14.12.2024
Քոչարյանը 2 ամսից ավելի է՝ Եվրոպայում է․ ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Հայաստանի ռազմավարական կոլապսը բավականին ցայտուն արտահայտվում է էներգետիկ համակարգում

Էներգետիկ հարցերի փորձագետ Վահե Դավթյանը գրում է.


«Հայաստանի ռազմավարական կոլապսը բավականին ցայտուն արտահայտվում է էներգետիկ համակարգում, այս անգամ արդեն՝ վրացական ուղղությամբ:


Վերջերս հայտնի դարձավ, որ կառավարությունը հերթական անգամ հետաձգել է Հայաստան-Վրաստան էլեկտհաղորդման գծի ու դրան սպասարկող երկու ենթակայանների կառուցման աշխատանքները: Մրցույթին մասնակցող ընկերությունը՝ Siemens-ը ֆինանսական առաջարկ չի ներկայացրել՝ պարզաբանելով դա այլ շուկաներում գերզբաղվածությամբ: Երկրորդ մասնակիցն էլ հայտարարել է սնանկության մասին: Փաստացիորեն, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ միջազգային բիզնեսը պարզապես խուսափում է Հայաստանում որևէ երկարաժամկետ գործունեություն ծավալելուց՝ հաշվի առնելով առկա անվտանգային ռիսկերն ու անկանխատեսելիության բարձր աստիճանը:


Ակնհայտ է, Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման հերթական հետաձգումը, դրանում միջազգային բիզնեսի հետաքրքրության բացակայությունը ուղիղ կապված է նաև Երևանի կողմից իրականացվող «անկլավային քաղաքականության» հետ: Հաշվի առնելով, որ անկլավների հանձնման պարագայում արմատապես փոխվելու է, իսկ իրականում՝ վտանգվելու է Հայաստանի ռազմավարական-հաղորդակցային ճարտարապետությունը, նոր միջպետական էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները ևս չեն կարող սկսվել՝ առանց նոր իրողություններն առնվազն հաշվի առնելու: Միջազգային բիզնեսը չի բացառում, որ ինչ-որ պահի պետք է էլեկտրահաղորդման գծի լոգիստիկան համաձայնեցնի նաև Բաքվի հետ:


Վրաստան-Հայաստան գիծը պետք է շահագործման հանձնվեր դեռևս 2019 թ.-ին՝ որպես «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի մաս: Ընդ որում, առ այսօր պատրաստ չէ նաև նույն միջանցքի մաս կազմող Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գիծը: Արդյունքում, Հայաստանը դուրս է մղվում «Հյուսիս-Հարավ» մեգանախագծից՝ իր տեղը զիջելով Ադրբեջանին:


Սա Հայաստանի շրջափակման, «անակոնդայի» մեթոդով նրա տնտեսական ու ենթակառուցվածքային համակարգերը խեղեդելուն ուղղված ծրագրի վառ դրսևորումներից է»։