27.11.2024
Lragir. Հայկական կողմն ունի 3 զոհ
prev Նախորդ նորություն

Վարչապետը ակնկալում է խոշոր բարեփոխումներ սոցիալական ոլորտում

Սոցիալական ոլորտում ակնկալում եմ խոշոր բարեփոխումներ: Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք կբացառեն կոռուպցիան ոլորտում, կբարձրացնեն ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը: Այս մասին կառավարության այս տարվա վերջին նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նշել է, որ պետությունը օգնոթյան ձեռք պետք է մեկնի կարիքավորին, նրան նեցուկ լինի, բայց չստեղծի չաշխատելու համար խթաններ:

«Պետությունը պետք է օգնի անհատին` դուրս գալ դժվարին կացությունից, բայց ոչ սովորեցնի այդ վիճակին: Պետք է մշակել սոցիալական պետական ծրագրերն այնպես, որպեսզի դրանք չբերեն կոռուպցիոն դրսևորումների»,- շեշտել է Կարապետյանը:

Հիշեցնենք, երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանն ու նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը: