VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները երեկ աջուձախ էին փախչում` լսելով Զելենսկու` Հայաստան կատարելիք այցի մասին հարցը։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան, Բաբկեն Թունյան, Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքից Վահե Ղալումյան` կտրուկ մերժում էին խոսել, բոլոր հարցերի մասնագետ Անդրանիկ Քոչարյանն անգամ հրաժարվեց խոսել: «Չեմ ուզում գնահատել դրական կամ բացասական, ի վերջո՝ Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է, եւ, ինչպես մնացած երկրների ղեկավարները, եթե հատուկ ինչ-որ արգելք չկա, կարող է այցելել Հայաստան»,- ասաց Թունյանը: Ղալումյանը նկատեց` դեռ այցը պաշտոնապես հայտարարված չէ․ «Եթե լինի, կխոսենք, իսկ ենթադրությունները մեկնաբանել չեմ կարող»: ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումն է՞լ է ենթադրություն. վարչապետը խոսել է՝ հիմա պիտի մնա՞նք, թե՞ դուրս գանք ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ում, փաստորեն, անվտանգային խնդիրներ ունենք, հետեւաբար… «Հետեւաբար պետք է սպասենք»:
Ռուսաստանի դեմ պատերազմող երկրի առաջնորդի այցը չի՞ սրի հայ-ռուսական առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ Երեւանին չպետք է դա մտահոգի․ «Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի, չի արձագանքի, իրա գործն ա: Մեզ մեր երկրի շահերն է հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց թելադրում ա մեզ, էնպես պիտի առաջնորդվենք»: Հիշեցրինք, որ, ըստ լուրերի, պատերազմի ժամանակ Ադրբեջանն ուկրաինական ֆոսֆոր է կիրառել Արցախում։ «Ո՞վ ասեց, հաստատվա՞ծ է»։ Հերքված էլ չէ։ «Իրենք էլ ասում են՝ Ռուսաստանի ֆոսֆորն ա դա եղել»,- անդրդվելի մնաց նա։ Ուկրաինայի նախագահի` մարտի 4-ին Հայաստան գալու մասին տարբեր աղբյուրներ են հայտնում։ Տեղեկությունն անցած շաբաթվա վերջին ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր Հայաստանում Ուկրաինայի գործերի հավատարմատար Վալերի Լոբաչը․ «Գարունը դրական իրադարձություններ կբերի Հայաստանին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ Մոսկվայում ուշագրավ տվյալներ են ամփոփվել՝ կապված հետխորհրդային երկրներում կոմունիկացիոն ռեժիմների բարեկամական վերաբերմունքի վարկանիշների հետ: Նման հետազոտություն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացնում է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը: Ի դեպ, նշվում է, որ մոնիտորինգի մեթոդոլոգիան և կիրառված տեխնոլոգիաները մշակված են ինստիտուտի կողմից և չունեն իրենց, այսպես ասած, «կրկնօրինակը», այսինքն, աննախադեպ են: Այս տարի հետազոտություններին մասնակցել է ռուսաստանյան և արտասահմանյան ավելի քան 400 փորձագետ՝ կրկնակի ավելի շատ, քան անցած տարի: Իրականացվել է 16 հետխորհրդային երկրներում տեղի ունեցած իրադարձությունների, պաշտոնական փաստաթղթերի, նշյալ երկրների ղեկավարների հայտարարությունների և լրատվամիջոցների մանրամասն վերլուծություն:
Ռուսաստանի հետ բարեկամական կոմունիկացիոն ռեժիմի շարքին է դասվել տասը երկիր՝ Հարավային Օսիա, Բելառուս, Աբխազիա, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան և Հայաստան: Վրաստանը գնահատվել է որպես համեմատաբար բարեկամական, իսկ հինգ երկիր գրանցել է բացասական ցուցանիշներ՝ Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա և Մոլդովա: «Բարեկամության» ցանկում առաջատարը Հարավային Օսիան է՝ 93,5 միավորով: Հայաստանը եզրափակում է տասնյակը՝ 46 միավորով: Համեմատության համար նշենք, որ Վրաստանն ունի 12 միավոր: Հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը երեկ նշել է, թե ինչ հիմնական գործոններ են ազդում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունների վրա, այդ թվում՝ բացասական իմաստով: Ի մասնավորի նա շեշտել է բևեռացման խորացումը, քաղաքակրթական խորացող տարանջատումը, անդրսահմանային կլաստերավորման համար նոր պայմանների ի հայտ գալը, ռազմական գործոնի ուժեղացումը և այլն:
Ի դեպ, նշենք, որ պրեզենտացիային ներկա են եղել ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետի տեղակալ Անտոն Ռիբակովը, Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Օլեգ Կարպովիչը, ՌԴ սենատոր, Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Նիկոլայ Կոնդրատյուկը, Հասարակության հետ կապերի ռուսաստանյան ասոցիացիայի նախագահ Եվգենի Մինչենկոն, Պետդումայի պատգամավոր Արկադի Սվիստունովը, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի դիտորդ խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ, իրավագիտության դոկտոր Նիկոլայ Գրիբինը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանում երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ իշխանական պատգամավորների փակ հանդիպումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումը 3 ժամից ավել է տեւել: Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է մյունխենյան բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումը: Ըստ էության, Փաշինյանը թիմակիցներին ակնարկել է, որ առանձնապես մեծ առաջընթաց չկա բանակցային գործընթացում, մյունխենյան հանդիպումն էլ հերթական հանդիպումն էր, ու կարեւոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: Փաշինյանի ելույթից հետո ՔՊ-ականները հարցեր են ուղղել նրան»։
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ ֆրակցիայի երեկվա նիստում որոշել են, որ ՀԾԿՀ, Մրցակցության հանձնաժողովի նախագահների եւ ՍԴ անդամի պաշտոնում ներկայացված թեկնածուների հարցին կանդրադառնան ԱԺ-ում այդ հարցերի քննարկումից հետո։ Հիշեցնենք, որ այսօր մեկնարկելիք նիստերի օրակարգում 28 հարցերից մեկը հիշյալ 3 կառույցների ղեկավարի եւ անդամի ընտրությունն է, կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում ներկայացրել է գործող ղեկավար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը, ով Արթուր Վանեցյանի բաջանաղն է, ՄՀ նախագահի պաշտոնում՝ գործող ղեկավար Գեղամ Գեւորգյանի, իսկ դատավորների ընդհանուր ժողովն էլ Դավիթ Բալայանին է որոշել գործուղել ՍԴ։ Անցած օրերին չնայած երեքն էլ անցել են ՔՊ-ի խոշորացույցով, ֆրակցիայում փակ հանդիպում է եղել առանձին-առանձին, սակայն միայն Գեղամ Գեւորգյանի հարցում կա հստակ որոշում, որ ընտրելու են: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Բաղրամյանին կառավարությունը չառաջադրեր, առանց մտածելու՝ չէին ընտրի, այդուհանդերձ, հարցի քննարկումից հետո, երբ Բաղրամյանն ամբիոնից հանդես գա, պատասխանի հարցերին, ելույթ ունենա, կանդրադառնան նրան։ Ինչ վերաբերում է Բալայանին, չնայած ի սկզբանե նրա թեկնածությունը սվիններով են ընդունել, բայց հանդիպումից եւ Բալայանի պատասխաններից հետո ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ՝ ընտրել, թե ոչ: Որոշել են վերջնական եզրահանգման գալ Բալայանի հրապարակային ելույթներից հետո։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը նախապատմություն է ունեցել: Դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակ Վարդանյանի հրաժարականին դեռ շատ գործընթացներ են հետեւելու, իսկ թե ինչ, դժվար չէ կանխատեսել: Անակնկալ հրաժարականի պատճառը, ըստ մեզ հասած տեղեկությունների, շպիոնաժն է եղել: Լրտեսել են դատավոր Վարդանյանին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Վարդանյանը դիմում գրի, ավարտի դատավորի կարիերան: Մեզ լուրեր հասան, որ Արշակ Վարդանյանի հրաժարականով ամեն ինչ չի ավարտվելու, դեռ շատ խմորումներ են սպասվում դատական համակարգում: Նշենք, որ երեկ, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները։ Հավելենք, որ Դատական օրենսգրքով Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարում են ե՛ւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, ե՛ւ դատավորի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ-ի եւ ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի հետ հանդիպումից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականները բավականին ակտիվ են եղել։ Մասնավորապես, փակ հանդիպմանը կոնկրետ ՍԴ դատավորի թեկնածուին 6-ից ավելի հարց է տվել Անդրանիկ Քոչարյանը, որից հետո հարցեր են տվել Վլադիմիր Վարդանյանը, Տրդատ Սարգսյանը, Լիլի Մինասյանը, Հայկ Կոնջորյանը: Վերջիններիս հարցերը եղել են ինչպես նրա կրթությունից, այնպես էլ նրա գործունեությունից: Ի դեպ, ըստ ՔՊ-ականների, առավել սուր հարցեր է տվել Անդրանիկ Քոչարյանը, որի հարցերին Բալայանը բավականին հանգամանալից պատասխաններ է տվել։ ArmLur.am-ը գրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Բալայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ։ Բալայանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն չցանկացավ որեւէ բան մանրամասնել։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ ՔՊ խմբակցության հետ հանդիպումը շատ ակտիվ է եղել, որի ժամանակ պատգամավորները տարբեր հարցեր են հղել Բալայանին։
Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էր Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր։ Դատավորները 158 ձայն տվեցին Դավիթ Բալայանին։ Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները: Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր եւ այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչության նիստ է արել ու որոշել էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրել ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանի թեկնածությունը: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ նիստից: Նախ տեղեկացանք, որ, բացի Պապոյանից, այլ թեկնածուներ էլ են քննարկվել նիստին, այդ թվում՝ պատգամավոր Բաբկեն Թունյանը. վերջինս, սակայն, հենց սկզբից հրաժարվել է ու չի ցանկացել առաջադրվել նախարարի պաշտոնում: Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե տրամադրված չի եղել պատգամավորներից մեկին տանել գործադիր, բայց նրա կադրային բանկն այնքան աղքատիկ է, որ այլ համապատասխան թեկնածու չի գտել: Պապոյանի թեկնածությունը դնելու հարցը, կարելի է ասել, վերջին պահին՝ հենց վարչության նիստին է որոշվել: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Պապոյանի թեկնածությունը վարչության նիստին միանշանակ է ընդունվել՝ բոլոր անդամների կողմ քվեարկությամբ: Նրա փոխարեն ԱԺ կմտնի Դավիթ Կարապետյանը՝ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ հերթական արշավը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է իրականացնել ինչ-որ շարժման միջոցով, որը փետրվարի 24-ին նախատեսում էր բողոքի ակցիա իրականացնել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Նշել էինք նաև, որ, մեր ունեցած տեղեկություններով, Մայր Աթոռի մուտքի մոտ մեծաթիվ հայ քրիստոնյաներ են լինելու, որոնք թույլ չեն տալու հերթական հարձակումը Հայ առաքելական եկեղեցու դեմ: Եվ ահա, փետրվարի 24-ին բազմահազար մարդիկ էին այցելել Էջմիածին՝ ի աջակցություն Վեհափառ հայրապետի ու Եկեղեցու: Բավական տպավորիչ արշավ էր կազմակերպել «Հայ խաչակիրների ազատագրական շարժումը»՝ Արթուր Ասատրյանի գլխավորությամբ: Մեր տեղեկություններով, ավելի քան հինգ հազար «խաչակիրներ» են մասնակցել այս քայլերթին: Ակցիա էին իրականացնում նաև Էջմիածնի ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամները, փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանն իր համախոհների հետ և այլն: Էջմիածնում էին նաև բազմաթիվ այլ հայ քրիստոնյաներ, որոնք պարզապես եկել էին աջակցելու Հայ առաքելական եկեղեցուն: Այստեղ կարևոր է նշել, որ ազգային արժեքների, այս դեպքում՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբման արդյունքում հնարավոր եղավ տապալել իշխանությունների նախաձեռնած հերթական արշավը Եկեղեցու դեմ: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ վերջին շրջանում, որքան իշխանություններն առավել ինտենսիվ են պատերազմում Եկեղեցու դեմ, այնքան շատ են ակտիվանում ՀԱԵ-ին աջակցող, սատարող նախաձեռնությունները, ինչը թույլ է տալիս հուսալ, որ ինչպես պատմության տարբեր ժամանակաշրջաններում, ներկա բարդագույն փուլում ևս Եկեղեցին կարող է համախմբող գործոն դառնալ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վեոլիա ջուր» ընկերությունը դատական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության՝ գումարի բռնագանձման պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումում նշված է, որ մատուցված ծառայության դիմաց կրոնական կազմակերպությունը «Վեոլիա ջրին» պարտք է 65 հազար 883 դրամ, որը չի վճարել, եւ ընկերությունը դատական կարգով է փորձել ստանալ: Սակայն այնուհետեւ «Վեոլիան» դիմել է դատարան՝ նշելով, որ պարտավորությունն արդեն կատարված է, եւ խնդրել է կարճել գործը։
«Հրապարակ» թերթը գրում է. Հյուսիսային պողոտա կառուցելու համար Երեւանի կենտրոնի բնակիչներին տարհանելու տեսարանները երեւանցիները լավ են հիշում: Այդ տարհանումները դարձան Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամենասեւ էջերից մեկը: «Կոնդի նախագիծը» սպառնում է դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մեկը: Երեկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց «Կոնդ» թաղամասի իրացման մեկնարկի մասին: Ասվեց, որ այս տարածքում հողի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 214 եւ 139 հազար դրամ է, այսինքն` 500-600 դոլար, ինչին անմիջապես արձագանքեցին կոնդեցիները: Խմբագրություն զանգած քաղաքացիներն ասում էին. «Աբսուրդային գներ են առաջարկում, 210 հազար դրամով կենտրոնից ո՞ւր գնանք... Մարդիկ 100 տարի ապրել են Կոնդում, հիմա եկել եք՝ կոպեկներով ուզում եք հանե՞ք մեզ մեր տներից, մենք ոչ մի գումար չենք ուզում, ուզում ենք ընդամենը մեր համար տներ սարքեն` մի երկու-երեք շենք, մնացածն ինչ ուզում են, թող անեն»։