ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները:
Այս հայտարարությունը բուռն արձագանքի արժանացավ, առաջ քաշեց քննարկումներ: Շատերը նշում են, որ սա ուղիղ ապացույց է նրա, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կոնտեքստում առաջ է քաշել գլխավոր նախապայմանը՝ հրաժարվել Հայոց Ցեղասպանության ճանաչումից, պահանջատիրությունից:
Քաղաքագետներն ու փորձագետները իրենց կարծիքն ու գնահատականն են արտահայտում այս ամենի հետ կապված՝ համարելով նման հայտարարություններն ուղղակի անթույլատրելի:
Այդպես, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
"Անդրանիկ Քոչարյանը դարձավ Հայաստանի առաջին պաշտոնյան, ով Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, հրապարակավ կասկածի տակ դրեց Հայոց Ցեղասպանության փաստը՝ դրա «գիտական, առարկայական հիմքերը ստեղծելու» կեղծ պատրվակով: Այս մարդիկ անցանկալի անձ պետք է ճանաչվեն Հայաստանում":
ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ավելի էմոցիոնալ.
"Հայոց ցեղասպանության դատապարտումից հրաժարվողը թուրքի ճորտ է։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողը Ալիեւի հաճախորդ է։
Արարատից հրաժարվողը քեմալական պայմանագրի ներկայացուցիչ է։ Այսքանից հետո Նիկոլին սատարողն ու ծառայողը դուք ասեք՝ ո՞վ է…
Նիկոլիստներ ու քպ-իստներ, մի բան ասեմ …իշխանությունը հավերժ չէ։ Ձեր սերունդներն ամաչելու են ձեր համար,ինչպես այսօր ամաչում են իրենց պապերից 1937-ի կլյաուզնիկների հետնորդները։
Ավելին,37 թվի կլյաուզնիկների թոռները միայն ամաչում են, բայց ձեր թոռները ՝ ազգանուններն են փոխելու,որպեսզի չկոչվեն թրքահպատակների եւ հողատուների սերունդներ",- գրել է ԱԺ նախկին փոխնախագահը:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ևս հայտարարել է նման հայտարարությունների անթույլատրելիության մասին.
"Բացարձակ անընդունելի, հայկական ինքնության, Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն [Կառավարությունն] առաջ տանում` Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անուն-ազգանունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում:
Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը` դրանով առաջ տանելով իր ժխտողական քաղաքականությունը։
Ցեղասպանագետ գիտնականները, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունները երբևէ կասկածի տակ չեն դրել 1,5 մլն զոհերի թիվը: Դա երբեք քննարկման առարկա էլ չի եղել: Ավելին, զոհերի թիվը բոլորովին կապ չունի ցեղասպանություն հանցագործության հետ։ Ցեղասպանությունը մարդկանց խմբի ոչնչացմանն ուղղված մտադրված հանցանք է, որ հիմքում ունի ռասայական, էթնիկ, ազգային կամ կրոնական պատկանելիության հիմքով ատելությունը, այլ ոչ թե ուղղակի որոշակի թվով մարդկանց սպանությունը կամ նրանց վերացումը։
Այս մոտեցումը նաև բացահայտ անարգանք է անմեղ զոհերի հիշատակի նկատմամբ:
Անթույլատրելի է հայտարարությունը, թե «Մեծ Եղեռն» և «Ցեղասպանություն» հասկացությունները նույնական են։ Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից։
Ցեղասպանությունը միջազգային իրավական ամրագրում ունեցող հասկացություն է, միջազգայնորեն ճանաչված հանցագործություն է։
Դրա համար սահմանված է կոնկրետ քրեական պատիժ, քրեական հետապնդման մեխանիզմ։
Ավելին, հենց ցեղասպանության հանցագործության համար պատասխանատվության ու պատժի իրագործումն է, որ կոչված է կանխարգելելու ցեղասպանությունները։
«Եղեռն»-ը միայն հայոց լեզվի, հայկական նշանակության բառ է, որն ունի առավելապես պատմական և ոչ միջազգային իրավական նշանակություն, չի առաջացնում հանցանք ու հետևաբար՝ չունի իրավական նշանակություն":
Համոզված ենք, այս կարծիքը կիսում են ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները.... բացառությամբ այն քաղաքական ուժի ներկայացուցիչների, որոնք տիրաժավորում ու տարածում են այս հակահայ մտքերը...