Այն, որ Ադրբեջանը որևէ «խաղաղության պայմանագիր» չի կնքելու, ինձ համար ակնհայտ էր շատ վաղուց, քանի որ այդ պետության վարած քարոզչությունը ամենօրյա մակարդակով ուսումասիրելը, պետական քաղաքականությունը հասկանալը տվել էր հիմքը նման եզրակացություն անելու համար։ Ժամանակին նույնիսկ պատկերավոր համեմատություն էի անցկացրել «խաղաղության պայմանագրի» ու Ղազարոս Աղայանի «Եղեգնուհին հեքիաթի» միջև։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
"Բայց սա մի կողմ, Ադրբեջանի համար կարևոր է՝ չկնքել որևէ թուղթ, որևէ դրվագում չճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, քանի որ ագրեսիայի նպատակներ ունի, որոնք չի էլ թաքցնում, բայց միևնույն ժամանակ Ալիևը փորձում է հասնել նրան, որ թղթերով ամրագրվի Արցախի ճանաչումը Ադրբեջանի մաս։ Ի վերջո, Փաշինյանը մի օր չի լինելու պետության ղեկավար, Ադրբեջանի հետ համագործակցող ու նրանց պահանջները կատարող իշխանությունները ևս, բայց Ալիևը փորձում է այնպես անել, որ որևէ ապագա իշխանություն որևէ պատմական դրվագում չխոսի Արցախի հանդեպ մեր իրավունքների մասին։
Այս տարվա հունվարի 10-ին Ալիևը իր ելույթով ակնհայտ ցույց տվեց, որ իրական խաղաղության մասին որևէ խոսք չի կարող գնալ, ի պատասխան՝ Փաշինյանը շրջանառության մեջ նետեց Ալիևի պահանջով ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը։ Սրա մասին Ալիևը խոսել (https://lenta.ru/news/2021/09/27/azer_arm/) է դեռ 2021 թվականին։ Կարծում եմ հնարավոր չի չտեսնել, որ ՀՀ իշխանությունները դարձել են գործիք Բաքվի ձեռքին՝ հերթով-կարգով կատարելով Ալիևի բոլոր պահանջները։ Նմանները համաշխարհային պատմության մեջ համարվում են կոլաբորացիոնիստներ։
Ինչևէ, այստեղ կարևորն այն է, որ հայ հանրությունը, որն ավելի կարող է, ունակ, քան թե իշխանության ղեկին գտնվող կոլաբորացիոնիստները, իր դիմադրության բաժինը ցույց տա։
Հայաստանը չի կարող Ադրբեջանի պահանջներով գնալ իր հիմնարար փաստաթղթերի փոփոխության, դրանով միայն Արցախի հանձնումը կամրագրվի, իսկ փոխարենը՝ Ադրբեջանը արդեն շատ ավելի ազատ կլինի Հայաստանի Հանրապետության դեմ իր գործողություններում։ Նույն տրամաբանությամբ վաղը մյուս օր կարող են ասել դրոշը փոխեք կամ գերբը։ Միտքս այն է, որ ինքնիշխանություն տորպեդահարողները դարձել են Բաքվի երազանքների ցուցակի կատարողները՝ դրանով իսկ մեզ զրկելով ինքնիշխանությունից։
Այն, որ Արցախը մեր մեջքն էր ու հենարանը, քննարկումներից վեր է։
Հնարավոր չի չտեսնել, թե ինչ աղետներ բերեց Արցախի հանձնումը։ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը շրջանառության մեջ է դրվել հենց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։ Արդեն փաստ է՝ այս անվերջ զիջումները մեզ միայն մոտեցնում են պատերազմին՝ շատ ավելի վատ պայմաններով։ Իսկ պատերազմը հնարավոր է կանխել՝ խելացի աշխատելու ու մեր շահերի շուրջ միջազգային դերակատարների շրջանում կոմպրոմիսներ ձեռք բերելու դեպքում։
Ադրբեջանը որևէ դեպքում չէր կարող այսքան հաջողել ու նման հանդգնություն ցուցաբերել, եթե Փաշինյանը չլիներ մեր պետության ղեկավարն ու Բաքվի թելադրած պահանջները մեր հանրային տիրույթ բերողը։ Իսկ Փաշինյանին փոխելն ու հետագայում Բաքվին կանգնեցնելը մեր ձեռքին է։ Ուղղակի պետք է ազատվել խեղճության, թուլության քարոզից ու աշխատել՝ բոլոր ճակատներով, միասին, քանի որ սպառնալիքը բոլորինս է՝ անկախ մեր քաղաքական ու ոչ քաղաքական տարակարծություններից․․․":