերով նախաքննությունները վերապահված են Ազգային անվտանգության ծառայությանը, սակայն, իրավապաշտպան-փաստաբանները գտնում էին, որ այս քննություններն անկախ ու թափանցիկ կերպով չէին անցկացվում, եւ ապահովված չէր արժանահավատ նախաքննությունների համար անհրաժեշտ հանրային վերահսկողություն։


Ըստ մարդու իրավունքների ակտիվիստների՝ բռնությունների հին ու նոր դեպքերի հետ կապված՝ իրավապահների անպատժելիությունը նպաստել է խնդրի շարունակականությանը. երբ ենթադրյալ մեղավորները շարունակել են զբաղեցնել իրենց պաշտոնները կամ ունեցել են պաշտոնեական առաջխաղացում։ Մարդու իրավունքների խախտման մի քանի ակնհայտ դեպքերի ընթացք չի տրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատարողը քաղաքական դեմք է։ Օրինակ՝ առաջին դեպքը, երբ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու վրա եւ որեւէ պատասխանատվության չենթարկվեց, սա դարձավ իշխանությունների կողմից վերահսկվող բացարձակ անպատժելիություն։ Այս իրավիճակը բացասաբար է անդրադառնում նաեւ իրավապահ համակարգի վրա, որտեղ ուղղորդվում են իշխանության կողմից։


Ըստ այդմ՝ զեկույցում ներկայացված հիմնավոր տվյալների, ոստիկանական բարեփոխումների մշտադիտարկման տվյալների հիման վրա՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հուլիսի 25-ին ներկայացված զեկույցում նշված էր, որ 2022թ. ընթացքում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ 199 հաղորդում է ստացվել, որը 20 տոկոսով է ավել է 2021թ. ընթացքում գրանցված դեպքերից եւ 54 տոկոսով ավել է 2019թ. դեպքերից։ Ոստիկանության՝ բռնությունների մասին հաղորդումները ներառում են՝ թմրամիջոցներ փնտրելու նպատակով անսպասելի ստուգայցեր գիշերային ակումբներ, որտեղ ծեծի ու ոտնձգությունների են ենթարկվել այցելուները, ԼԳԲՏ անձինք. եղել է 2 դեպք, երբ ծեծի են ենթարկվել նաեւ իրենց վստահորդին ներկայացնող փաստաբանները։


Օրինակ՝ փետրվարի 10-ին ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին եւ Էմանուել Անանյանին, որոնք Էրեբունու ոստիկանական բաժնում իրավական օգնություն էին ապահովում ձերբակալված երեխաներին։ Երեւանի Նոր Նորք համայնքի երեք ոստիկանների դատավարությունը՝ ծանրամարտի չեմպիոն Արմեն Ղազարյանի եւ մեկ այլ անձի նկատմամբ՝ 2020թ. թույլ տված բռնության փաստով, տարեվերջի դրությամբ շարունակվում էր։ Երբ դատավորը պաշտոնի առաջխաղացում ունեցավ, եւ գործը փոխանցվեց նոր դատավորի, դատական լսումներն ապրիլի 10-ից վերսկսվեցին՝ չնայած դատավարությունն արդեն մոտ էր ավարտին։ Բոլոր երեք ամբաստանյալները գրավի դիմաց ազատ են արձակվել եւ վերադարձել իրենց աշխատանքներին։ Զինված ուժերում նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումները շարունակվել են։ Անհասկանալի է բռնության՝ այս տեմպերով աճի պատճառը, եւ հասկանալի չէ, թե բռնության ենթարկողները վերջիվերջո կստանա՞ն իրենց պատիժը համապատասխան ատյանների կողմից»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պետական եւ համայնքային մարմինները ֆեյսբուքյան էջեր են պահում, որտեղ տեղեկատվություն են տեղադրում, գովազդում իրենց եւ տվյալ կառույցի ղեկավարին: Պարզվում է, այստեղ իսկական քաոս է տիրում։ Երբեմն նույն համայնքի անունով մի քանի էջ կա, եւ պարզ չէ, թե դրանցից որն է գործողը։ Արթիկի համայնքապետարանը, օրինակ, 3 էջ ունի, Արմավիրը՝ 2։ Երբեմն էլ համայնքի էջը փոխում է անունը, օրինակ, «Մեղրիի համայնքապետարանը» մեկ էլ կարող է դառնալ «Մեղրի մոլ», եւ հետեւորդները պաշտոնական լուրերի փոխարեն կարող են տեսնել վարտիքների գովազդ։ Սա նշանակում է, որ էջի ադմինը, տերը փոխվել է, բովանդակությունը` եւս: Երբեմն էլ ֆեյսբուքյան էջը նախկին աշխատողներն իրենց հետ «տանում» են։


«Աշխատակազմերը կայքերը մեկը մյուսին են փոխանցում, բայց ՖԲ էջը ամեն գնացող հետը տանում ա, քանի որ դրա վրա գումար չեն ծախսել, ու բացողն ու աշխատեցնողը համարում են իրենց սեփականը»,- բացատրեցին մեզ։ Նոր ընդունված աշխատողները ստիպված են լինում նոր էջեր բացել` ավելի քիչ հետեւորդներով։ Օրինակ, Ալավերդիում նախկին աշխատակազմն իր հետ «տարել» է 8 հազար հետեւորդով ՖԲ էջը, նոր էջ են բացել, որի հետեւորդները 800 են։ Բայց Ալավերդու դեպքն ուրիշ է` այստեղ ՔՊ-ն զոռբայությամբ խլեց համայնքապետի աթոռն «Ապրելու երկիր» կուսակցությունից, եւ նախկին աշխատակազմը նորի հետ չի համագործակցում:


«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ՊԵԿ-ի մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ մտել են «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ որևէ առնչություն ունեցող կազմակերպություններ և իրականացնում են ստուգումներ: Դրան հետևեց ՊԵԿ-ի արձագանքը, որը չէր հերքել մեր տեղեկությունները: «Պետական եկամուտների կոմիտեի բոլոր ստուգումներն իրականացվում են ռիսկերի գնահատման հիման վրա։


ՊԵԿ-ը, տարբեր գործիքակազմերի կիրառմամբ, մշտապես իրականացնում է տնտեսվարող սուբյեկտների հարկային ռիսկերի ուսումնասիրություններ և վերլուծություններ: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը, ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, կարող է իրականացնել ստուգումներ: ՊԵԿ-ի օրինական գործողությունների հետ կապված շահարկումներն անընդունելի են»,-նշված էր ՊԵԿ-ի պարզաբանման մեջ:


Եվ ահա, մեր ունեցած տեղեկություններով, երեկ Պետական եկամուտների կոմիտեի ծառայողները մտել են նաև Միհրան Պողոսյանի կուսակցության գրասենյակ, առանց որևէ բացատրության առգրավել տեխնիկան ու համակարգիչները, նաև իրականացրել են խուզարկություններ: Հաշվի առնելով, որ հերթը հասել է կուսակցությանը, որը, ի դեպ, նորաբաց է, ակնհայտ է, որ գործ ունենք հստակ քաղաքական գործընթացի հետ: Հիշեցնենք, որ այս օրերին Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը մի շարք ակցիաներ է արել, իսկ նախօրեին հայտարարել է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը միանալու մասին: Ի դեպ, նյութը պատրաստ էր տպագրության, երբ մեզ տեղեկություններ հասան, որ նույնիսկ ձերբակալված անձ կա. խոսքը, մեր աղբյուրի փոխանցմամբ, Պողոսյանի ընտանիքի հետ կապվող կազմակերպություններից մեկի ղեկավարն է: