27.11.2024
Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեց
prev Նախորդ նորություն

Սարգսյան. Էապես փոխվել է Հայաստանի արտաքին տնտեսական միջավայրը

Գործարարության ամենաանհրաժեշտ նախապայմանն է անհատական նախաձեռնությունը: Յուրաքանչյուր գործարարի աշխատանքը պետք է լինի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Հենց այս տրամաբանությամբ է սկսել իր աշխատանքներն արդեն հարյուր օրը բոլորած մեր նոր կառավարությունը: Ապագայի համար մաղթում եմ, որ կառավարության և ձեռներեցների համագործակցությունը ամրապնդվի ավելի բարձր մակարդակի վստահությամբ: Այս մասին Նախագահի նստավայրում Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպված ամանորի ա ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր կառավարությունը հնարավորություն է ընձեռում բոլորիս արդյունավետ համագործակցության նոր հիմքեր դնել՝ հանուն մեր ապագա զարգացման: Այս առումով ես ակնկալում եմ, որ կառավարությունը մատուցելու է որակյալ ծառայություն՝ լինելով ձեր վստահելի գործընկերը»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով, վերջին տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ էապես փոխվել է Հայաստանի արտաքին տնտեսական միջավայրը: Այդ աշխատանքի արդյունքում փոխվել են տնտեսական աճ ապահովող գործոնները: Սակայն, նրա խոսքով, որոշ արտաքին մարտահրավերներ ի հայտ են եկել և զարգացել են շատ ավելի արագ, քան մենք հասցրել ենք դրանց հարմարվել:

«Մի բան ակնհայտ է՝ մեզ անհրաժեշտ է զարգացման արագընթաց աճ: Իսկ դա, իր հերթին, անհրաժեշտ է դարձնում տնտեսական զարգացման նոր շեշտադրումների որդեգրումը: Ռեսուրսների արտաքին ներհոսքի նվազման պայմաններում գերակա է դարձել արտահանման միջոցով տնտեսական աճի խթանումը: Առաջին քայլերն այդ ուղղությամբ արվել են արտահանմանն ուղղված քաղաքականության նախաձեռնմամբ»,- շեշտեց նախագահը:

Անդրադառնալով 2015-2016թթ-ի տվյալներին նա նշեց, որ կարելի է եզրակացնել, որ տնտեսությունն ունի որոշակի ներուժ՝ այդ ուղղությամբ զարգանալու համար: Արտահանման և ներմուծման հարաբերակցության 2016թ-ի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշները թույլ են տալիս պնդելու, որ արտահանումը պետք է լինի այն շարժիչ ուժը, որ կապահովի հետագա արագընթաց տնտեսական աճը:

«Այս ուղղությամբ, սակայն, հարկ է աշխատել, և չապավինել միայն պետության ռեսուրսներին: Կարևորագույն խնդիր է մասնավոր հատվածի ներուժի ամբողջական բացահայտումը՝ կառավարության կողմից որդեգրված պետականի և մասնավորի գործակցության բոլոր հնարավոր ձևաչափերի օգտագործմամբ: Հայաստանի Հանրապետության մուտքը Եվրասիական տնտեսական միություն դյուրացրեց ապրանքների և ծառայությունների շարժն ավելի քան 180 մլն բնակիչ ունեցող շուկայում: Սակայն, չնայած ակնհայտ առաջընթացին, մենք դեռևս շատ անելիք ունենք Հայաստանի արտահանման ներուժն ամբողջովին օգտագործելու համար»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը համոզված է, որ հայ գործարարներն ու պետական մարմինները միասին կարող են լուծումներ գտնել ՀՀ առջև ծառացած խնդիրների համար: Այստեղ ոչ միայն մեր պաշտոնյաների նախանձախնդիր և հետևողական վարքն է անհրաժեշտ, այլ նաև գործարարի ստեղծագործական միտքը: Հարկ է միասին առաջ քաշել նոր գաղափարներ, իրականացնել նոր շուկաների ուսումնասիրություն, ագրեսիվորեն թիրախավորել այդ նոր շուկաները: Այստեղ, ըստ նախագահ Սարգսյանի, թերևս ամենաընդունելին է «ագրեսիվ» բառի օգտագործումը՝ ուրիշ տեղ ագրեսիվությունն օգուտ չի տալիս:

«Օրինակ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդեն ձևավորված դեղամիջոցների միասնական շուկան լայն հնարավորություն է ստեղծում այդ ոլորտի հայկական ձեռնարկությունների՝ հատկապես Պատշաճ արտադրական պրակտիկա ունեցողների համար: Այժմ հարկավոր է, որ մեր արտադրողները խիստ առարկայական, հստակ խնդիրներ բարձրացնեն մեր կառավարության համապատասխան օղակների առջև, որպեսզի վերջիններս էլ աջակցեն հայկական արտադրանքի առաջխաղացմանն այդ ընդհանուր շուկայում: Ասածս կարևոր է ոչ միայն այս ապրանքատեսակի և այս շուկայի համար: Նմանատիպ հեռանկարները և հնարավորությունները բազմաթիվ են, ընդ որում, ոչ միայն ԵԱՏՄ-ում, այլև այլ տարածաշրջաններում»,- շեշտել է նա:

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ կրկնել է՝ առաջնահերթ խնդիրն է ամրապնդել կառավարության և գործարար համայնքի փոխվստահությունը՝ նպաստելով մեր հայրենիքի զարգացմանը: Եվ հավաստիացրել, որ ի դեմս կառավարության յուրաքանչյուր գործարար կգտնի արժանի զրուցակից:
«Հարկ է միասնական ջանքերի համադրմամբ նոր հեռանկարներ բացել մեր երկրի համար: Վստահ եմ, որ գալիք մի քանի տարիները մեզ համար բեկումնային են լինելու: Ես ինքս լավատես եմ և ակնկալում եմ, որ դուք էլ լավատեսությամբ տոգորված աշխատելու եք հանուն մեր ընդհանուր ապագայի»,- վստահություն է հայտնել նախագահը: