ՀՀ-ն ռուսական, թուրքական, իրանական շահերի խաչմերուկում է. մեր լուծումներն այստեղ են
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցությունները խաղաղության, առաջընթացի և զարգացման հիմքերն են։
Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է տալու։ Տարածաշրջանը վերածվելու է ուժային հակամարտության վայրի և ավելի շատ մարտահրավերներ է առաջացնելու տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»։
Սրանք Իրանի ՊՆախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանիի խոսքերն են, որոնք նա հնչեցրել է Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ:
Պաշտոնական Թեհարնից հնչող հայտարարությունները կարևոր նշանակություն ունեն՝ այն իմաստով, որ Իրանը այն եզակի պետություններից է, որի շահերից է բխում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը:
Մյուս կողմից, Թեհրանը հանդես է գալիս հակամարտության կարգավորման ռեգիոնալացման դիրքերից, ինչը կարծում եմ՝ պաշտոնական Երևանը չպետք է անտեսի:
Աշխարհաքաղաքական, լոգիստիկ առումով անգամ՝ Արևմուտքում «փրկիչներ» փնտրելն անհեռանկար, եթե չասեմ՝ արկածախնդիր զբաղմունք է, մանավանդ, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Բորելն ինքն էր վերջերս խոստովանել, որ քաղաքական Արևմուտքի քաղաքական գերիշխանության դարաշրջանն ավարտվել է:
Հայաստանը գտնվում է ռուսական, թուրքական, իրանական շահերի խաչմերուկում և այստեղ է գտնվում մեր խնդիրների լուծման բանալին: Սա ցանկությունների հարց չէ, իրականություն է, որի անտեսումն աղետաբեր է լինելու:
Ըստ այդմ, իրական ձևաչափը, որը կարող է նպաստել հայ- ադրբեջանական կարգավորմանը՝ «3+3»-ն է:
Այս աքսիոմատիկ ճշմարտությունը բացարձակապես հակադրության մեջ չի մտնում արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացիայի հետ, որն, իհարկե, կապ չունի այն կտրուկ շրջադարձի հետ, որ կատարում է Հայաստանի իշխանությունը՝ պետականության համար ստեղծելով էքզիստենցիալ մարտահրավերներ»: