24.11.2024
Ադրբեջանի համար կարևոր է՝ չկնքել որևէ թուղթ, քանի որ ագրեսիայի նպատակներ ունի. Հայրապետյան
prev Նախորդ նորություն

Իշխանության աջակիցները Եկեղեցու դեմ նոր սադրանք են ծրագրել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները նոր շարժում են ձեւավորվել՝ «Վարդանանք» անվամբ, ու պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հերթական ակցիան՝ ընդդեմ Վեհափառի, պատրաստվում են իրականացնել փետրվարի 24-ին Էջմիածնի կենտրոնական հրապարակում: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է: Վերջինս, մեր տեղեկություններով, երկար տարիներ ԱՄՆ-ում է բնակվել եւ վերջերս է տեղափոխվել Հայաստան: Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ ակնհայտ է դառնում, որ վերջինս իշխանության ակտիվ աջակից է, Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին գովերգող գրառումներ է ձոնում, ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտնում ու կոչ անում քաղաքացիներին պաստառներով միանալ ընդդեմ Վեհափառի ակցիային: Հակաեկեղեցական նմանատիպ մի տխրահռչակ շարժում ձեւավորվել էր 2018թ.-ին՝ հեղափոխությունից անմիջապես հետո, «Նոր Հայաստան, Նոր հայրապետ» անվամբ, որի նախաձեռնողները կրկին այս իշխանության աջակիցներն էին:


Այս ամենը թերեւս կասկած չի թողնում, որ հակաեկեղեցական շարժումը հստակ ուղղորդվում է իշխանության վերին էշելոնների կողմից: Սա եւս մեկ անգամ գալիս է փաստելու, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հակաեկեղեցական ալիքը աննախադեպ ծավալի է հասել: Թավշյահեղափոխականները չեն խորշում ամեն առիթով ԱԺ ամբիոնից Եկեղեցուն ու Վեհափառին թիրախավորող հայտարարություններ անել: Հակաեկեղեցական այս էպոպեայի գագաթնակետն էլ թերեւս նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն էր. «եթե Եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն լավ չեն Աստծո հետ»: «Ժողովուրդ» օրաթերթը այս անչությամբ դիմեց նաեւ Մայր աթոռ, որտեղից մեզ ասացին՝ ընդդեմ Վեհափառի ակցիայի մասին տեղեկացել են նախաձեռնողների ֆեյսբուքյան էջից: «Միայն կարող եմ ասել, որ այս ամենն անհասկանալի է մեզ համար»,- ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը»։


«Հրապարակ» թերթը գրում է․ Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն` լսել տարեկան հաշվետվությունը: Իսկ օրվա վերջում, հավանաբար հենց նրա հորդորով, ԱԱԾ-ն մի ողորմելի, Ադրբեջանին քծնող հայտարարություն է տարածել, թե` մեզ մի մեղադրեք, որ ականապատ դաշտերի քարտեզները լավ որակի չեն` էդ ա մեր ունեցածը: Եվ խոստացել է առաջիկա օրերին նոր քարտեզներ տրամադրել. «Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու տեղեկատվություններից հետո եւ ի շարունակություն 2023 թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջեւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է՝ շոշափելի քայլեր ձեռնարկել 2 պետությունների միջեւ վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ ԱԱԾ-ն վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ, որոնք առաջիկա օրերին կփոխանցվեն ադրբեջանական կողմին»:


«Հրապարակ» թերթը գրում է․ «Գրել էինք, որ բռնի տեղահանումից շաբաթներ անց Արցախի դատավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ՝ խնդրելով լուծում գտնել, որ Արցախից բռնի տեղահանված դատավորները Հայաստանում կենսաթոշակ ստանան՝ թեկուզ ոչ այն չափով, ինչքան հայաստանյան գործընկերներն են ստանում, բայց ստանան։ Խոսքը 21 դատավորի մասին է, որոնցից 18-ը 10-15 տարվա աշխատանքային փորձ ունի։ Չնայած ԲԴԽ ղեկավարն Արցախի գործընկերներին ընդունել է շատ ջերմ՝ իր սովորույթի համաձայն, խոստացել իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել ու լուծում գտնել, սակայն հանդիպումից հետո անցել է ընդհատակ ու ո՛չ պատասխանում է նրանց զանգերին, ո՛չ ընդունում է նրանց։ Տեղեկացանք, որ Անդրեասյանից հույսները կտրած Արցախի դատավորները փորձել են իրենց խնդրի լուծումը գտնել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի միջոցով, ով, ի դեպ, ՄԻՊ նշանակվելուց հետո առաջին այցելություններից մեկը կատարեց Արցախ, որտեղ նրան շատ ջերմ ընդունելության են արժանացրել: Արցախցի դատավորները դիմել են Անահիտ Մանասյանին` հանդիպման խնդրանքով, սակայն վերջինս «ցրել» է եւ չի ընդունել նրանց, թեեւ շատերի հետ բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի տրամադրվածությունն Արցախի ու արցախցիների նկատմամբ փոխանցվել է նրա կամակատար պաշտոնյաներին, որոնք խուսափում են այս թեմայից եւ մարդկանցից: Բայց եթե ԲԴԽ նախագահը կարող է չինովնիկական լկտիությամբ խուսափել այս հարցից, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տիկինը վաղ թե ուշ ստիպված է լինելու արձագանքել»։


«Հրապարակ» թերթը գրում է․ Ինչպես հայտնի է, անցած տարեվերջին Արցախի խորհրդարանի գաղտնի նիստում ձեւավորվել է Արցախի հարցով միջազգային հանձնախումբ, որն օժտված է խորհրդարանի մանդատով եւ միջազգային կառույցներում ու տարբեր հարթակներում պետք է զբաղվի Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությամբ, հայրենադարձության եւ այլ խնդիրներով։ Մի քանի օր առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ինքն է իրականացնելու այդ հանձնախմբի աշխատանքների համակարգումը։ Մենք պարզեցինք, որ հանձնախմբի աշխատանքներին ներգրավված են նաեւ դաշնակցականներ Մարիո Նալբանդյանը, Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, Արցախի գործող ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Սակայն հանձնախմբի կազմը կարող է էլի համալրվել։ Թե ինչպես է հանձնախումբը գործելու, եւ արդյոք միջազգային կառույցները հաշվի՞ են նստելու Արցախի ԱԺ-ի կողմից ձեւավորված այս միավորի հետ, դեռեւս հայտնի չէ, քանի որ հանձնախմբի կազմը նոր է ձեւավորվել, եւ դեռեւս առաջին քայլերն էլ չեն արվել։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սնանկության դատարանի դատավոր, կաշառք ստանալու գործով դեկտեմբերի վերջերին կալանավորված Տիգրան Փոլադյանն ու ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, մեր տեղեկություններով, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նույն խցում են նստած: Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է այս տարվա հունվարի 14-ին` խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Թեեւ նրա փաստաբանն օրերս մանրակրկիտ ներկայացրել է, թե ինչ դաժան ծեծի է ենթարկվել գեներալը եւ ինչպես է ստիպված եղել ինքնապաշտպանվել: Իսկ դատավոր Տիգրան Փոլադյանը կալանավորվել է դեկտեմբերի 16-ից, նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ: Նրան պաշտպանող փաստաբանական խումբը, որտեղ հիմնականում նրա համակուրսեցիներն են, չգիտես ինչու, խուսափում է հարցազրույցներ տալուց եւ այս գործի մանրամասների մասին խոսելուց:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրաթերթը նախկինում գրել էր, որ բնակարանաշինությունը գտնվում է կոլապսի եզրին։ Ըստ անշարժ գույքի ոլորտի մասնագետների՝ կանխատեսվում է՝ հաջորդ տարի՝ 2024 թվականից, անշարժ գույքի ոլորտում կոլապս է սկսվելու, քանի որ բնակարանաշինության պահանջարկը եւ սպառումը քչանալու են։ Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների՝ բնակարանաշինության համար վերցված հիփոթեքային վարկերի շեմը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը։ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին բնակելի շենքերի գործարկումը, իրականացված շինարարությունը՝ ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Երեւանի, կազմել է 92 մլդ 803 մլն դրամ։ Նման թվային պատկերի հիմնական պատճառը, ըստ Կենտրոնական բանկի, եկամտահարկի վերադարձի օրենքի առկայությունն է։ Տնտեսագետները, որոնք ուսումնասիրել են ՀՀ բնակարանաշինության ոլորտը, կանխատեսում են, որ օրենքի սահմանափակումից հետո, երբ այն գործի մարզերում, թվային այս սանդղակը կարող է նվազել։»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջերս կռվախնձոր դարձած Օղակաձեւ այգու 4-րդ հատվածում գտնվող շինությունների քանդման նախագիծն իր հետ բազում հարցեր է անպատասխան թողել, մասնավորապես՝ թենիսի կորտերի հետ կապված։ Մի շարք հարցեր պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Արարատ» թենիսի ակումբ։ Ըստ նրանց՝ հարցեր կան անպատասխան, մասնավորապես՝ անհասկանալի է, թե համայնքին պատկանող տարածքն ինչպես է հանրային գերակա շահ համարվելու։ «Հատկապես վերջին 2 օրվա ընթացքում մեզ ուղղված հարցերի բնույթից, ուղղվածությունից ձեւավորվում է տպավորություն, որ փորձ է արվում հարցը տանել բոլորովին այլ հարթություն, շեղել հանրության ուշադրությունը: Չենք կարող նշել, թե ինչ է այս ամենի ետեւում թաքցված, սակայն կարող ենք նշել, որ խաղն ազնիվ չի, եւ հանրային գերակա շահ առկա չի, եւ դրա ուղղությամբ մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու»։


Կասկածներ կան, որ համայնքը, թենիսի կորտերը հանրային գերակա շահ ճանաչելով, այն օգտագործելու է այլ նպատակներով, օրինակ՝ մեծ ռեստորանային համալիր է տեղում կառուցվելու։ Ըստ ակումբի՝ խելամիտ տարբերակ, որով ներդրված միլիոնները հետ կվերադառնան, չկա։ «Գեյմ-Սերվիս» ՓԲԸ կողմից վճարված՝ համայնքային սեփականություն հանդիսացող միայն հողի վարձավճարի չափը գերազանցում է տարեկան 8 մլն ՀՀ դրամը: Ըստ ակումբի՝ համայնքապետարանը ԶԼՄ-ներին տրամադրել է կասկածելի, ոչ ստույգ բովանդակությամբ տեղեկանքներ, որը հրապարակել է Factor TV-ին: Ըստ ակումբի տարածած հայտարարության՝ սխալ է նշված նույնիսկ իրենց ընկերության կազմակերպաիրավական տեսակը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ծիրան» սուպերմարկետը այս տարվա սկզբից Պետական եկամուտների կոմիտեի հետ մտել է դատական քաշքշուկի մեջ: Դատելով իրավիճակից՝ «Ծիրան» սուպերմարկետի ղեկավարները անբարեխիղճ աշխատանք են իրականացրել, ինչը ՊԵԿ-ի կողմից արձանագրվել է, եւ ակտ է կազմվել: Իհարկե, պետական մարմնի այս որոշման հետ համամիտ չէ սուպերմարկետի ղեկավարությունը եւ ՊԵԿ-ի որոշումը վիճարկում է դատարանում: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ ՊԵԿ-ը տուգանում է «Ծիրան» սուպերմարկետին՝ անբարեխիղճ աշխատանքի համար, սակայն սուպերմարկետը ՊԵԿ-ի գրեթե բոլոր ակտերը վիճարկում է դատարանում: Մենք կհետեւենք զարգացումներին»։