22.11.2024
Սամվել Վարդանյանի հետ կատարվածը 30 տարվա պետականության ամենաայլանդակ դրվագներից էր
prev Նախորդ նորություն

Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները երեկ հաստատվեցին թե՛ պաշտոնական Մոսկվայի կողմից, թե՛ Բաքվի։ Մինչդեռ խաղաղապահ զորակազմի հետ կապ ունեցող արցախյան շրջանակներից տեղեկացանք, որ խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից: Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի հայաթափումից հետո երկուստեք եկել են համաձայնության, որ այլեւս չկա խաղաղապահների անհրաժեշտությունը, մանավանդ որ նրանց գործունեության համար մեծ գումարներ են ծախսվում, ուստի Լեռնային Ղարաբաղում այսուհետ կմնա 500 խաղաղապահ: Թե ինչու բոլորը չեն հեռանում, մեր աղբյուրի կարծիքով՝ այդպիսով թե՛ ՌԴ-ն իր ազդեցությունը կպահպանի այդ տարածքում, թե՛ Ադրբեջանը հնարավորություն կստանա միջազգային հանրության առջեւ մանեւրելու, որ ինքը, այսպես կոչված, «հայ փախստականների» վերադարձի հարցը փակված չի համարում: Ինչպես նաեւ հավատարիմ է մնում նոյեմբերի 9-ի պայմանագրին, համաձայն որի՝ ռուս խաղաղապահների ժամկետն ավարտվում է 2025 թվականին։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք ներկայացրել՝ գետով սահման էինք ասել, նա էլ ասավ՝ 90 տոկոսով հաշվեք՝ լուծված է... Ասավ՝ հույս կա, որ ձեր ուզածը կլինի, բայց առայժմ թղթի վրա անցկացված չի։ Սպասենք»,- ասաց երեկ Տավուշում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցին: Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես, Բերքաբերի վերաբերյալ Ոսկեպար գյուղում Փաշինյանը հայտարարել է, թե Բերքաբերի ջրամբարից այն կողմ (Ջողազի ջրամբար) հողերը պետք է զիջեն Ադրբեջանին, իսկ Բերքաբեր գյուղում ասել է, թե` ձեր հողերը ձեզ են մնալու։ Երեկվա հանդիպումներից հետո տավուշցիները փոքր-ինչ հանդարտվել էին, բայց այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը դեռեւս մարտի սկզբներից արտերկրում է. Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հանդիպումներ են ունենում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների գլխավոր թեման բռնի տեղահանված արցախցիների հետվերադարձի հարցն է։ Նախատեսվում էր, որ Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կվերադառնա մարտի կեսերին, եւ կատարված աշխատանքների մասին քննարկում կունենան Արցախի քաղաքական վերնախավի հետ, սակայն տեղեկացանք, որ նրանց վերադարձը ձգձգվում է, քանի որ Օսկանյանը տասնյակ պայմանավորվածություններ է այս ընթացքում ձեռք բերել եւ նույնքան հանդիպումներ է ունեցել միջազգային հեղինակավոր կառույցների տարբեր պաշտոնյաների, պատգամավորների, իր նախկին կոլեգաների հետ։ Այնպես որ, հանձնախմբի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին: Նրանք նախատեսում են Հայաստանում մնալ մինչեւ մայիսի առաջին շաբաթը եւ կրկին մեկնել արտերկիր։ Թե ինչ հաջողություններ է գրանցել հանձնախումբը, կներկայացնեն Հայաստանում` Արցախի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ հանձնախումբը ձեւավորվել է Արցախի խորհրդարանի կողմից եւ հաշվետու է օրենսդիր մարմնին։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«ՀՀ իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն են համարում: Ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, վերջին շրջանում ՔՊ-ականների համար անվտանգային բոլոր հարցերը մի կողմ դրած՝ ԵՄ անդամակցության թեկնածության հարցը դարձել էր թիվ մեկ օրակարգ, ՔՊ գրեթե բոլոր նիստերի առաջնային հարցը սա էր: Հատուկ ԵՄ անդամակցության հարցի շուրջ քննարկում ունենալու համար Նիկոլ Փաշինյանը շաբաթը մի քանի անգամ գալիս էր ԱԺ՝ փակ հանդիպման: Բայց, արի ու տես, ՔՊ-ականները հավանաբար գլխի են ընկել, որ սա մեկ օրվա հարց չէ ու որոշել են այս պահին առկախել դրա շուրջ քննարկումները: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առկախման հիմնական պատճառն այս հարցի շուրջ ՔՊ-ում առկա տարաձայնություններն են: Չնայած ինտենսիվ հանդիպումներին՝ ՔՊ-ականներին այդպես էլ չի հաջողվել կոնսենսուսի գալ սրա շուրջ: Թիմի «Եվրոպամետ» հատվածն այն կարծիքին է, որ պետք է արագ գործել ու ամբողջ ռեսուրսը ներդնել, որ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնեն, մի մասն էլ գլխի է գցել, որ դա հեշտ բան չէ, պետք է ճիշտ գնահատել դրա հետեւանքներն ու նոր գործել: Ահա այս տարակարծությունների արդյունքում ԵՄ անդամակցության հարցը, թեեւ փակված չէ, սակայն այս պահի դրությամբ երկրորդ պլան է մղվել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է և փորձում է տարածաշրջանում հաստատել իր անվերապահ հեգեմոնիան: Դիցուք՝ Վրաստանում մի քանի օր է, ինչ լարված իրավիճակ է ստեղծվել: Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ «Ո՛չ ռուսական օրենքին» գրություններով պաստառներով։ Ընդդիմությանը զայրացրել է իշխող «Վրացական երազանք» խմբակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղհասարակության կազմակերպությունները, որոնք գործում են արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են համարվել «օտարերկրյա գործակալներ»։ Նախագիծն արդեն իսկ քննադատել է ԱՄՆ-ն, որին դուր չի գալիս այն հանգամանքը, որ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում երկիրը դարձնել Արևմուտքի սատելիտը և փորձում են վարել բալանսավորված արտաքին քաղաքականություն:


Հենց դա է պատճառը, որ որոշ փորձագետներ գտնում են, թե ընդդիմության բողոքի ակցիաների հետևում կանգնած է հենց Արևմուտքը, և չի բացառվում, որ կրկին փորձ արվի խաղարկել հեղափոխության սցենարը: Արևմուտքը շտապում է նաև Հայաստանում: Տավուշի չորս գյուղի շուրջ բարձրացված աղմուկը, կարելի է ասել, ֆոնային է, իսկ ահա Արևմուտքի գլխավոր նպատակն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ցամաքային կապի հաստատումը: Բրյուսելում հունվարի 29-ին տեղի էր ունեցել ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հաղորդակցության ներդրողների համաժողովը, որի շրջանակում պարզ դարձավ, որ Եվրամիությունը մտադիր է ներգրավել մինչև 10 միլիարդ եվրոյի ներդրումներ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա՝ Անդրկովկասի և Թուրքիայի տարածքով Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքի ստեղծման համար։ Ե՛վ Տրանսկասպյան միջանցքը (Ղազախստան-ԱդրբեջանՎրաստան), և՛ այսպես ասած՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը խիստ անհրաժեշտ են նախևառաջ Արևմուտքին, որոնք ներկա պահին քիչ թե շատ «անվտանգ» երթուղիներ կարող են լինել իրենց համար արևելքից դեպի արևմուտք՝ լոգիստիկ, էներգետիկ ուղիների առումով, քանի որ Մերձավոր Արևելքում այնպիսի աշխարհաքաղաքական փոթորիկ է ստեղծվել, որ արևելքն՝ արևմուտքին, հյուսիսը՝ հարավին կապող տրանսպորտային երթուղիների գրեթե քիչ անվտանգ տարբերակներ են մնացել:


Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որն այսօր շտապում է իրագործել Արևմուտքը, բացառապես Թուրքիայի և նույն Արևմուտքի տնտեսական ու էներգետիկ շահերը սպասարկող ծրագիր է: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է շտապում Արևմուտքը և, մասնավորապես, վերջերս բավական ակտիվացած ԱՄՆ-ն: Բանն այն է, որ Բայդենի վարչակազմը քաջ գիտակցում է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում դեմոկրատների հաղթանակի շանսերը, մեղմ ասած, մեծ չեն՝ հանրապետականները, Թրամփի գլխավորությամբ, ըստ վերջին սոցհարցումների, առավելություն ունեն: Հետևաբար, մինչ ընտրությունները դեմոկրատներին անհրաժեշտ է սեփական հանրությանը հաղթանակներ հրամցնել, քանի որ ուկրաինական քեյսը տապալվել է, Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս և որպես հաղթանակ ներկայացնել Վրաստանի և Հայաստանի վերջնական «վեստերնիզացիան» և ՌԴ ճիրաններից պոկելը: Նաև սրանով է պայմանավորված այն շտապողականությունը, որն Արևմուտքը դրսևորում է մեր տարածաշրջանում, հետևաբար հայ ժողովրդին մնում է քաջ գիտակցել վերը թվարկած փաստերը, անել համապատասխան հետևություններ և ճիշտ պլանավորել հետագա քայլերը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ՝ նախարարության շուրջ տեղի ունեցող դեպքերի մասով նրան մի քանի հարց ուղղելու համար: Սակայն նախարարությունից նախաքննական մարմնին պատասխանել են, թե օրենքով սահմանված կարգով ծանուցում ուղարկեք, ու նախարարը կգա, կպատասխանի ձեր հարցերին։ Դատելով իրավիճակից՝ Կոմիտեն համապատասխան ծանուցումը կուղարկի ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Կատարվածի մասով դիմեցինք առողջապահության նախարարություն. ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց. «Տեղեկությունը մտացածին է. հերքում եմ։ Ինչպես երեկ տիկին նախարարը նշեց՝ վերջին շրջանում որեւէ գործի շրջանակում չի հարցաքննվել, իրավապահների կողմից որեւէ հարցաքննության չի հրավիրվել: Նախադեպ չեմ հիշում, երբ Անահիտ Ավանեսյանը, վատառողջ լինելու պատճառով անգամ աշխատանքից բացակայի»։


Նշենք, որ ապրիլի 16-ի վաղ առավոտից, ՀՀ առողջապահության նախարարությունում ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով՝ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվեցին անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմոր» բժշկական կենտրոնում կատարվեցին խուզարկություններ: Իրավապահները կասկածում են, որ մանկական մեծ հիվանդանոցի բացմանը մասնակցած Անահիտ Ավանեսյանը նաեւ մասնաբաժին ունի այդ կառույցում եւ սկսել է պետպատվերի բաշխումները հօգուտ հիվանդանոցի անել:


Բացի դրանից, քանի որ «Արմֆարմացիա» դեղագործական խոշոր ընկերություններից մեկում խոշոր բաժնեմաս ունի Անահիտ Ավանեսյանի մայրը, տնօրենն էլ ամուսինն է եղել, կասկածներ կան, որ դեղերի շուկայում մի շարք ապօրինություններ, գուցե նաեւ, այդ խողովակով է արվում: Այսինքն՝ շահերի բախման կասկածներ կան: Եվ ահա, իրավապահները գնացել էին ստուգելու այս ամենը. իսկ Անահիտ Ավանեսյանը «անմեղ» աշխատում էր՝ ՀՀ կառավարության նիստի շրջանակներում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում հայտնաբերվել են 4 չձեւակերպված վարձու աշխատողներ, որոնց հարցով կազմվել է 1 միլիոն դրամի ակտ։ Առավելապես պետական պատվերով եւ Երեւանում մշտապես շինարարություն իրականացնող «Բիդեքը» չհիմնավորված ռիսկի է գնացել, քանզի շինարարության բնագավառում միշտ առկա են կյանքի համար վտանգավոր իրավիճակներ, եւ դժբախտ պատահարի դեպքում աշխատողի չգրանցված լինելը լի է պատասխանատվության խստագույն հետեւանքներով։ Մյուս կողմից՝ իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին. այլ հարց է, որ չեն անում. եւ ինչո՞ւ . . . . »:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Օրերս ՊԵԿ-ը հատարարեց, որ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչեւ հուլիսի 22-ը։ Այս մասին ՊԵԿ-ը տեղեկացնում է հայտարարագրերի լրացման վերջնաժամկետից գրեթե մեկ ամիս առաջ, երբ պետական բոլոր պատասխանատու կառույցները ֆիզիկապես եւ տեխնիկապես «պայթեցված» են։ Բացատրենք. բանն այն է, որ ՊԵԿ-ը հայտարարությունում մասնավորապես նշել է. «Հայտարարատուներին տեղեկացվում է, որ, հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը, եւ հաշվի առնելով, որ 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաեւ ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր, 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի օրվանից 81 օրով՝ մինչեւ սույն թվականի հուլիսի 22-ը»:


Հետաքրքիրն այն է, որ չկա երաշխիք, որ մինչեւ հուլիսի 22-ը հերթերը ավարտված կլինեն, եւ համակարգը անխափան կգործի։ Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին անձնագրայիններում դռնեդուռ գցելուց հետո էլ չպատկերացրին, որ նախնադարյան համակարգը 21-րդ դարում չի գործելու, որ մարդիկ հերթերը իրենք կսահմանեն՝ թղթի վրա գրելով։ Անձնագրայիններում վիզաների, քաղաքացիության եւ այլ հարցերի ժամանակ առաջացած հարցերը փորձեցին լուծել էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, սակայն, դեռ չլուծած մի ողջ համակագի խնդիր՝ բարդվեց մյուսը. հայտարարագրման համակարգը լրացնելու համար պետք է ունենալ ID նույնականացման քարտ։ Հենց սրանց պատճառով էլ հերթեր են գոյանում, եւ խափանվում է մի ողջ համակարգ։ Ստացվում է, որ համակարգի ներդրման պահից, դրանից հետո եւ լրացման պահին պատրաստ էր հայտարարատու անձը, սակայն ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին այս բեռն իրենց ուսերին առնելու առաքելությանը»: