25.11.2024
«Երևան» ԲԿ-ի 2 նախկին տնօրենները և գլխավոր հաշվապահը խուսափել են հարկ պետբյուջե վճարելուց
prev Նախորդ նորություն

Անձնագրերի էլեկտրոնային նույնականացման ներդրման նպատակով կներգրավվի մասնավոր գործընկեր

Կառավարությունը նպատակադրել է էլեկտրոնային նույնականացման լուծումներ տրամադրել քաղաքացիներին՝ առանց վերջիններիս կողմից դրանց համար ուղղակի վճարելու: Դա կնպաստի ինչպես ճամփորդական փաստաթղթերի տրամադրման գործընթացի դյուրացմանը, այնպես էլ էլեկտրոնային ամրագրման և ստորագրությունների միջոցով գործարքների իրականացմանը: Միաժամանակ, ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել թվային նույնականացման լուծումների ոլորտում որդեգրել ԵՄ ստանդարտները: Նշված նպատակներն իրագործելու համար պետք է գործարկվեն էլեկտրոնային նույնականացման, հավաստագրման և էլեկտրոնային ստորագրության համակարգեր։ Այդ մասին նախագիծը ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 28-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:


«Ծրագրի իրականացման արդյունքում պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով կներգրավի մասնավոր գործընկեր, որը լավագույն փորձն ու գիտելիքները կներդնի Հայաստանում ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում»,- ասաց Վահե Ղազարյանը:


Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախագծի ռազմավարական նպատակը թվային քաղաքացու կամ քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է, և այստեղ բիոմետրիկ անձնագիրն ունի շատ էական նշանակություն:


«Ի՞նչ է նշանակում թվային քաղաքացի կամ քաղաքացու թվային պրոֆիլ, նշանակում է հետևյալը, որ եթե հիմա մենք ուզում ենք անձին նույնականացնենք ընդունված համակարգերով, փաստաթղթերով, ձևով, ասում ենք՝ ներկայացրեք Ձեր անձնագիրը, մարդը անձնագիրը ներկայացնում է, նայում ենք դեմքին, իրեն և որոշում ենք՝ ինքը այն մա՞րդն է, որը նշված է անձնագրի մեջ, թե՞ ուրիշ մարդ է: Նաև կարող են կասկածներ լինել անձնագրի իսկական կամ ոչ իսկական լինելու վերաբերյալ:


Հիմա մեր գլոբալ և ռազմավարական խնդիրը հետևյալն է, որ երբ մարդը ինտերնետային, թվային հարթակում ներկայանում է պետական մարմիններին կամ ընդհանրապես իրավահարաբերությունների մեջ մտնելիս ներկայանում է որպես այդպիսին, մենք հնարավորություն ունենանք այդ նույն գործողությամբ թվային տարբերակն անել նաև համացանցում, այսինքն՝ թվային տարածքում, և սրա համար բիոմետրիկ անձնագիրը և նույնականացման քարտն ունեն առանցքաին նշանակություն»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դա դեռ առաջին քայլն է, հաջորդ քայլերով պետք է ստեղծել մեխանիզմ, որպեսզի թվային տարածքում մարդուն հնարավոր լինի նույնականացնել:


«Երբ այս նույնականացումը հնարավոր լինի անել, իհարկե, նույն կերպ հնարավոր կլինի անել էլեկտրոնային ստորագրության նույնականացումը, և բոլոր այն գործարքները, որոնք հիմա մենք անում ենք անձնագրի օգտագործմամբ, ֆիզիկական, այսպես ասած՝ կոշտ անձնագրի օգտագործմամբ, մենք այս գործընթացի արդյունքում պետք է հնարավորություն ունենանք իրականացնել ուղղակի մեր տնից կամ հեռախոսից ինտերնետի միջոցով ամենատարբեր գործարքներ»,- ասաց վարչապետը:


Ըստ Փաշինյանի՝ հաջորդ քայլը լինելու է մոբայլ ID-ի ընդունումը և թողարկումը, ինչը նշանակում է, որ գործնականում մարդը նույնականացման քարտ ստանալուց հետո այդ նույնականացման քարտը սկզբունքորեն պետք է պահի տանը, որ չկորչի, իսկ մնացած բոլոր դեպքերում կօգտագործի թվային հավելվածի բջջային տարբերակը, երբ ֆիզիկական նույնականացման անհրաժեշտություն կլինի:


«Իհարկե, կենսաչափական անձնագիրը արդեն որպես ճամփորդական անձնագիր պետք է օգտագործվի բոլոր այն դեպքում, երբ նույնականացման քարտը որպես ճամփորդական փաստաթուղթ օգտագործելու հնարավորություն չկա:


Ուզում եմ հիշեցնել, որ, օրինակ, Վրաստանի սահմանը հատելու պարագայում այսօր էլ բավարար է նույնականացման քարտը, վաղն էլ բավարար կլինի, բայց ենթադրվում է, որ, համենայն դեպս, տեսանելի կարգավորումներով՝ օդանավով կամ այլ երկրներ ճամփորդելու համար, անհրաժեշտ կլինի բիոմետրիկ անձնագիրը»,- ասաց Փաշինյանը:


Վարչապետը հիշեցրեց՝ հարցը մի քանի տարի է՝ քննարկվում է, բայց գործընթացը գերբարդ է: Թվում էր՝ ՀՀ-ում ներդրված էր և՛ նույնականացման քարտերի, և՛ կենսաչափական անձնագրերի համակարգ, բայց, ըստ էության, գործող համակարգերը ժամանակից պայմաններում այլևս ոչ միայն մրցունակ չեն, այլև գործունակ էլ չեն: Այժմ ծրագիրն իրագործելու նպատակով հայտարարվում է թվային համակարգը ստեղծողի մրցույթ:


ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց՝ այսօր անվտանգության տեսանկյունից թվային տեղեկատվությունը պահելու ոչ թե սուբյեկտն է կարևոր, այլ մեխանիզմը, և որ այժմ հիմնական բանավեճը դրա շուրջ է:


«Ունենք տպավորություն, որ եթե պահոցը պետությունն է, ուրեմն դա ապահով է, բայց թվային աշխարհում այլևս չկա այդ դոգման, չի աշխատում: Այսօր շատ կարևոր է, թե ինչ մեխանիզմով է աշխատում կիբեռանվտանգության դեմ պահոցը, այլ ոչ թե՝ ով է այդ պահոցը: Լա՛վ, պետությունն է, հետո՞: Եթե մեխանիզմ չունեցավ, ոչ մի տիպի սուբյեկտ ի վիճակի չի լինի ապահովել անվտանգությունը»,- ասաց փոխվարչապետը:


Փաշինյանը արձագանքեց՝ իհարկե, այս գործում կարևոր է Կառավարության՝ ԲՏԱ-ի, ՆԳՆ-ի, Թվայնացման խորհրդի դերը, բայց միջազգային հուսալի գործընկերոջ առկայությունը ևս մեծապես պիտի նպաստի այս գործընթացին: