24.11.2024
Ապրիլյանը ուժեղ երկրի արժանապատիվ կռիվ էր, որովհետեւ պետություն էինք ու «ՉՄՈ» չէինք
prev Նախորդ նորություն

Քոչարյանը 2 ամսից ավելի է՝ Եվրոպայում է․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու թիմակիցներն արդեն մի քանի տարի է՝ փորձում են հերքել, թե իրենց առաջնորդը չի հեռացել ակտիվ քաղաքականությունից, որ կառավարում է ներթիմային պրոցեսները, սակայն իրականությունն այն է, որ Քոչարյանը ձեռքերը լվացել է քաղաքականությունից եւ նախընտրել փափուկ կյանքը՝ Հայաստանի հոգսաշատ առօրյայից հեռու, եւ իր «Հայաստան» դաշինքում շաբաթներով, անգամ ամիսներով երեսը չեն տեսնում։ Մեր տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահը տեւական ժամանակ է՝ Եվրոպայում է, ըստ ամենայնի` Գերմանիայում, որտեղից էլ շնորհավորական ուղերձ էր հղել կանանց` Մարտի 8-ի, եւ Վլադիմիր Պուտինին` ընտրվելու կապակցությամբ: Մեր տեղեկություններով, նա մեկնել է հունվարի վերջին:


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին հարցրինք՝ ե՞րբ են վերջին անգամ իրենց առաջնորդի հետ հանդիպել եւ ի՞նչ են քննարկել: «Վերջին անգամ ֆրակցիայի արտագնա նիստ է եղել, որի վերաբերյալ կա հրապարակային ինֆորմացիա»,- նշեց նա: Իսկ ե՞րբ է տեղի ունեցել այդ արտագնա նիստը։ Պատասխանեց՝ անցած տարվա դեկտեմբերին։ Փորձեցինք հաղորդագրությունը գտնել, սակայն արտագնա նիստի վերաբերյալ ինֆորմացիա չգտանք: Խամոյանին հարցրինք նաեւ` ճի՞շտ է, որ պարոն Քոչարյանն արտերկրում է։ «Դատարանում նախագահի փաստաբանական թիմի վերջին միջնորդությունը վերաբերում էր երկրից բացակայելու արգելքը վերացնելուն։ Այլ մեկնաբանություններ անել չեմ կարող»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցում փորձեցինք պարզել՝ դեռ քաղաքականության մե՞ջ է, թե՞ հեռացել է: Նա պատասխանեց. «Իսկ Հայաստանում այսօր կա՞ քաղաքականություն։ Չորս կողմից ասում են՝ պետությունը լինել-չլինելու եզրին է, ի՞նչ քաղաքականության մասին կարող է խոսք լինել այս պայմաններում։ 100 հազարից ավել մեր քույրերն ու եղբայրները, իրենց տները, շքեղ քաղաքներն ու գյուղերը թողած… ինչի՞ մասին է խոսքը։ Օրումեջ նոր պատերազմի մասին ենք լսում, Տավուշի բնակչությունը շվարած սպասում է։ Իմ կարծիքով, Հայաստանում ապրելն այսօր արդեն քաղաքականություն է։ Մարդը չի կարողանում իր կյանքը 1-2 շաբաթից ավել պլանավորի, չգիտի՝ վաղն ինչ է լինելու։ Այս պայմաններում ի՞նչ քաղաքական միտք, քաղաքական պայքար, տնտեսական քաղաքականություն, երկարաժամկետ ծրագրեր։ Դրանք ընդամենը սիրուն ձեւակերպումներ են»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների մոտ մեծ սպասումներ է ձեւավորել ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման հետ կապված՝ հույս հայտնելով, որ այն լինելու է Հայաստանի եւ իրենց իշխանության փրկության մի բացառիկ, կարելի է ասել՝ տիեզերական նշանակության իրադարձություն։ Եվ ՔՊ-ականները, շունչները պահած, սպասում են դրան։ Դրանից է կախված թե, ի վերջո, ուր է գնալու Հայաստանը: Եթե Արեւմուտքն «աջակցող» հայտարարություններից բացի գործնական քայլեր անի, խոշոր գումարներ հատկացնի Հայաստանին, որի շնորհիվ հնարավոր լինի տարանջատվել ռուսական տնտեսությունից, ՀՀ իշխանություններն առանց երկմտելու կլծվեն անվտանգային վեկտորի փոփոխությանը՝ Ռուսաստանից դեպի Արեւմուտք։ Խոսքը մի քանի միլիարդ դոլարի մասին է, այլ ոչ թե մի քանի միլիոնի։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր՝ ապրիլի 3-ին, կայանալու են Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գիտխորհրդի նիստը, որը կկայանա ժամը 12:00-ին, շատ թեժ է անցնելու։ Բանն այն է, որ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը դեկանի պաշտոնում է 1996 թվականից, այս տարի դեկանի ընտրություններում չի առաջադրվել. վերջինս հրաժարվել է եւ նշել, որ տեղը զիջելու է իրենից ոչ պակաս ֆակուլտետի հնաբնակ Հարություն Խաչիկյանին։ Հարություն Խաչիկյանը հանդիսանում է Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ 1994 թվականից, իսկ 2012 թվականից մինչ օրս ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր է։ Խաչիկյանի հետ ինքնաառաջադրվել է նաեւ ՀՀ ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Գիտխորհրդում Պետրոսյանը չունի վստահություն, սակայն Խաչիկյանին գիտեն եւ վստահում են գրեթե բոլորը։ Հավելենք նաեւ, որ սա այն եզակի ֆակուլտետներից է, որտեղ դեկանը իշխանության «սրտի» մարդը չէ եւ տարիներ շարունակ պայքարել է, որ քաղաքականությունը չմտնի ֆակուլտետի պատերից ներս։ Ավելին՝ ԵՊՀ-ում գրեթե բոլոր ֆակուլտետները աշխատում են իշխանության ենթակայության տակ եւ անմիջական հրահանգներով։ Այժմ Ղազինյանի (որը ընդդիմադիր թեւի կողմնակից էր) չառաջադրվելը իշխանության «սրտի» քայլ էր, եւ նրանք հնարավորությունը բաց չեն թողնի այստեղ եւս արմատավորել իշխանական թեզերը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի ճնշման քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել եւ հարցաքննվել ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ Ավելին՝ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։  «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հարցաքննվել է նաեւ Հայկուհի Հարությունյանը։ Բացի այդ, ԱԱԾ նախկին տնօրենն ու Հայկուհի Հարությունյանը եւս առերեսվել են կոմիտեում։ Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում եւ, դրանով պայմանավորված, իր նկատմամբ ճնշման մի դեպքի մասին էր: Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ։ «Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետեւելով՝ հրապարակում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունից.. որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր․․․


Արժանացել է բացասական եզրակացության, եւ դա անհանդուրժելի է նաեւ․․․ Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես՝ հենց այդ պահին, զանգի մասին տեղեկացրել եմ եւ փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ դա՝ որպես երեւույթ, ինչ-որ մեկը կառավարությունում տեղյակ է, թե ոչ, եւ պիտի շնորհակալություն հայտնեմ, որ անմիջապես արձագանքը եղել է․․․ Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանը (նկատի ունի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին՝ հեղ.) այցելել էր նույն շենքում տեղակայված մեկ այլ կառույցի՝ Բնապահպանական տեսչական մարմին, եւ նաեւ այցելեց հանձնաժողով, եւ 4 անդամով (այդ ժամանակ 4 անդամ էինք), ես անձամբ բոլորի ներկայությամբ դեպքը պարոն Աղաջանյանին ներկայացրել եմ։ Վերարտադրում եմ նաեւ պարոն Աղաջանյանի խոսքերը, եւ շնորհակալություն նաեւ իրեն. դա մեր եւ մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի վարքագիծ է, եւ նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,-ասել էր նա։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ավագանու ընդդիմադիր անդամները պահանջում են Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի հրաժարականը: Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ՝ մարտի 24-ին, Երեւանի կենտրոնում միջադեպ էր տեղի ունեցել ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների եւ կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի եւ մյուս աշխատակիցների միջեւ: «Ազգային առաջընթաց» խմբակցության երկու անդամներ՝ Հայկ Գրիգորյանը եւ Ռոբերտ Ծովյանը, Երեւանի Թումանյան փողոցում նկատել էին, որ հերթական ծառահատումն է իրականացվում, մոտեցել էին՝ պարզաբանում պահանջելու, սակայն, ինչպես ավագանու անդամներն էին մեզ հետ զրույցում պատմել, կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցները հարձակվել էին իրենց վրա ու հարվածել, իսկ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հայհոյել էր նրանց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու ընդդիմադիր անդամներն օրերս պաշտոնապես դիմում են ներկայացրել քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով Արմեն Բեգոյանի պաշտոնանկությունը։ «Դիմումը երկու օր առաջ ենք ներկայացրել Տիգրան Ավինյանին: Պահանջում ենք կասեցնել Արմեն Բեգոյանի գործունեությունը եւ ծառայողական քննություն նշանակել միջադեպի մասով»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի քրեական գործը դատարանում կանգ է առել: 2024 թվականի ընթացքում քրեական գործով որեւէ նիստ չի կայանում դատարանում: Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, մասնակցելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչեւ 11:30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում` Ազգային ժողովի մոտ անցկացվող հավաքին, խոչընդոտել է աշխատանքի վայր ժամանող Սիսակ Գաբրիելյանի երթեւեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ: Իրականում մի խումբ քաղաքացիներ վիրավորել էին Սիսակ Գաբրիելյանին, նա էլ քաղաքացիներին էր վիրավորել, հայհոյել, մյուս կողմը ձու էր նետել պատգամավոր Գաբրիելյանի ուղղությամբ: Եւ, ահա, այս գործը չի քննվում դատարանում ըստ պատշաճի, սակայն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի անհանգստանում այս գործի ողջամիտ ժամկետների խախտման համար»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրինք, թե երբ եւ որտեղ է ՔՊ քաղաքական թիմը «մեռել եւ հարություն առել»` խնդրելով մեկնաբանել Արտաշատում Նիկոլ Փաշինյանի խոսքերը: «Օրինակ՝ մի անգամը ես գիտեմ, թե երբ է ՔՊ-ն մեռել․ դա պատերազմից հետո էր` 44-օրյա»,- ասաց նա: Աղազարյանը ՔՊ-ի մահը «պայմանական» է որակում՝ նշելով, որ ինքն այլ բնութագրում կտար. «Ծնկի էր եկել, բայց ժողովուրդը թիկունքից մոտեցավ մեզ, ասաց՝ բարձրացեք, ճիշտ ուղղությամբ եք գնում: Էդ կարելի է համարել, որ մենք մահացել ենք եւ հարություն ենք առել»: Այսինքն՝ ուզում եք ասել, որ մեր ժողովուրդը պատերազմը, զոհերը, Արցախի հանձնումը ներել է ձեզ, եւ ինչ կատարվել է, ճիշտ ուղղությո՞ւն է համարում։ Պատգամավորը պատասխանեց․ «․․.Չէ, ո՛չ զոհերն են ճիշտ ուղի, ո՛չ պատերազմը, ճիշտ ուղի է մեր հետեւողական դիրքորոշումը, եւ դրա համար էլ մեզ թիկունքից բարձրացրեց ու ասեց, որ ձեզ վստահում եմ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, վայքեցի Կառլեն Մինասյանի «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն «բինգո» է բռնել՝ 2 դպրոց կառուցելու տենդեր է շահել՝ Վայոց Ձորի Արենի գյուղում եւ Սյունիքի մարզի Խոտում։ Արենիի դպրոցի համար փոխանցվել է 1 մլրդ 736 մլն, Խոտ գյուղի դպրոցի համար՝ 1 մլրդ 370 մլն դրամ։ Հետաքրքիր է, որ Օհանավանի դպրոցի կառուցման համար կառավարությունը 880 մլն դրամ էր հատկացրել: Օհանավանի բնակչությունը, 2011 թ. մարդահամարի տվյալներով, 2 հազար 312 մարդ է, իսկ Խոտինը՝ 942։ Այսինքն՝ Խոտ գյուղում դպրոցի կառուցումը մոտ 2 անգամ թանկ արժե, քան Խոտից 2 անգամ մեծ Օհանավանինը։