23.11.2024
Ի՞նչ հետաքրքրություն է ներկայացնում Կովկասի տարածաշրջանը Ղազախստանի համար
prev Նախորդ նորություն

Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է . Նիկոլ Փաշինյանը երեկ ՆԳՆ-ում մասնակցում էր ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Նա հանդես է եկել ելույթով, շնորհավորել ոստիկաններին, շնորհակալություն հայտնել իրենց աշխատանքի համար: Ապա իր ծավալուն եւ մանվածապատ ելույթում կարեւոր ուղերձ է հղել` կանաչ լույս վառելով ոստիկանության հետագա վայրագությունների համար: Ասել է. «Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք եւ հնարավորություն չունենա, այդ ծառայությունն իր բովանդակությամբ կլինի անիմաստ»: Ի դեպ, այն պահին, երբ այս խոսքերն էին հնչում, Հակոբ Ասլանյանին տրանսպորտում վիրավորած երիտասարդին ՁՊՎ տանելու ճանապարհին դաժանաբար ծեծի էին ենթարկում:


«Հրապարակ» օրաթերթը գրում է . Հայաստանը կարեւորում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների շարունակական շփումները, բայց Սերդար Քըլըչ-Ռուբեն Ռուբինյան առաջիկա հանդիպման վերաբերյալ թուրքական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չունի՝ «Հրապարակի» հարցին ի պատասխան հայտնում են ԱԳՆ-ից։ Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք պաշտոնյան պատրաստվում Հայաստան ժամանել, եւ արդյո՞ք Թուրքիայի հատուկ բանագնացի այցելության օրակարգում ներառված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցը։ «Հայաստանը շարունակում է կառուցողական ներգրավվածություն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ կարեւորում է հատուկ ներկայացուցիչների շարունակական շփումները: Ներկայում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ առկա չէ հանդիպում անցկացնելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն եւ համաձայնեցված օրակարգ»,- նշված է ԱԳՆ պատասխանում։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ընդունել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջարկը՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Երեւանում անցկացնելու վերաբերյալ, որը հնչել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Հայ-թուրքական գործընթացին օրեր առաջ անդրադարձել էր նաեւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նշելով, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստան-Թուրքիա գործընթացին, եւ հույս հայտնելով, որ բանագնացները մոտ ապագայում կհանդիպեն։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Նիկոլ Փաշինյանը տարբեր պատճառաբանություններով արդեն տեւական ժամանակ է, ինչ հետաձգում է ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումը: Դեռ ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավորները սպասում էին Նիկոլ Փաշինյանին, որ գնա ԱԺ եւ փակ հանդիպման ժամանակ վերջապես տա իրենց հուզող հարցերի պատասխանները: Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավորներն անգամ դիմել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որ վերջինս կազմակերպի հանդիպումը. նա էլ իր հերթին է ասել, որ վարչապետը զբաղված է, բայց վստահեցրել է՝ առաջիկայում կգա հանդիպման: Հավանաբար, արդյունքները Փաշինյանի համար եւս գոհացուցիչ չեն եղել ու չգիտի՝ ինչ ներկայացնի պատգամավորներին, այդ պատճառով էլ խուսափում է հանդիպումներից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«ՀՀ առողջապահության նախարարության շուրջ իրավապահ մարմինների (ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի եւ ԱԱԾ-ի) գործողություններից փորձել է օգտվել ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Նա երկար ժամանակ է, ինչ լարված է նախարար Անահիտ Ավանեսյանի հետ և փորձում է գահընկեց անել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ թեեւ երեկ նա երկրում չէր (ԱԺ նախագահի հետ Լիտվա է մեկնել), այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունների շրջանում արդեն սկսել է իր ընկերոջ PR-ով զբաղվել եւ բարեխոսել, որպեսզի Անահիտ Ավանեսյանի հնարավոր ազատումից հետո ՀՀ ԱՆ Վ.Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ կենտրոնի ղեկավար Նարեկ Մանուկյանը նշանակվի նախարար։ Վերջինս մեծ աղմուկով այդ կենտրոնի տնօրեն է նշանակվել 2019 թվականին, երբ առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն էր։ Իսկ այսօր արդեն Նարեկ Մանուկյանը Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։


Նշենք, որ երեկ՝ վաղ առավոտից, ՀՀ առողջապահության նախարարությունում ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվեցին անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և «Ուիգմոր» բժշկական կենտրոնում կատարվեցին խուզարկություններ:


Իրավապահները կասկածում են, որ մանկական մեծ հիվանդանոցի բացմանը մասնակցած Անահիտ Ավանեսյանը նաև մասնաբաժին ունի այդ կառույցում և սկսել է պետպատվերի բաշխումները հօգուտ հիվանդանոցի անել: Բացի դրանից, քանի որ «Արմֆարմացիա» դեղագործական խոշոր ընկերություններից մեկում խոշոր բաժնեմաս ունի Անահիտ Ավանեսյանի մայրը, տնօրենն էլ ամուսինն է եղել, կասկածներ կան, որ դեղերի շուկայում մի շարք ապօրինություններ գուցե նաև այդ խողովակով է արվում: Այսինքն՝ շահերի բախման կասկածներ կան: Եվ ահա, իրավապահները գնացել էին ստուգելու այս ամենը. իսկ Անահիտ Ավանեսյանը անմեղ աշխատում էր՝ ՀՀ կառավարության նիստի շրջանակներում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանի համերկրացի Վահե Ղալումյանի գլխավորությամբ, եռօրյա այց են կատարել Սյունիք: Կազմում Ղալումյանի գլխավորած ԱԺ տարածքային հարցերի հանձնաժողովի իշխանական անդամներն են եղել, որոնք հանդիպումներ են ունեցել համայնքներում։ ԱԺ-ն այցի մասին հաղորդել է․ «Ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերին, քննարկել համայնքների խոշորացման գործընթացից հետո սեփական եկամուտների ծախսման արդյունավետության հարցը, հանդիպել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել ԶՊՄԿ»: Սակայն այցն այնքան էլ աշխատանքային չի եղել՝ պատգամավորները սեփական նախաձեռնությամբ չեն այցելել Սյունիք: Պատերազմից հետո նրանք Սյունիքից խուսափում են` նկատի ունենալով Փաշինյանին ուղղված սյունյաց ողջույնների պատմությունը: Միայն մարզային պատգամավորները երբեմն լուսանկարներ են հրապարակում իրենց ընտրողների հետ հանդիպումներից: Այս այցը եղել է ՄԱԿ-ի Զարգացման «Հայաստանի խորհրդարանի արձագանքման արդյունավետության թափանցիկության եւ ներառականության խթանում» ծրագրի շրջանակներում։ Սյունիքն առաջին մարզն է, լուր կա, որ լինելու են նաեւ մյուսներում։ Ի դեպ, այդ հանձնաժողովի անդամ, սյունեցի, Արայիկ Հարությունյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող նկարիչ Դավիթ Դանիելյանը եռօրյա այցի մոդերատորն է եղել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Հայաստանի արգելքը վրացական համարանիշների վերաբերյալ այնքան խորացավ նախորդ տարեվերջին, որ չնկատեցինք, թե մեզ համար Վրաստանն ինչ օրենք ընդունեց։ Բանն այն է, որ 2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի եւ առողջության ապահովագրությունը, որն ապահովելու է զբոսաշրջիկի համար անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը եւ դժբախտ պատահարներից ապահովագրումը: Այսինքն՝ ցանկացած օտարերկրացի, որը ցանկանում է մեկնել Վրաստան, անկախ այցի նպատակից, անպայման պետք է ունենա նշյալ ապահովագրությունը: Հակառակ դեպքում՝ յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք՝ 300 լարիի չափով (մոտ 46 հազար դրամ): Այս մասին ՀՀ քաղաքացիները չեն ծանուցվել, եւ ոչ մի իրավասու կառույց չի պատրաստվում զգուշացնել այս օրենքի կարգավորման կամ առնվազն գոյության մասին։ ՀՀ առողջապահության նախարարությունից փորձեցինք տեղեկանալ, թե պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումը արդյոք կվերաբերի՞ եւ պարտադիր կլինի՞ ոչ ՀՀ քաղաքացիների համար։


Նախարարությունից մեզ փոխանցեցին. «Հայաստանում աշխատող կամ ինքնազբաղված ոչ ՀՀ քաղաքացիների համար առողջության համապարփակ ապահովագրությունը, ըստ օրենքի նախագծի, լինելու է պարտադիր։ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման վերջին փուլը նախատեսվում է ավարտել 2027 թվականին»։ Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք նաեւ, որ մինչ 2027 թվականի պարտադիր առողջապահական ապահովագրության նախագծի մեջ մտնում են նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաների, անժամկետ հաշմանդամություն ունեցողների, 63 եւ դրանից բարձր տարիքի անձանց, մինչեւ 2 տարեկան երեխաների ապահովագրությունը։


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը որքան էլ օգտակար է թվում, այնքան էլ ունի մի շարք բացեր եւ խնդիրներ։ Անհայտ է, թե մինչեւ որքան դրամ կարող է փոխհատուցել նախարարությունը. նախատեսվում է տարեկան պարտադիր առողջապահական ապահովագրության համար վճարել 164 հազար 400 դրամ։ Նախագծով կարգավորվում է նաեւ, որ ապահովագրության համար վճարվող գումարը չմուծելու դեպքում տուգանվելու է եւ՛ անձը, եւ՛ գործատուն։ Բազմիցս արձանագրված առողջապահական այս նախագծի առաջացնելիք խնդիրներն անվերջ են. ավելի ուշ դրանց կանդրադառնանք։ Այժմ հարկ է նշել, որ այս խնդիրները արձանագրվել են նաեւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի կողմից, որի 2024 թվականի կանխատեսումների մեծ մասը վերաբերում էին հենց առողջապահական ոլորտին, որի մասին նախկինում գրել ենք»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Ոստիկաններն իրենց մասնագիտական օրով «փայլեցին» բռնարարքներով. ՔՊ պատգամավորին վիրավորած քաղաքացին ոչ միայն ձերբակալվեց, այլեւ, պահման վայր ուղեկցելու ճանապարհին, նրան դիմակավորվածները դաժան ծեծի ենթարկեցին, նսեմացրին, խոշտանգեցին: Ալեն Սիմոնյանին կարելի է թքել ու մնալ անպատիժ, իսկ ընդդիմադիր քաղաքացուն ազատազրկում են, ապա ծեծում սեփական կարծիքի արտահայտման համար։ Երեկ ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ եղած միջադեպը կրկին բորբոքել է իշխանական կրքերը։ Միջադեպից անմիջապես հետո Հակոբ Ասլանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ քաղաքացու դեմ բողոք չի ներկայացնի, սակայն քաղաքական որոշման արդյունքում նա բողոք գրեց ոստիկանությունում: Մինչդեռ քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա թքած Ալեն Սիմոնյանը, եւ ուղիղ եթերում օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածուի հասցեին սպառնալիքներ հնչեցրած Արթուր Հովհաննիսյանը, որ խուլիգանություններ են դրսեւորել, նախօրեին խրոխտ դատապարտեցին քաղաքացու այդ քայլը։


Նրանց հորդորով՝ Քննչական կոմիտեում հաղորդում ներկայացվեց քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ։ Սամվելին ձերբակալելու որոշում կայացվեց եւ ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին նրան դաժան ծեծի ենթարկեցին դիմակավորված մարդիկ՝ հասցնելով ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ սեռական, հոգեբանական բռնություն՝ այդ ամենը հայհոյանքներով ուղեկցելով։ Երեկ փաստաբանները տեղեկացրել են, որ ծեծելուց հետո քաղաքացի Սամվելի գլուխը բարձրացրել են ծեծած դիմակավոր անձինք եւ միասին թքել են նրա վրա. շատ ծանոթ ձեռագիր է, չէ՞։


«Դավաճան վիժվածք» արտահայտությունն արած քաղաքացին դաժանաբար խոշտանգվում եւ բռնության է ենթարկվում, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը, դառնում են անպատժելի արտոնյալներ։ Հենց սա է ընտրովի արդարադատությունը եւ իշխանության կողմից բռնությամբ անազատության ռեժիմի կիրառումը: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը երեկվա զինված բանդայի սկանդալի բարձրաձայնումից հետո այցելեց ՆԳՆ եւ մասնակցեց Ոստիկանների օրվան նվիրված միջոցառմանը, սակայն ոչ մի խոսք չհնչեց՝ հասարակական կարգ խախտելուց հետո քաղաքացու հանդեպ բռնության գործադրման մասին։ Ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «եթե ոստիկանությունը հաճախ չպետք է ուժ կիրառի, ապա ում է պետք այս կառույցը»։ Ստացվում է, որ երկրի ղեկավարն ինքն է տողատակերում քարոզում բռնություն, այն դեպքում, որ եթե հետ դառնանք անցյալ, այդ նույն խոսքերի համար կարող էր Նիկոլ Փաշինյանը հայտնվել Սամվել Վարդանյանի տեղում։ Հիշեցնենք, որ Վրաստանում երբեմնի սիրելի Սահակաշվիլիի ռեժիմը սկսեց մերժվել վրացիների կողմից, երբ հայտնվեցին կադրեր, թե ինչպես են ոստիկանները իրենց մահակներով խոշտանգում ու նսեմացնում տղամարդ կալանավորներին»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է . Երեւանի քաղաքապետարանը Հայաստանի ամերիկյան համալսարանին 990 հազար դրամ է փոխանցել՝ իր 5 աշխատակիցների անգլերենը բարելավելու համար։ Գնման պայմանագրից տեղեկացանք, որ ուսուցումն իրականացվելու է անհատական ձեւով, քաղաքապետարանի շենքում։ Տեւելու է 9 շաբաթ՝ շաբաթը 3 օր, 2 ժամ։ Փորձեցինք ճշտել, թե ովքեր են այդ աշխատակիցները, ինչու են համայնքի միջոցների հաշվին անգլերեն սովորում։ «Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական եւ այլն, հիմնականում պայմանագրերի, տարբեր  հանդիպումների կամ գործուղումների ընթացքում, որպեսզի մենք առանձին թարգմանիչներ չվարձենք, որպեսզի այդ պայմանագրերը թարգմանեն, կամ բանակցություններ վարվեն, հիմնականում այն մարդիկ, որոնք այդ հարցերով զբաղվում են, իրենց համար է այս վերապատրաստումը»,- ասաց  խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նույն տրամաբանությամբ, կարող էին ասել՝ քանի որ քաղաքապետարանում աշխատելը ծանր է, համայնքի հաշվին մարզիչ ենք վարձելու եւ դիետոլոգ, որ նրանց հետ պարապի, մարզի, քաշին հետեւի: