ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի ելույթը 2023 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ.
"2023 թվականը տնտեսական առումով կարող ենք գնահատել որպես զգալի առաջընթացի տարի: Նախորդ տարիների մեր համատեղ ջանքերի շնորհիվ, ընթացիկ տարում բարձր տնտեսական աճին զուգահեռ ունենք ցածր գնաճ և ֆինանսական կայունության ամրապնդում:
Այսպես, երկու տարի գրանցված բարձր գնաճային միջավայրից հետո, Կենտրոնական բանկը ապահովեց գնաճի ցածր մակարդակ՝ տնտեսության համար նվազագույն ծախսերով: Հենց դրա վկայությունն է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի համադրությունը մեր երկրում: Այս տեսակետից, Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությունը գնահատում ենք ապագային միտված և շրջահայաց: Դեռ 2020 թվականից տոկոսադրույքի բարձրացումը նպատակ ուներ կառավարել արտաքին և ներքին գնաճային երևույթները՝ թույլ չտալով գնաճի երկարաժամկետ բարձրացում: Ներկայումս գրանցված ցածր գնաճը մեզ թույլ է տալիս ընդհանուր առմամբ այս պահին բարձր գնաճի խնդիրը լուծված համարել: Արդյունքում, ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում արդեն Կենտրոնական բանկը սկսեց դրամավարկային քաղաքականության թուլացման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով միջինժամկետ հատվածում գնաճը մոտեցնել 4 տոկոս թիրախային ցուցանիշին: Միևնույն ժամանակ հասարակության շրջանում դեռևս պահպանվում են անորոշությունները և ռիսկերը գնաճային սպասումների վերաբերյալ, ինչը մենք հաշվի ենք առնում մեր որոշումները կայացնելիս:
Կցանկանայի նշել նաև, որ գալիք տարվանից Կենտրոնական բանկն անցնում է Ռիսկերի կառավարման վրա հիմնված դրամավարկային քաղաքականության մոտեցմանը, ինչն ուղղված է անորոշության պարագայում բարձրացնելու դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը և, կարելի է ասել, որ ինստիտուցիոնալ նոր մոտեցում է ավանդաբար պահպանողական համարվող այս ոլորտում: Վերջինիս ներդրման աշխատանքները շուրջ երկու տարի բավականին մեծ նախապատրաստական ջանքեր են պահանջել և արդեն 2024 թվականի սկզբին այս մոտեցումը կներկայացվի առաջատար և զարգացող երկրների կենտրոնական բանկերին և ակադեմիական շրջանակներին: Բովանդակային առումով հիմնական փոփոխությունն այն է, որ դրամավարկային քաղաքականության որոշումները կայացնելիս Կենտրոնական բանկում առաջնորդվելու ենք տարբեր սցենարներ կառուցելով և դիտարկելով, այլ ոչ թե փորձելով կանխատեսել ապագան: Կարծում ենք բոլորդ կհամաձայնեք, որ վերջին տարիների ընթացքում աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած զարգացումները անհնար կլիներ կանխատեսել, որի պարագայում գների կայունության ապահովման խնդիրը ծայրաստիճան բարդանում է: Նման անորոշության պայմաններում մենք վերաձևակերպում ենք դրամավարկային քաղաքականության մոտեցումը՝ կանխատեսումներից անցնելով տարբեր հնարավոր սցենարներին պատրաստվելուն: Հենց այսօր ևս, ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշություններն այնքան մեծ են, որ հնարավոր չէ իրավիճակը նկարագրել մեկ, թեկուզ և ամենահավանական սցենարի տեսքով: Շատ տնտեսագետների գնահատմամբ սա կարևոր նորարարություն է դրամավարկային ոլորտում և մենք վճռական ենք տրամադրված այս կարևոր հանձնառությունը հաջողությամբ ավարտին հասցնելու հարցում:
Ֆինանսական կայունության առումով 2023 թվականի վարած մեր քաղաքականությունը ուղղված էր նախորդ տարվա դրական արդյունքների ամրապնդմանը և ապագա հնարավոր ռիսկերի համար պաշարների ձևավորմանը: Բանկերի շահույթի մի մասը, մեր որոշման համաձայն, ուղղվել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի ձևավորմանը, իսկ հիփոթեքային վարկերի և գրավի հարաբերության կարգավորումը թույլ տվեց զսպել անշարժ գույքի շուկայում ռիսկերի կուտակումը, ինչը, կարծում ենք, դրական է անդրադարձել թե՛ ֆինանսական հատվածի, թե՛ ընդհանուր տնտեսության կայունության վրա:
Կցանկանայի նշել նաև Կենտրոնական բանկի ներքին Վերափոխման նախագծի մասին, որի սկիզբը դրվեց 2023 թվականին: Այս ծրագիրը կոչված է բարելավել Կենտրոնական բանկը որպես կառույց և ապահովել վերջինիս ինստիտուցիոնալ զարգացման հիմքերը գալիք տարիների համար: Այս ծրագրի շրջանակներում վերանայվելու է Կենտրոնական բանկի ամբողջ կառավարման համակարգը՝ որոշումների կայացումից մինչև անձնակազմի կառավարում, նախագծային մոտեցումից մինչև գործընթացների արդյունավետություն: Ծրագրի անկյունաքարը Կենտրոնական բանկի աշխատանքային մշակույթի ամրապնդումն ու զարգացումն է, ինչն իրականում մեր ապագա հաջողության ամենակարևոր գրավականն է: Վստահ եմ, որ արդյունքում կձևավորենք այն ինքնակրթվող և առաջատար կառույցը, որը մեծ նպաստում է ունենալու մեր հասարակության բարեկեցությանը գների և ֆինանսական կայունության ապահովման միջոցով:
Ի վերջո հարկ է նշել, այս տարվա կարևորագույն իրադարձությունը` մեր ազգային արժույթի` դրամի 30-ամյակը, ինչը մեր պետության կարևոր խորհրդանիշներից մեկն է և ևս վկայում է մեր անցած ճանապարհի հաջողության մասին:
Եվս մեկ անգամ իմ ամենաջերմ մաղթանքներն եմ հղում Ձեզ՝ գալիք ամանորի կապակցությամբ: Թող գալիք տարին լինի խաղաղ, արգասաբեր և ձեռքբերումներով լի տարի մեր երկրի և մեր քաղաքացիների համար։
Շնորհավոր 2024 թվական":