24.11.2024
Միջազգային քրեական դատարանում ողջունել են Հռոմի կանոնադրության վավերացումը
prev Նախորդ նորություն

Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր. Պապոյանը՝ դեսպանին

Հայաստանի եւ հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները, որոնք այսօր էլ դինամիկ զարգանում են. ողջունելով Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը:


Անդրադառնալով երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական եւ բազմաթիվ այլ ոլորտներ՝ Գեւորգ Պապոյանն ընդգծել է երկկողմ առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելուն ուղղված ջանքերը: Բարեկամական խմբի ղեկավարը կարեւոր ձեռքբերում է համարել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգումը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ քայլերի արդյունքում առաջիկայում շոշափելի առաջընթաց կարձանագրվի:


Խոսելով ենթակառուցվածքային կարեւոր նշանակության թեմաների մասին` Գեւորգ Պապոյանն ընդգծել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի եւ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը: Նա կարեւորել է Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում Սյունիքի մարզում իրանական ընկերությունների ներգրավումը: Որպես խորհրդարանական եւ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ Գեւորգ Պապոյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի դերը փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում: Նրա խոսքով խորհրդարանական տարբեր ձեւաչափով հարթակները երկկողմ հետաքրքրություն ունեցող բազմաթիվ հարցեր քննարկելու հնարավորություն են ընձեռում:


Գեւորգ Պապոյանը խոսել է նաեւ Իրանում ապրող եւ ստեղծագործող հայ համայնքի մասին, որն ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Նա նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որը հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ու ամրապնդմանը:


«Հայաստանն այսօր գտնվում է պատմության զգայուն ոլորաններում»,- ասել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ խոսքերի համար: Նա ընդգծել է տնտեսական համագործակցության առաջնահերթությունը՝ նշելով, որ քաղաքական հարաբերությունները պետք է հարթեն տնտեսական հարաբերությունների ճանապարհը: Դեսպանը կարեւորել է ենթակառուցվածքների ճիշտ գործարկումը:


Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Գեւորգ Պապոյանը շեշտել է, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի եւ Իրանի որդեգրած քաղաքականությունն ու մոտեցումները հիմնականում համահունչ են: Այս առումով նա կարեւորել է ԻԻՀ հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության հարցում: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք մոտ ապագայում ամրապնդել մեր միջպետական համագործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման»,- նշել է Գեւորգ Պապոյանը:


«Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ»,- նշել է դեսպան Մեհդի Սոբհանին:


Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 11-ին, որին մասնակցել են բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Կարեն Համբարձումյանը, Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը եւ Դավիթ Դանիելյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Գեղամ Նազարյանը, Քրիստինա Վարդանյանը եւ Իրինա Գասպարյանը:


Բարեկամական խմբի անդամները եւս կարեւորել են Իրանի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը: Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, էներգետիկայի, կրթության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: