Դալլաքյան. Սեյրան Օհանյանը պատասխանատվություն չի կրում երկրում ստեղծված ծանրագույն վիճակի համար
Հայաստանը կանգնած է ոչ միայն պետականության, այլև հայրենիքը կորցնելու վտանգի առաջ: Իսկ գործող իշխանության ինքնավերարտադրության ձգտումը ազգային անվտանգությանը սպառնացող թիվ մեկ մարտահրավերն է, որի հաղթահարումը պահանջում է համախմբում: Այս մասին «Երրորդ Հանրապետություն» կուսակցության արտահերթ յոթերորդ համագումարը հայտարարեց կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը:
«Մենք գտնում ենք, որ միայն ժամանակակից մրցունակ պետության կառուցումը կարող է դառնալ երաշխիք, որ Հայաստանը միջազգային ասպարեզում ընկալվի բացառապես սեփական շահերով առաջնորդվող, կայուն, բազմաբևեռ քաղաքականություն իրականացնող ինքնիշխան երկիր»,-ասաց նա:
Նշենք, որ կուսակցության նախագահ Էդուարդ Անտինյանը, ինչպես և հայտարարվել էր, հրաժարական տվեց, իսկ վարչությունը միասնաբար կուսակցության նախագահ ընտրեց Վիկտոր Դալլաքյանին:
Ներկայացնելով կուսակցության ծրագիրը Դալլաքյանը նշեց, որ այն 50 էջանոց է ու դրանում անդրադարձ կա բոլոր օրակարգային խնդիրներին՝ փոքր ու միջին բիզնեսի խթանում, համատարած աղքատության հաղթահարում, արտագաղթի տեմպերի մեղմում և այլն: Կուսակցությունն իր առջև դրել է լուրջ նպատակներ՝ Հայաստանը դարձնել ժամանակակից, մրցունակ պետություն: Բացի այդ, կուսակցության համար առաջնային է նպաստել Լեռնային Ղարաբաղի զարգացմանը, անվտանգությանն ու միջազգային ճանաչմանը.
«Բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղը պետք է հանդես գա որպես լիիրավ կողմ, ինչը բխում է արցախյան հակամարտության բովանդակությունից ու տրամաբանությունից: Դա մեծապես կնպաստի հիմնախնդրի համապարփակ կարգավորմանը: Միաժամանակ մենք կարևորում ենք Հայաստանի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր կարգավորման համատեքստում, քանզի առանց դրա անհնարին է նաև արցախյան հիմնահարցի վերջնական հանգուցալուծումը»,-ասել է Դալլաքյանը:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Դալլաքյանը, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքականությամբ զբաղվելու հայտարարությանը, նշել է, որ վերջինս բացարձակապես պատասխանատվություն չի կրում երկրում ստեղծված ծանրագույն վիճակի համար։ Նրա խոսքով՝ Հայաստանի իրավիճակի գնահատականը տվել է գործող վարչապետը, երբ նշանակվելուց հետո հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում.
«Նշանակում է, որ սա Սերժ Սարգսյանի գործունեության ութ տարվա գնահատականն է: Երկրում ստեղծված ծանր իրավիճակի համար Սեյրան Օհանյանը որևէ պատասխանատվություն չի կրում: Արիլյան պատերազմում նույնպես գործող նախարար Սեյրան Օհանյանը բացարաձակապես մեղք չի ունեցել»,- շեշտել է նա:
Կուսակցության նախագահը վստահություն է հայտնել, որ իրենց համագործակցությունը Օհանյանի չի խաթարվի և առաջիկայում կխորանա: Իսկ ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցությանը, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի հետ, նա նշել է, որ երբ ԲՀԿ նախկին ղեկավարը կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին, այդ ժամանակ ինքն էլ համապատասխան հայտարարությամբ հանդես կգա։
Նշենք, որ Սեյրան Օհանյանը համագումարին չէր մասնակցում: