26.11.2024
ԼՂՀ ՊՆ. Առաջնագծում տիրող իրավիճակը գտնվում է հայկական ուժերի վերահսկողության ներքո
prev Նախորդ նորություն

Հայաստանի բնակչության 30 տոկոսն ապրում է աղքատության մեջ. Էնֆիաջյան

Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանի բնակչության 30 տոկոսն ապրում է աղքատության մեջ, ՀՀ շուրջ 1 միլիոն քաղաքացի չի համապատասխանում նվազագույն սպառողական զամբյուղի չափանիշներին: Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ նշելով, որ քաղաքակիրթ աշխարհն այսօր ՄԱԿ-ի օրացույցով նշում է աղքատների օգնության միջազգային օրը:

Ըստ պատգամավորի, խնդիրը պետք է դիտարկել երկու ուղղությամբ` օբյեկտիվ ձևավորված գործոններով՝ տնտեսական ոչ բարենպաստ պայմաններ, փակ սահմաններ, ինչպես նաև սուբյեկտիվ, բայց ոչ պակաս կարևոր ու ներքին վտանգ սպառնացող պաշտոնյաների անբարեխիղճ կառավարման գործոնով:

«Իրականում հնարավոր է իրավիճակը մեղմել և փոխել, եթե ստվերում գործող տնտեսվարողները, պետական գումարներն անձնական շահերին կիրառողները, օրենքից իրենց վեր դասող տարատեսակ չինովնիկները բերվեն իրավական դաշտ, իսկ կոռուպցիայի փաստերի հայտնաբերման դեպքում համապատասխան պաշտոնատար անձինք ենթարկվեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության` անկախ նրանց զբաղեցրած դիրքից և պաշտոնից: Հարկավոր է մրցակցային առողջ միջավայր ձևավորել ու սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրական մեխանիզմներ ներդնել»,- վստահ է Էնֆիաջյանը:

Նրա խոսքով, միջազգային ներդրումների համար անհրաժեշտ է ստեղծել օրենսդրական և մաքսային բարենպաստ միջավայր: Եկամուտների անհավասարության և աղքատության հիմնախնդիրները պահանջում են համալիր լուծումներ, և եթե պետական գործիչն իր տեղում լինի, եթե ոլորտային պատասխանատուներն իրենց տեղում լինեն, ապա հնարավոր է իրավիճակը բեկել:

«Խնդիրը պահանջում է պետական՝ համատարած միջամտություն և արդյունավետ քաղաքականություն: Ազգային Ժողովում քննարկումների ժամանակ բազմիցս հայտարարել եմ, որ առկա են էական լծակներ և տնտեսական գործիքակազմեր, որոնց շնորհիվ, եթե ոչ համատարած, ապա գոնե մեծամասամբ, հնարավոր է տնտեսության վատ վիճակը մեղմող քայլեր անել, ոլորտային ուղղություններով աշխատավարձերի բարձրացում իրականացնել: Մեծ հաշվով՝ ցանկության առկայության դեպքում, հնարավոր է և անհրաժեշտ է իրականացնել քայլեր, որոնք թույլ կտան գոնե չունենալ 1 միլիոնից ավել աղքատ՝ դա անթույլատրելի է»,- հավելել է նա: